Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը Արցախ անհանգստացրել է արցախցիներին

Մայիս 04,2016 21:15

Արցախում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը մտահոգություններ է առաջացրել: Այս մասին Aravot.am-ին ասաց «Ազգային վերածնունդ»  կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի այցի հետ կապված անհանգստություններ կան՝ հաշվի առնելով , որ Տեր-Պետրոսյանը մշտապես հրապարակայնորեն պարտվողական տեսակետի կողմնակից է եղել, այնուամենայնիվ, որեւէ խնդիր չեմ տեսնում այդ հանդիպման մեջ»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ըստ նրա, Լավրովի առաջարկների փաթեթը կամ մադրիդյան սկզբունքները արդիական չեն՝ ազատագրված տարածքներ վերադարձնելու համատեքստում. «Արցախի բոլոր քաղաքական ուժերը հստակ արտահայտվեցին տարբեր հարցերի շուրջ, Արցախի կողմից այդ հարցը հստակ արտահայտվեց ու նման պարագայում անհնար եմ համարում որեւէ առաջարկի կամ սկզբունքի արդիական դառնալը»:

Անդրադառնալով լուրերին, որ ադրբեջանական կողմն աննախադեպ կուտակումներ է սկսել սահմանին, պարոն Խանումյանն ասաց. «Երկու կողմերն էլ հնարավորինս զգոն են ու հնարավորինս շատ զինտեխնիկա են կուտակում սահմանին:

Ադրբեջանը համարժեք պատասխան ստանում է, նույնիսկ հարձակման դեպքում յոթ անգամ ավելի շատ զոհ է տալիս, քան մենք պաշտպանությունում, դա նորմայից բարձր է ու Ադրբեջանին կստիպի մտածել գործողություններ սկսելուց առաջ»:

Մայիսի ութին լայնամասշտաբ գործողություններ սկսելու ադրբեջանական կողմի մտադրության մասին կանխատեսումներ անողներին էլ պարոն Խանումյանը խորհուրդ տվեց սիմվոլիկ թվերի հետեւից չընկնել. «Կարծում եմ, որ սիմվոլիկ թվերի հետեւից ընկնել պետք չէ: Պետք է նայել իրողություններին, եթե զենքերի կուտակում կա, բնական է, որ հարձակումը հնարավոր է, բայց այնպես չէ, որ ադրբեջանական սահմանում զենքի կուտակում կա, իսկ Արցախի սահմանը բաց է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031