Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը փորձում էր համոզել, որ Հայաստանը Ռուսաստանի համար շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր. «Կոմերսանտ»

Ապրիլ 23,2016 11:12

Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն անդրադարձ է կատարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցելությանը՝ նշելով, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի բուն նպատակը հայկական կողմին համոզելն էր, որ չնայած ԼՂՀ հակամարտության հարցում ՌԴ որդեգրած ցուցադրական չեզոքությանն ու Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, Հայաստանը Ռուսաստանի համար շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր։

Lavrov 3 Lavrov 2

Ռուսական լրատվամիջոցի հոդվածում նշվում է, որ Լավրովն ամենայն պատասխանատվությամբ և ուշադրությամբ էր վերաբերվում պաշտոնական այցի մեկնարկին կազմակերպված այցելությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ ՌԴ ԱԳ նախարարը, հստակ իմանալով, որ Հայոց ցեղասպանության հարցը բավական նուրբ է հայերիս համար, անընդհատ հարցեր էր տալիս թանգարանում կազմակերպված էքսկուրսիայի ժամանակ, չնայած, որ 2007-ին արդեն եղել էր այդտեղ։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Երևան կատարած այցի վերաբերյալ անդրադարձում նշվում է, որ ակնհայտ էին այն ուղերձները, որ բերել էր իր հետ Լավրովը։ Դրանք էին՝ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, շփման գծի անվտանգության և այնտեղ գրանցված պատահարների հետաքննության անցկացման ու բացահայտման անհրաժեշտությունը, որը վստահության մթնոլորտ կստեղծի, ինչպես նաև պնդումն այն մասին, թե հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և ցանկացած այլ ձևաչափ չի կարող վայելել կողմերի վստահությունն ու օգնել հակամարտության կարգավորմանը։Lavrov 4 Lavrov 5

Ռուսական լրատվամիջոցի զրուցակիցը, որը եղել է Լավրովի՝ Հայաստան կատարած պատվիրակության կազմում, նշել է, որ ակտիվ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ, որովհետև հենց ադրբեջանցիների պատճառով 2011թ. ձախողվեց այն պայմանավորվածությունների իրականացումը, որը ձեռք էր բերվել ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում՝ ՌԴ նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ։

Նույն անդրադարձում հիշատակվող մեկ այլ աղբյուր, որը, ռուսական լրատվամիջոցի պնդմամբ, մոտ է կանգնած ԵԱՀԿ Մինսկի խմբին, նշել է, որ առաջարկվող փոխզիջումային տարբերակը այժմ հետևյալն է՝ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 5-ը, Ադրբեջանը վերացնում է Հայաստանի հանդեպ շրջափակումը, Լեռնային Ղարաբաղին տրամադրվում է ժամանակավոր կարգավիճակ, որը երաշխավորում է նրա ինքնակառավարումն ու անվտանգությունը, իսկ հանրաքվեի մասին խնդիրը և Ղարաբաղի ու հարակից երկու շրջանների հետագա կարգավիճակի հարցը հետաձգվում է։ Առաջարկվող այս տարբերակում, նախատեսվում է նաև խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում։

Հոդվածի վերջում ռուսական լրատվամիջոցը նշում է նաև, որ Լավրովի այցի կապակցությամբ Երևանում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Այս թեմայի մասին, ըստ ռուսական լրատվամիջոցի, արտահայտվել է նաև պաշտոնական Երևանին մոտ կանգնած «Կոմերսանտի» աղբյուրը, նշելով, որ ակցիաները բազմամարդ չէին և, հնարավոր է, կազմակերպվել էին արտաքին ուժերի դրդմամբ՝ որպեսզի ստվեր գցեն հայ-ռուսական հարաբերությունների վրա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930