Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը դառնում է մանրադրամ

Մայիս 07,2016 17:00

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ եթե ճանաչման հարց կա, ապա քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, պետք է այդ հարցը բարձրացներ:

Արցախի անկախությունը պաշտոնական Երեւանը տեսնում է նախ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխգործակցության մասին համաձայնագրի կնքմամբ, ինչի մասին ապրիլի քառօրյա պատերազմի օրերին` ամսի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատկան գերատեսչություններին առաջարկելով համապատասխան փաստաթղթերը պատրաստել: Ի՞նչ փուլում են այդ փաստաթղթերը` հարցին այս օրերի ընթացքում իշխանության տարբեր ներկայացուցիչներ պատասխանում են, որ ամեն ինչ ընթացքի մեջ է, պատշաճ կազմակերպվում է եւ անհրաժեշտ պահին կներկայացվի: Թե ո՞րն է պահը, նրանք, բնականաբար, չգիտեն, թեեւ փորձում են տարբեր խելոք-խելոք բաներ ասել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Հայաստանն առնվազն երկու անգամ բաց է թողել ԼՂՀ անկախությունը ճանաչելու պատեհ պահը: Առաջին անգամ 1991 թվականին, երբ Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, ապա` 1994 թվականին, երբ հրադադար կնքվեց, մանավանդ, որ հրադադարի փաստաթղթի տակ կա նաեւ ԼՂՀ ստորագրությունը: Ըստ իրավապաշտպանի՝ այդ ստորագրության գոյությունը փաստաթղթի տակ ուղղակիորեն խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունն էլ, Ադրբեջանն էլ «կողմնակիորեն ճանաչեցին» ԼՂՀ-ի անկախությունը: «Այդ ժամանակ, սակայն, ՀՀ իշխանությունները չհամարձակվեցին դա անել, եւ, իմ կարծիքով, պահը երկար ժամանակ կորսվեց: Ապրիլյան քառօրյա լայնածավալ հարձակումից հետո ես դժվարանում եմ ասել` իսկապե՞ս ժամանակն էր ճանաչել ԼՂՀ անկախությունը: Գուցե ժամանակն էր, գուցե պահը դեռ չի անցել: Բայց մի կարեւոր բայց կա. իմանալով Հայաստանի ներքաղաքական կյանքը՝ առհասարակ ցանկացած պետության մեջ նման դեպքերում քաղաքական մեծամասնությունն է պատասխանատվությունն իր վրա վերցնում: Եթե ճանաչման հարց կա, ապա քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, պետք է այդ հարցը բարձրացներ: Այդ դեպքում, բնականաբար, դրան կողմնակից կլիներ նաեւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը` նախագահի գլխավորությամբ»,- ասում է Ավետիք Իշխանյանը:

Վերջին երկու օրերին ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը կրկին քննարկումների կարեւորագույն թեման էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Զարուհի Փոստանջյանը նախագիծ էին ներկայացրել` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»: Երեկ կառավարությունը քննարկեց նախագիծը, բայց հավանություն տվեց նախագծի վերաբերյալ սեփական եզրակացությանը. «Նախագծի ընդունումը ՀՀ կառավարությունը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ՝ արտաքին գործոնները»։ Նախաձեռնությունը ներկայացրել են երկու ընդդիմադիր պատգամավոր, եւ կառավարությունն էլ նախաձեռնության վերաբերյալ իր կարծիքը ներկայացրեց դիվանագիտական «խուճուճ» ձեւակերպումներով. «Կառավարությունը հավանություն է տվել ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը», «Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը»: Այս առթիվ Ավետիք Իշխանյանը նկատում է. «Ես բացառում եմ, որ սա իշխանության մոտ կարող է բարի կամքի արտահայտություն լինել, որ ընդդիմության կողմից բարձրացված հարցը դրական եզրակացության արժանանա եւ խորհրդարանում ընդունվի:

Ավելի հնարավոր եմ համարում, որ հարցը դրվի քննարկման, այսպես կոչված` սպառնալիքի փորձ տեսանկյունով: Բայց դա, իմ կարծիքով, բավականին ծիծաղելի կլինի: Ի վերջո՝ ո՞ւմ համար է այդ փորձն արվում: Եթե ներքին լսարանի` բոլորովին իմաստ չունի: Արտաքին լսարանի համար ամեն ինչ շատ պարզ է»: Նախագիծը 30-օրյա ժամկետում պետք է քննարկվի գլխադասային հանձնաժողովում` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: ԱԺ կանոնակարգը թույլատրում է ընդունել երեք որոշումներից մեկը՝ նախագիծն ընդգրկել օրակարգ, հետաձգել կամ մերժել: Ուշագրավ է, որ երեկ ՀՀԿ-ն ներկայացնող տարբեր գործիչներ իրենց հարցազրույցներում հորդորում էին Հրանտ Բագրատյանին եւ Զարուհի Փոստանջյանին ետ վերցնել նախագիծը: «Մենք մշտապես էլ նշել ենք, որ դա պայմանավորված է նաեւ հետագա զարգացումներով: Ես չեմ կարծում, որ որեւէ մի հայ մարդ դեմ կլինի Արցախի անկախության ճանաչմանը, բայց այս գործոնները դոմինանտ են: Այսինքն` այս ամբողջը պայմանավորված է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները եւ արտաքին գործոնները»,- ասել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը Հայաստանի կառավարության կողմից քննարկելու առթիվ տեսակետ չհայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, բայց արձագանքեց ՌԴ-ն: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է, որ Երեւանը վստահեցրել է` տարածաշրջանի կարգավիճակը միակողմանի չի որոշվելու. «Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա խորհրդարանի երկու անդամների առաջարկությունն է: Եվ Հայաստանի կառավարությունը, նրանց օրենքներով, ինչպես նրանք բոլորին բացատրել են՝ կրքերը հանդարտեցնելով՝ պետք է օրինագծի լուծում նախապատրաստի: Ես այս պահին ահազանգ չէի հնչեցնի եւ խուճապի չէի մատնվի»: ՌԴ արտգործնախարարի հրապարակային անդրադարձը մեր զրուցակիցը բացատրում է Ադրբեջանի անհանգստությունների փարատմամբ. «Ադրբեջանական կողմն անհանգստանում է երեւի՝ մտածելով, որ դա ինչ-որ ուժերի հետ համաձայնեցված է: Կարծում եմ՝ ադրբեջանական այդ ցասումը հանդարտեցնելու մասին է Լավրովը հայտարարություն արել: Բայց չեմ էլ կարծում, որ իր ասածը ճիշտ չէ, որ Լավրովը ոչ ճիշտ տեղեկություն կտար այդ մասին: Ուրեմն նրան իսկապես հավաստիացրել են: Ինչ վերաբերում է մյուս համանախագահներին, կարծում եմ՝ նրանք լուրջ չեն ընդունում»:

«Առավոտի» դիտարկմանը, որ մեզ համար այս կարեւորագույն եւ բավական նուրբ հարցը, որին տարիներ շարունակ բավական զգուշավորությամբ եւ խնամքով ենք փորձել վերաբերվել, փաստորեն, մեղմ ասած, մանրադրամ դարձավ, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ձեր դիտարկման հետ միանգամայն համաձայն եմ»: Մինչդեռ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ ողջունել էր նախագիծը խորհրդարան ուղարկելու ՀՀ կառավարության որոշումը` ասելով, որ դա շատ կարեւոր քայլ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար, ինչպես նաեւ գրեթե փակուղում գտնվող բանակցային գործընթացը վերակենդանացնելու համար: Ավետիք Իշխանյանը տարակուսանքով է վերաբերվում այս ամենին եւ ասում է` Հայաստանը կամ ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը, կամ չի ճանաչում: Կիսաքայլ չի լինում, դա անլուրջ է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031