Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Հայ օգնության միության հայտարարությունները

Ապրիլ 04,2016 17:50

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎՐԱ, ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Ապրիլի 1-ին Ադրբեջանի զինուժը նախաձեռնել է լայնամասշտաբ գրոհ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինուժի հարձակումը, որը խախտել է հրադադարի ռեժիմը, և կոչ է անում Եվրոպական Միությանը անվերապահորեն դատապարտել այս նոր հարձակումը: Ադրբեջանի կառավարությունը պետք է վստահ լինի, որ ԵՄ անդամ պետությունները անտարբեր չեն մնա, և որ գրոհը պետք է դադարեցվի: Եվրամիության գործողությունները կարող են ներառել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են առևտրային պատժամիջոցների կիրառում, ֆինանսական ակտիվների սառեցում և համատեղ ծրագրերի չեղարկում` ներառյալ նավթային ենթակառուցվածքները: Ադրբեջանի նավթի 60%-ը արտահանվում է Եվրոպա:

Կազմակերպությունը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, մարդասիրական և խաղաղարար կազմակերպություններին լսելի դարձնել իրենց ձայնը` դատապարտելով այս հարձակումները, որոնք խաթարում են ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Իրաքում, Սիրիայում և Թուրքիայի հարավ-արևելքում հակամարտությունների շարունակական սրման պայմաններում Եվրոպան իր շեմին չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ պատերազմ և պետք է պաշտպանի սեփական շահերից բխող խաղաղությունը և կայունությունն իր անմիջական հարևանությամբ: Հետևաբար անհրաժեշտություն է, որ Եվրոպական Միությունը և դրա անդամ երկրները հստակ դիրքորոշում արտահայտեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում աննախադեպ լարվածության վերաբերյալ և սահմանեն այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն:

Հարգանքներով՝

ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Անցեալ մօտ երկու տարիներու ընթացքին, Ատրբէյջանի զինեալ ուժերուն հետզհետէ սաստկացող յաճախակի յարձակումները Արցախի եւ Հայաստանի սահմանապահ ուժերուն վրայ — նաեւ հայրենի սահմանամերձ գիւղերն ալ ունենալով որպէս թիրախ – կը դառնան աւելի յաճախակի ու վայրագ։

Այս շաբաթավերջին, ծանր հրետանիի, հրասայլերու եւ օդուժի համադրեալ գործողութիւններով, կրկին նախայարձակ հանդիսացան Ատրբէյջանի իշխանութիւնները, վտանգելով զինադադարի, արդէն իսկ տատանող իրավիճակը։ Գոհանանք ըսելով, թէ անոնք, մարդկային թէ նիւթական մե՛ծ վնասներ կրելով, ստացան իրենց արժանի պատասխանը՝ բաղխելով հայկական ուժերու աննկուն դիմադրութեան։
Որպէս Համահայկական միջազգային տարածքով գործունեայ մարդասիրական ու բարեսիրական կազմակերպութիւն, Հայ Օգնութեան Միութիւնը, հիմնուած Միջազգային Կարմիր Խաչի սկզբունքներուն եւ Միացեալ Ազգելու Կազմակերպութեան ընկալած Մարդկային իրաւունքներու յայտարարութեան, ու քաղաքակիրթ մարդկութեան բարոյական ըմբռնումներուն վրայ, չե՛նք կրնար անտարբեր մնալ, ի տես դպրոցական մանուկներու եւ անվնաս ու խաղաղ բնակավայրերու վրայ կատարուող մահասփիւռ ռմբակոծումներուն։

Միաձայնօրէ՛ն կը դատապարտենք Հայ բնակչութեան դէմ ի գործ դրուող այս զինեալ ոտնձգութիւնները որոնց զոհերուն թիւը օր ըստ օրէ կ՚աւելնայ։ Կոչ կ՚ուղղենք բոլոր միջազգային, պետական թէ ո՛չ-պետական մարմիններուն, որ յայտնեն իրենց ընդվզումը՝ ի տես այսօրինակ նպատակադրեա՛լ արիւնահեղութիւններու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930