Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը պատրաստ է կանանց կամավորական ջոկատներ կազմել

Ապրիլ 04,2016 16:01

ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել:

«Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը: Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին: Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը: Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ: Ուստի պատրաստ եմ նախաձեռնել կանանց կամավորական ջոկատների կազմակերպումը: Անդամագրված կանայք նախնական զինվորական պատրաստություն անցնելուց հետո կմեկնեն ռազմի դաշտ եւ կաջակցեն մեր հերոս զինվորներին` զբաղվելով թե բուն ռազմական գործողություններով, թե թիկունքի ապահովմամբ»,- հայտարարեց նա:

Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն առաջարկը գրավոր տեսքով ուղարկել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը, որի համաձայնությունը ստանալուց հետո կհրապարակի կանանց կամավորական ջոկատների ստեղծման նախաձեռնության կազմակերպչական մանրամասները:

Պատգամավորը համոզված է, որ շատ հայ կանայք կմիանան նախաձեռնությանը. «Միայն իմ ջանքերը շատ քիչ են, որպեսզի կարողանանք իրականացնել այս կարեւոր ծրագիրը, ուստի միանալու կոչ եմ անում կին քաղաքական գործիչներին: Մենք կասկածի տակ չենք դնում մեր զինվորի քաջությունը: Մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է, բայց վերջին օրերը ցույց տվեցին, որ այսպիսի նախաձեռնության անհրաժեշտությունը կա: Աղջիկներին պետք է զինվորական պատրաստվածության դասընթացներում ներգրավել: Մենք մարտունակ ենք, բայց պարտավոր ենք ավելի ուժեղ լինել, քաղաքացին էլ` կին, թե տղամարդ, պետք է գիտակցի, որ այս երկրի զավակն է եւ պարտավորություն ունի երկրի հանդեպ»:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով` նախաձեռնությունը կանանց շրջանում խուճապ չի առաջացնի. «Գիտեմ բազմաթիվ կանանց, այդ թվում` դստերս, որոնք պատրաստ են իրենց ծառայությունը մատուցելու մեր երկրին: Ես չափից դուրս լավ կարծիք ունեմ հայ կնոջ մասին. հիշեք Սոսեին, Փառանձեմին, Զարմանդին…»:

Պատգամավորը նաեւ վկայակոչեց Իսրայելին, որը տարիներ շարունակ հակամարտության մեջ է Պաղեստինի հետ: «Իսրայելում չկա մի քաղաքացի, որը նախնական զինվորական պատրաստություն անցած չլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք`Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է, որ իրեն եւս շատ կանայք են դիմում, որպեսզի անդամագրվեն՝ առաջնագիծ գնալու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930