Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Պիտի ամաչի իշխանությունը, որ հիմա իրենք միլիոնները դիզած նստած են, ժողովուրդն է փող հավաքում»

Մայիս 05,2016 15:20

Երեկ Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկ Աղավնի Սահակյանն (լուսանկարում) Ազատության հրապարակում հանգանակություն էր հավաքում՝ Արցախում կռվող զինվորների եւ նրանց ընտանիքների համար:

«Առավոտի» հետ զրույցում նա նեղսրտեց, թե ինչպես է աղքատ բնակչությունը իր չունեցածից բաժին հանում զինվորի համար, 100-200 դրամ է ուղարկում, իսկ պաշտոնյաները «ժանտախտի մեջ խնջույք են անում»:

Նրա խոսքերով՝ «Պիտի ամաչի իշխանությունը, ղեկավարությունը, որ հիմա իրենք միլիոնները դիզած նստած են, դեռ մտածում են՝ ոնց անենք, որ յուրացնենք, ժողովուրդն է փող հավաքում: Եթե Հերմինե Նաղդալյան կոչվածը հասել է էն աստիճանի, որ  ԱԺ -ում ասում է, որ 5 շրջանը պետք է տանք, Հերմինե՛ Նաղդալյան, դու հողի արժեքը գիտե՞ս, դու արյո՞ւն ես թափել էդ հողի վրա: Հիմա Հերմինե Նաղդալյանը թող սակարկի իր հանքերը, իր հանքերից ստացած եկամուտները, ինքը իրավունք չունի հող սակարկելու, ո՞վ է ինքը, գիտի՞ ինքը հողի արժեքը:Ցանկացած իշխանավոր միլիոններ ունի, ինչքան էլ քիչ ունենան՝ հո ժողովրդից շատ ունեն»:

Ըստ ազատամարտիկի՝ քանի կար՝ ՀՀԿ-ականները չէին խոսում, հենց Սերժ Սարգսյանն ասաց՝ ինչի՞ չեք խոսում, երբ մեզ քննադատում են՝ «արդեն բլբուլ կտրեցին», սկսեցին խոսել. «Հող ծախողներով հավաքվել են այնտեղ: Աղվան Վարդանյանն էլ լավ էլ կապկում է իշխանությունների բառապաշարը՝ մի թիզ էս կողմ, մի թիզ էն կողմ, բայց ավելի երկար, խաղաղ կապրենք: Անարժանապատիվ, հողդ հանձնած թշնամուն քեզ համար երկար ու խաղաղ ապրել է,  հա՞: Դու հաղթող ժողովուրդ ես, դու ի՞նչ իրավունք ունես, հողդ տվել ես ու հանգիստ նստե՞լ ես, ինչի՞ն ես սպասում, գնայիր  առաջ: Մեկ է, էլի էդ երեխեքը զոհվում են, չէ՞ ամեն օր: Էս 25 տարի է ՝ մաղվում ենք, զոհվում են մարդիկ»:

Աղավնի Սահակյանը նաեւ քննադատեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումները. «Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչի՞ է գնացել Արցախ, դրանով ի՞նչ արեց»:

Մեր դիտարկմանը, որ դա համախմբման մասին է խոսում, զինվորի ոգին է ամրապնդում՝ ազատամարտիկը հակադարձեց. «Զինվորի ի՞նչը համախմբվեց: Քանի կար՝ Սերժ Սարգսյանը մոնղոլ-թաթար էր, ավազակապետ էին իշխանությունները, հիմա ի՞նչ պատահեց, ինչի՞ն է միացել: Միացել է, որ խորհո՞ւրդ տա, թե ոնց անեն, որ հողերը վաճառեն: Թող Լեւոն Տեր-Պետրոսյանը դրանով չամրապնդի, թող զենք առնի, զինվորի հոգսը հոգա: Իր այնտեղ գալով՝ զինվորը չի ամրապնդվում: Ամրապնդվում է, երբ ազատամարտիկը այնտեղ է գնում, ոչ թե, որ ճաղերի հետեւում են պահում: Վոլոդյա Ավետիսյանը, որ պետք է գնար կռվեր, հիմա ճաղերի հետեւում է: Գեւորգ Սաֆարյանն ի՞նչ էր արել: Հանցագործները վխտում են ազատության մեջ, իսկ այդ մարդիկ այնտեղ են, այդ մարդկանց ազատեք, թող գնան իրենց հայրենիքը պաշտպանեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031