Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Բալասանյանը կներգրավվի որպես «Հետքի» թղթակից Նարեկ Ալեքսանյանի պաշտպան

Ապրիլ 15,2016 11:57

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 15-ին Նելլի Բաղդասարյանի «Հետքի» թղթակից Նարեկ Ալեքսանյանի (լուսանկարում) եւ Լուսինե Ալեքսանյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Նելլի Բաղդասարյանը հրապարակեց Գրիշա Բալասանյանից ստացված գրությունը: Ըստ որի՝ Գրիշա Բալասանյանը տեղեկացնում է, որ Նարեկ Ալեքսանյանն իրեն լիազորագիր է տրամադրել, որ այս գործի շրջանակներում ներկայացնի իր շահերը: Նա այդ գրությամբ խնդրում է իրեն ներգրավվել որպես մեղադրյալ Նարեկ Ալեքսանյանի պաշտպան: Նա նաեւ խնդրում է դատական նիստը հետաձգել՝ իրեն հնարավորություն ընձեռելով ծանոթանալ գործի նյութերին: Գրիշա Բալասանյանը, սակայն, չէր ներկայացել դատարան, քանի որ նույն ժամին մասնակցում էր մեկ այլ դատական նիստի:

Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ Գրիշա Բալասանյանին դատարանը կներգրավի որպես Նարեկ Ալեքսանյանի պաշտպան հաջորդ դատական նիստին՝ պաշտպանի մասնակցությամբ: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին:

Հիշեցնենք, որ Լուսինե Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 6-ին, Երեւանի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, հանդիսանալով հանձնաժողովի անդամ, տեղեկանալով, որ հորեղբոր որդին` Նարեկ Ալեքսանյանը, ցանկանում է այլ անձի` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն քվեարկել, օժանդակել է նրան այդ հարցում: Բացի այդ, Լուսինե Ալեքսանյանն իմանալով, որ իր հորեղբոր որդի Արեգ Ալեքսանյանը գտնվում է ՌԴ-ում եւ քվեարկությանը չի մասնակցելու, վերջինիս անվան դիմաց լրացրել է պատահական անձնագրային տվյալ եւ ստորագրել, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Իսկ Նարեկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ գալով Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամաս եւ տեսնելով, որ նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում իր փոխարեն այլ անձ արդեն ստորագրել եւ քվեարկել է, զանգահարել է իր հորեղբորը` Գերասիմ Ալեքսանյանին եւ տեղեկանալով, որ վերջինս քվեարկության չի մասնակցելու, թիվ 8/31 ընտրական տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Ալեքսանյանի օժանդակությամբ, քվեարկությանը մասնակցելու համար նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ստորագրել է այլ անձի` հորեղբոր` Գերասիմ Ալեքսանյանի փոխարեն, վերջինիս անվան դիմաց, ստացել է քվեաթերթիկ եւ կատարել է քվեարկություն:

Նկատենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննվում է մեկ այլ գործ: Այդ գործով Վեներա Թորոսյանը մեղադրվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930