Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցություն եւ համամասնություն

Մարտ 14,2016 12:00

Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում հիմնական քաղաքական թեման ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիայի թեման է: Քչերին է հասկանալի, թե ինչու ՀՀԿ-ն տրամադրվեց հենց ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել, այլ ոչ թե ԲՀԿ-ի կամ, ասենք, վերստին ՕԵԿ-ի:

Իր առավելություններով ու թերություններով հանդերձ՝ ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, Հայաստանի ամենակազմակերպված ու ամենակուռ կուսակցություններից մեկն է, եթե ոչ՝ ամենակուռն ու ամենակազմակերպվածը: Այդուհանդերձ, ինչքան էլ կուռ ու միասնական, անհնարին է, որ ՀՅԴ-ում էլ անձնական շահեր գոյություն չունենան եւ նույնիսկ չգերիշխեն: Բոլոր դեպքերում Դաշնակցությանը հաջողվում է այնպես անել, որ իրենց ներքին անձնական հարցերը ջրի երես դուրս չգան եւ հասարակության քննության առարկան չդառնան:

Առայժմ հաջողվում է: Մասամբ՝ իհարկե: Քանի որ կոալիցիայի թեման իր մեջ հիմնականում ներառում է կոնկրետ պաշտոնների բաշխման մեխանիզմն ու բովանդակությունը, ապա դժվար է մեր հասարակությանը հեռու պահել այդ գայթակղիչ թեմայից:

Որովհետեւ պաշտոնը Հայաստանում շատ մեծ բան է: Պաշտոնը Հայաստանում ավելի մեծ բան է, քան որեւէ այլ բան: Պաշտոնը Հայաստանում շատ ավելի մեծ բան է, քան որեւէ այլ երկրում: Պաշտոնը Հայաստանում ունեցվածք ու փող է, եւ հետո՝ իշխանություն: Կամ՝ հակառակը. իշխանություն ու հետո՝ փող: Նույնիսկ նրանց համար, ովքեր որոշել ու տրամադրվել են Ստամբուլն արյան ծով դարձնել: Նույնիսկ նրանց համար, ում համար փողը հայրենիքից շատ ցածր բան է, եւ կապիտալիզմն էլ սոցիալիզմից է շատ ցածր:
Չնայած դաշնակցականները սոցիալիզմը գերադասել ու գերադասում են կապիտալիզմից, այդուհանդերձ՝ նրանք ստիպված համակերպվել են ու հետագայում էլ շարունակելու են համակերպվել հայոց նորագույն կապիտալիզմին ու նրա առաջացրած պայմաններին, եւ քանի դեռ համակերպվում են, գերադասում են հնարավորինս հարմար համակերպվել, ավելի ճիշտ՝ հարմարավետ, իսկ դա նշանակում է, որ եթե իրենց չի հաջողվում Հայաստանում սոցիալիստական հեղափոխություն իրականացնել, ապա գոնե պիտի հաջողացնեն կապիտալիզմից առավելագույնս օգտվել եւ էդպես գոյատեւել՝ մինչեւ սոցիալիզմի լիակատար հաղթանակ:

Կարծում եմ՝ հանրապետականների ուզածն էլ առանձնապես այլ բան չէ՝ այն տարբերությամբ, որ հանրապետականները սոցիալիստական եւ ընդհանրապես գաղափարական շեղումներով չեն տառապում եւ ոչ էլ քաղաքական ու գաղափարական ամբիցիաներով են տառապում, ընդ որում՝ շատ պարզ ու հասկանալի պատճառով. դրա կարիքը չունեն: ՀՀԿ-ի քաղաքական տեսադաշտը Գարեգին Նժդեհով սկսվում ու նրանով էլ ավարտվում է եւ ավելին իրենց հարկավոր էլ չէ: Եթե կոալիցիայում գաղափարների պակաս զգացվի, դաշնակցականներն էդ պակասը կլրացնեն, ընդ որում՝ մեծ սիրով, եւ չնայած ժամանակին ՀՅԴ-ի ու Նժդեհի ջրերը մի առվով չեն գնացել, եթե հարկ լինի, կոալիցիայում դաշնակցականները նժդեհականությունն էլ կապահովեն, որպեսզի կոալիցիայի հիմնական ներկայացուցիչները չշեղվեն գործից ու պետականաշինությունից:
Կարեւորն այն է, որ համամասնական ընտրություններ լինեն, եւ համամասնությունը պահպանվի, եւ ամեն պատահական ու ոչ դասական մարդ կամ կուսակցություն չկարողանա սողոսկել քաղաքական դաշտ ու պառլամենտ: Եվ պաշտոնները նույնպես արդարացիորեն ու համամասնորեն բաշխվեն՝ երեք նախարար եւ երկու մարզպետ: Վատագույն դեպքում՝ իհարկե: Իսկ պառլամենտական մանդատներ ինքնըստինքյան կլինեն:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031