Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Չեխիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի փոխնախագահներին

Ապրիլ 23,2016 11:00

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախին եւ Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Գագիկ Մելիքյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է չեխական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին եւ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին: Նա հույս է հայտնել, որ շուտով Չեխիայի խորհրդարանը կընդունի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դատապարտումը կանխարգելման լավագույն ձեւն է: Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում նշել է, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Ցեղասպանությունը, այլեւ միակ երկիրն է, որ շրջափակման մեջ պահելով Հայաստանը՝ խրախուսում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել ծերունիներ, սպանվել է երեխա, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում կովկասյան թուրքերը ոչինչ չեն սովորել, սակայն ոչինչ չեն մոռացել:

Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշել է, որ քանի դեռ քաղաքակիրթ մարդկությունը չի դատապարտել Ցեղասպանությունը, այսպիսի հանցագործությունները պիտի կրկնվեն: ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ եկել է ժամանակը, երբ Եվրոպան պիտի հստակ ասի իր խոսքը՝ ընտրություն կատարելով գաղափարականի եւ նյութականի միջեւ: Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ հաղթում է նա, ով մարտնչում է անկախության եւ իր հայրենիքի ազատության համար: Իսկ արցախցիները ծնվել են ազատ եւ անկախ ապրելու համար:

Չեխ գործընկերների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հրադադարի պայմաններում անգամ կան նոր զոհեր:

Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Չեխիան եւ Հայաստանը պատմական նույն փորձառությունն ունեն. ֆաշիստների կողմից Չեխիայում իրականացված սպանդն այլ կերպ, քան ցեղասպանություն չես անվանի: Զդենեկ Շկրոմախի խոսքով՝ խնդիրը մոտեցման մեջ է, եւ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ պետություն, պետք է իր մոտեցումն ունենա: Ինչքան էլ որ դժվար է գտնել մոտեցումը, պարզ է, որ խոսքը Ցեղասպանության մասին է:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկն իր խոսքում նշել է, որ հետեւում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին եւ ցավում է թե՛ զոհված զինվորականների, թե՛ խաղաղ բնակիչների համար: Նա նշել է, որ տեսել է զոհերի եւ այն զենքերի լուսանկարները, որոնք կիրառվել են այդ օրերին: Յան Բարտոշեկը վերհաստատել է, որ Չեխիան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի խոսքով՝ իրադարձության վերաբերյալ ճիշտ բառը չօգտագործելիս իրավիճակը կրկնվում է բացասական առումով: Ըստ Յան Բարտոշեկի՝ այն, ինչ կատարվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկ դար առաջ, չի անվանվել ճիշտ բառով, սակայն քիչ չեն այն երկրները, որոնք ընդունել եւ դատապարտել են Ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ գուցե եկել է ժամանակը, որ Չեխիան ունենա իր հստակ դիրքորոշումն այդ հարցում:

Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Չեխիայի խորհրդարանի երկու պալատների փոխնախագահներն այցելել են Եռաբլուր պանթեոն:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930