Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. «Նոր Հայաստան»-ն առաջիկայում ցույցեր եւ բողոքի ակցիաներ չի կազմակերպի

Ապրիլ 04,2016 15:17

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երեկ հանդես եկավ հայտարարությամբ` մատնանշելով, որ ստեղծված իրավիճակում միաբանություն է անհրաժեշտ:  «Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը չի անում ակնհայտ անհրաժեշտ քայլը, այն է` ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, ինչը սպասելի է եւ տրամաբանական: Նման քրեական ռեժիմները միջազգային հանրության լայն աջակցությունը չեն կարող ունենալ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում, անդրադառնալով  հայտարարությանը, ասաց «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց, որ հաշվի առնելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը` «Նոր Հայաստան»-ն առաջիկայում ցույցեր եւ բողոքի ակցիաներ չի կազմակերպի. «Ընդդիմադիր ուժերը զերծ են մնում բողոքի ակցիաներ անցկացնելուց եւ ներքին քաղաքական դաշտում հարցեր ու խնդիրներ բարձրաձայնելուց, բայց  պատասխանատվությունը մնում է իշխանության ուսերին: Մեր առաջիկա քայլերն են` պահանջել, որպեսզի քաղբանտարկյալներն ազատվեն, իսկ ոչ ծանր հանցագործություն կատարած մարդկանց նկատմամբ համաներում կիրառվի: Սրանք առաջարկներ են իշխանությանը»:

Ղուկասյանն անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի` Ազգային անվտանգության խորհրդի նիստում հնչած` Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու առաջարկին, ասելով. «Դա ավելի թույլ լուծում է, քան ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Բանն այն է, որ նման առաջարկին միջազգային հանրությունը չի կարող աջակցել: Իսկ ճանաչման դեպքում միջազգային հանրությունը կարող է աջակցել` միանալով ճանաչման գործընթացին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930