Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզալցակայանը կառուցվել է, հետո նոր գազատարն են անցկացրել

Մարտ 14,2016 12:30 Share

Եզնիկ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ Մարգարյան ծննդատանն ու Մաշտոցի պուրակին կից, մի բենզալցակայան է գործում, որն, ըստ տարածքի բնակիչների, կառուցված է գազատարների հարեւանությամբ: Բնակիչները կասկածներ ունեն, որ այսպիսի տեղանքում բենզալցակայանի սեփականատերը դժվար թե թույլտվություն ունենար նման գործունեություն ծավալելու: Մի քանի բնակիչների կարծիքով՝ բենզալցակայանն անհարմար վայրում է՝ բենզալցակայանն ու գազատարը միմյանց կողքի ուղղակի անհամատեղելի են:

«Առավոտ» օրաթերթի թղթակիցը երեկ այցելեց նշված տարածք եւ բենզալցակայանին կից որեւէ գազատար խողովակ չնկատեց: Այդ փողոցով անցնող գազատարը բենզալցակայանից մոտ 15 մետր հեռավորության վրա է:

Benzalcakayan_2

Մեզ հետ զրույցում բենզալցակայանի սեփականատերն ասաց, որ այս բենզալցակայանը նույն հասցեում գործում է մոտ 26 տարի: Այսինքն՝ առաջինը կառուցվել է բենզալցակայանը, հետո՝ հարեւանությամբ, վերջին տարիներին անցկացվել է գազատար խողովակը: Ըստ մեր զրուցակցի՝ գազատար խողովակը տարիներ առաջ անցկացրել է «ՀայՌուսգազարդը», որը տեխնիկական անվտանգության չափորոշիչներով է առաջնորդվում. «Եթե որեւէ խնդիր լիներ անվտանգության հետ, «ՀայՌուսգազարդն» այդ հատվածով խողովակ չէր անցկացնի: Ընդ որում, այդ խողովակները մեր օբյեկտի հետ որեւէ կապ չունեն»:

Benzalcakayan_1

Բենզալցակայանի սեփականատիրոջ խոսքերով՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես օրենքն է սահմանում, պարբերաբար փորձաքննություն է կատարում բենզալցակայանում, քանի որ այն համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ. «Եթե խնդիր լիներ, կենտրոնը երբեք մեզ չէր տա դրական եզրակացություն, այսինքն՝ փորձաքննություններից հետո փաստաթղթերում չէր նշի, որ օբյեկտը համապատասխանում է սահմանված անվտանգության նորմերին: Մենք անվտանգության կանոնները խիստ պահպանում ենք»:

Մեր զրուցակիցը ներկայացրեց նաեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք հաստատում էին իր իսկ ասած խոսքերը, այդ թվում նաեւ օբյեկտի շահագործման թույլտվությունը:
«Մենք կանոնավոր հարկեր ենք վճարում, աշխատատեղեր ենք ստեղծել, հարակից կանաչապատ տարածքն ենք խնամում: Եթե թույլտվություն չունենայինք, ապա հարկեր էլ չէինք վճարի: Ես ձեզ վստահեցնում եմ՝ աշխատում ենք օրենքի սահմաններում»,- ասաց բենզալցակայանի սեփականատերը:

«Առավոտն» այս առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել նաեւ Երեւանի քաղաքապետարանին, որի պարզաբանումը՝ կապված օբյեկտի սեփականության ու շահագործման թույլտվության հետ, կներկայացնենք առաջիկայում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վիգեն says:

    Այգում են գտնվում բենզինի հորերը,և երբ քաղաքացիները ցանկանում են զբոսնել այդ տարածքով կամ երեխաները ցանկանում են խաղալ՝ նրանց վտարում են։

Պատասխանել