Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք սուտ մատնություն են արել, թե սրճարանի տերն իրենց մարիխուանա է հյուրասիրել

Մայիս 06,2016 18:14

2015թ. նոյեմբերի 4-ին Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակչուհիներ , 1988թ. ծնված Մերի Մարտիրոսյանը և 1975թ. ծնված Սիլվա Բաղրամյանը ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Հովհաննես Վարդապետյանը նույն գյուղում գտնվող, նրան պատկանող սրճարանում իրենց հյուրասիրել է ծխելու միջոցով օգտագործվող, մարիխուանա տեսակի թմրամիջոց:

2016թ. մարտի 16-ին Սիլվա Բաղրամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձին մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ, կատարել է սուտ մատնություն:

Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը՝ Ս. Բաղրամյանը խնդրել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, այդ միջնորդությունը բավարարվել է: 2016թ. ապրիլի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս. Բաղրամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով:

Մերի Մարտիրոսյանի դատավարությունն ընթացել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: Մ.Մարտիրոսյանը եւս դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, այդ միջնորդությունը բավարարվել է: Դատարանը նրա պատասխանատվությունը եւ պատժը որոշելիս հաշվի է առնել այն, որ նա նախկինում արատավորված չէ, բնութագրվում է դրականորեն, խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երկու երեխաներ, հղի է, հաշտվել է տուժող Հովհաննես Վարդապետյանի հետ, վերջինս խնդրել է նրա նկատմամբ մեղմ վերաբերվել:

Ապրիլի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Մերի Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրան դատապարտել ազատազրկման մեկ տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031