Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն ստիպված է լինելու արձագանքել»

Մարտ 17,2016 14:30

Վրաց քաղաքական փորձագետ Գելա Վասաձեն
վերլուծում է աշխարհաքաղաքական իրադարձությունները

Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց ԵՄ պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից միաձայն ընդունված Ռուսաստանին վերաբերող հինգ սկզբունքների մասին: Որոշ ժամանակ հետո միջազգային լրատվամիջոցների գլխավոր լուրերում հայտնվեց՝ Ռուսաստանը դուրս է հանում իր ռազմաօդային ուժերը Սիրիայից: Կապվա՞ծ էին այս իրադարձությունները իրար հետ, եւ ի՞նչ հետեւանքներ կունենան դրանք նաեւ մեր տարածաշրջանում: Aravot.am-ը ներկայացնում է հայացք Թբիլիսիից, այս մասին զրուցել ենք վրաց քաղաքական փորձագետ Գելա Վասաձեի հետ:

«Իրականում Եվրոպական միությունը ոչ մի նոր բան չասաց, պարզապես դրեց ինչ-որ պայմաններ Ռուսաստանի առաջ: Այլ բան է, որ մինչեւ այժմ այդ պայմանները ձեւակերպված չէին, այսօր դրանք ձեւակերպվեցին եւ ձեւակերպվեցին ԵՄ արտաքին հարցերով հանձնակատարի միջոցով»,- ասում է վրացի քաղաքագետը:
Անցնելով ԵՄ հայտարարած սկզբունքների վրայով՝ պարոն Վասաձեն նկատում է, որ առաջին սկզբունքը՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը Ռուսաստանի մասով, անիրականանալի է: «Մինսկի համաձայնագրի իրականացումը կապված է ուկրաինական խնդրի հետ, իսկ այդ հարցը լուծելը անհնար է, որովհետեւ անհնար է Ռուսաստանին վերադարձնել քաղաքակիրթ երկրների շարքը», – ասում է պարոն Վասաձեն:

Նա ուշադրություն է հրավիրում երկրորդ սկզբունքի վրա, որտեղ ամրագրվում է, որ Ռուսաստանը պետք է բարելավի իր հարաբերությունները Արեւելքի եւ հարեւան պետությունների հետ: «Այստեղ խոսքը երեւի ավելի շատ հետխորհրդային պետությունների մասին է, եւ այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն կետին, որ Եվրամիությունը շատ ուշադիր հետեւում է, թե ինչպես է այնտեղ իրեն պահում Ռուսաստանը, ինչը նախկինում, ի դեպ, չէր արել: Եվրամիությունը հետեւելու է, թե ինչ ներքին խնդիրներ է առաջացնում Ռուսաստանը այդ երկրների հետ հարաբերություններում,- ասում է պարոն Վասաձեն եւ ավելացնում,- սա կարեւոր է նաեւ Հայաստանի համար, որովհետեւ գիտենք, թե ինչ լուրջ միջամտություն ունի Ռուսաստանը Հայաստանի ներքին քաղաքականության մեջ: Ես կարծում եմ, որ Եվրամիությունը լիիրավ խաղացող է հետխորհրդային պետություններում, եւ թույլ չի տա, որ Ռուսաստանը այլ պետությունների իրենից կախյալ դարձնի»:

Վրաց քաղաքական փորձագետը նշում է, որ այս պայմաններն են, որոնց կատարման արդյունքում Եվրամիությունը կցանկանա երկխոսության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Նա ասում է, որ հնարավոր է՝ Ռուսաստանը կատարի այդ պայմաններից մի քանիսը, թե այդ դեպքում Եվրամիությունը ինչպես կվարվի՝ դժվար է կանխագուշակել, որովհետեւ գտնվում են ռեալպոլիտիկ իրավիճակում:

«Եվրոպան շատ լավ ձեւակերպել է, թե ինչ է սպասում Ռուսաստանից, եւ անգամ էներգետիկ անվտանգության սպառնալիքները դրա համար են: Էներգետիկ սպառնալիքը միշտ էլ եղել է Եվրոպայի կողմից, բայց այս անգամ հստակ ասվեց, որ այլեւս չեն հանդուրժելու»,- ասում է պարոն Վասաձեն:

Ըստ նրա՝ Եվրամիությունը եւ այլ ինստիտուտներ արդեն հարված հասցրել են Ռուսաստանին: Այժմ Ռուսաստանի տնտեսությունը եւս ծանր վիճակում է հայտնվել, այդ իսկ պատճառով Եվրամիությունը համարում է, որ կարող է Ռուսաստանին իր ուզածը թելադրել: «Այսօր Եվրամիությունը համարում է, որ կարող է իր ուզածը թելադրել՝ հաշվի առնելով նաեւ այն, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ռուսաստանը՝ կապված կիրառվող պատժամիջոցների հետ: Պատժամիջոցները ազդել են, այդ պատճառով Ռուսաստանն ստիպված է լինելու արձագանքել»:

Անդրադառնալով՝ նույն օրվա մյուս կարեւոր իրադարձությանը՝ ռուսական ռազմաօդային ուժերի դուրսբերմանը Սիրիայից, մեր զրուցակիցն ասում է. «Ես չեմ կարծում, որ դրանք իրար հետ կապված են: Շատ այլ վերլուծաբանների նման չեմ մտածում, որոնք ասում են, թե Ռուսաստանի այս քայլն անսպասելի էր: Կարծում եմ, որ Սիրիայի հետ պայմանավորվածությունը եղել է մեկ շաբաթ առաջ, երբ պայմանավորվում էին հրադադարի մասին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ սա եղել է պայմանագրի ամենակարեւոր կետերից մեկը: Ըստ իս՝ սա եղել է պայմանավորվածություն Պուտինի եւ Օբամայի միջեւ, որի մասին հնարավոր է՝ տեղյակ չեն եղել անգամ Ռուսաստանում շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թե ինչ մակարդակի պայմանավորվածություն է դա եղել՝ գիտեն երեւի միայն այդ պետությունների ղեկավարները»,- ասում է պարեն Վասաձեն:

Նա կարծում է, որ ի սկզբանե Ռուսաստանը, որպես պետություն, չպետք է ներգրավվեր սիրիական խնդրում: Խոսելով արդեն երկրի ղեկավարության մասին՝ վրաց փորձագետն ասում է. «Նրանք ունեն այնպիսի չափանիշներ ու պատկերացումներ, որոնք տարբերվում են քաղաքակիրթ աշխարհի ունեցածից, բայց դա արդեն իրենց անձնական ընկալումն է աշխարհի մասին»:

Պարոն Վասաձեն վստահ է՝ ռուսական զորքերի հետբերումը Պուտինի համար լուրջ պարտություն է. «Որովհետեւ չիրականացան դրված նպատակները: Պուտինը Սիրիայում ռազմական ուժեր մտցնելով՝ նպատակ ուներ իր դերը բարձրացնել միջազգային հարթակում, ցանկանում էր, որ իր հետ հաշվի նստեն, իր հետ բանակցություններ վարեն: Բայց նա իր այդ նպատակին չհասավ, եւ ստացավ այն, ինչ ստացավ՝ միայն սառը պատերազմ Եվրոպայի հետ, ուրիշ ոչինչ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Գելա Վասաձեի
ֆեյսբուքյան էջից

 

«Առավոտ» օրաթերթ
16.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ռուսաստանը Սիրիայից դուրս չի գալիս, այլ պարզապէս նվազեցնում է այդտեղ իր ռազմական – երեւելի – ներկայութիւնը:

    Ինչո՞ւ:

    Որովհետեւ մի քանի ամիսների մէջ ան արդէն իրականացուց այդտեղի իր նպատակները՝
    . Պաշարի վարչակարգը փրկել,
    . պէտք եղած դասը տալ Թուրքիոյ,
    . Ռուսաստանը հիմնական դերակատար դարձնել Միջին արեւելքում, ի հեճուկս մասնաւորապէս ԱՄՆ-ի

    եւայլն.

    Այսինք, ռազմական այդ թեթեւացման պատգամն է՝ Ռուսաստանը աւելորդ զինվորներ եւ զինամթերք պահելու պէտք չունի այդ տարածքաշրջանում, քանի գործը արդէն պրծել է, մնացեալը սովորական միջոցներով կը կատարվի:

    Պուտինը մոլորակի տարաքին ճատրակ է խաղում,
    իր դիմացինները՝ ռեգբի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031