Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում «լավ շնչել եւ արտաշնչել» են. դեռ մի բան էլ ավելի

Հունիս 09,2016 18:30

Վարդան Բոստանջյանը հասկանում է խոշոր տնտեսվարողների անհարմարությունները, բայց դրանք տնտեսական անկման հիմք չի համարում

«Տնտեսական ակտիվացման համար մենք հիմքեր ունենք. բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական ցուցանիշները դա թույլ են տալիս: Ես չեմ ասում, թե շատ ընդգծված զարգացման միտումներ են, բայց այդ հնարավորությունները կան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա տեսնում է, որ տնտեսական ակտիվության շարժ գրանցելու հեռանկարները բավական դրական միտում ունեն: Պատճառները դեռ լավ չի ուսումնասիրել: Նա ասում է՝ հնարավոր է նաեւ, որ ապրիլյան քառօրյա պատերազմն է իր որոշակի ազդեցությունն ունեցել:

Հիշեցնենք. ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Գնաճի հաշվետվությունը, որում որոշակիորեն անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսական աճի միտումներին: Մասնավորապես, երկրի գլխավոր դրամատան վերլուծությունների համաձայն՝ 2016 թվականին կարձանագրվի շուրջ 2.7-3.6%-անոց տնտեսական աճ: Այս ցուցանիշը 2016-ի համար հնչեցրած ամենալավատեսական ցուցանիշն է: Տարեսկզբին թե կառավարությունը, թե միջազգային կառույցները՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Հայաստանի համար կանխատեսել էին 2%-անոց տնտեսական աճ: Դեռ տարեսկզբին Վարդան Բոստանջյանն էլ բավական պատկերավոր էր խոսում տնտեսական աճի միտումների մասին` ասելով, որ եթե «լավ շնչեն ու արտաշնչեն», 2,2 տոկոս աճ կարձանագրվի: Իսկ ավելի իրատեսական հարթությունում տնտեսագետը նկատում է` նորմալ գործունեություն ապահովելու պարագայում 3,5-4 տոկոս աճ պետք է արձանագրվի: Մեր երկրի պարագայում փոքր-ինչ դրական շարժը, տնտեսագետի գնահատմամբ, բերում է դրական տեղաշարժեր: Ուստի ԿԲ-ի մոտեցումները մեր զրուցակցին վստահություն ներշնչում են:

Համեմատելով 2015 թվականի նույն ժամանակաշրջանի տնտեսական ակտիվության ցուցանիշների հետ՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ արձանագրում է` 2016 թվականը մեր տնտեսությունը հուսադրող ցուցանիշներով է մեկնարկել. «Թե արտահանման, առանձին ճյուղերի թողարկման աճի առումով այս տարի որոշակի դրական տեղաշարժեր կային: Թերեւս այս հանգամանքով նաեւ կարելի է բացատրել տնտեսական աճի առավել բարձր ցուցանիշի կանխատեսումը: Բացի այդ, պետք է փաստել նաեւ, որ արտաքին միջավայրում եւս որոշակի դրական միտումներ են նկատվում: Հատկապես կարեւոր է Ռուսաստանի տնտեսության անկման տեմպերի էապես դանդաղումը եւ ռուսական ռուբլու փոխարժեքի հարաբերական կայունացումը, որն անշուշտ դրական ազդակներ կհաղորդի նաեւ մեր տնտեսությանը՝ առավելապես եկող մասնավոր տրանսֆերտների ծավալների ավելացմամբ պայմանավորված ներքին սպառման աճով: Եվ վերջապես կառավարության արտահանման խթանման ծրագիրն ու դրան միտված քայլերը դրական արդյունքներ են տալիս մեր տնտեսությանը: Արտահանման ծավալների աճն ու արտահանում-ներմուծում հարաբերակցության աստիճանական փոփոխությունը տնտեսությանը զարգացման դրական ազդակներ են փոխանցում, ինչն արտացոլվում է տնտեսական աճի առավել բարձր տեմպերի կանխատեսումներում»:

Խոշոր տնտեսվարող սուբյեկտները դժգոհություններ են արտահայտում, վերջերս նաեւ հրապարակային՝ «Առավոտի» դիտարկմանը Վարդան Բոստանջյանն ասաց, որ դա դեռեւս տնտեսական անկման հեռանկարի ցուցանիշ չի համարում: Ավելին, հատկապես խոշոր տնտեսվարողների համար, ըստ տնտեսագետի, մենաշնորհի նկրտումները զսպելու, դրանց «դեմն առնելու» կտրվածքով գործադիրի քայլերը խոշոր տնտեսվարողների մոտ անհարմարություններ են առաջացրել եւ կարող են ընդհանուր տնտեսական զարգացման համար իբր վատատեսական միտումներ ներկայացվել: Կառավարության քայլերի էֆեկտիվությանը տնտեսագետն առայժմ չի անդրադառնում: Դիտարկմանն էլ, որ հասարակության շրջանում կառավարության ղեկավարի, տարբեր պաշտոնյաների հայտարարությունները հավատ չեն ներշնչում, արձագանքում է. «Բնականաբար: Հատկապես անցած տարիներն արդեն վստահություն եւ հավատ չեն ներշնչում: Եվ եթե հասարակությունը հանկարծ թերահավատորեն նայի այդ ամենին, ապա որեւէ մեկը իրավունք չունի հասարակությանը մեղադրելու: Իսկապես, տարիներ շարունակ, եթե չասենք ազատական, այսպես կոչված, ժամանակահատվածը եղել է ամբողջությամբ մենաշնորհային նկրտումների զարգացման ժամանակահատված, բնականաբար, այս պարագայում դրա դեմն առնելը հավատացեք՝ շատ դժվար գործ է: Մենք էլ մաքսիմալիզմի դիրքերից ենք հանդես գալիս, մտածում ենք, որ վաղը չէ մյուս օրն այս առումով կարող ենք դրական տեղաշարժեր գրանցել: Այս գործընթացը ինկուբացիոն ժամանակահատված է պահանջում: Այդ ժամանակը կարող է հանկարծ կորցնենք, եթե չպահպանենք հետեւողականությունը»: Բայց տնտեսագետն այս առումով էլ լավատես է ու կարծում է, որ իշխանությունն այլընտրանք չունի, ու այդ համատեքստում է դիտարկում վարչապետի հայտարարություններն այն մասին, որ պետք է քայլ արվի: «Ես կարող եմ հասարակության հետ միանալ ու կասկածել` որքա՞ն արագ եւ արդյունավետ կարվի, բայց չանելն այլեւս հնարավոր չէ»:

Նաեւ այս իմաստով Վարդան Բոստանջյանը կիսում է նաեւ 2017-ի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումները` մինչեւ 3-4,5 տոկոս աճ: Կառլեն Խաչատրյանն էլ համոզված է` ընթացիկ տարվա դրական միտումներն իրենց շարունակությունը կգտնեն նաեւ եկող տարի: «Բնականաբար, սրանք կանխատեսումներ են եւ որոշակի գործոնների ազդեցությամբ կարող են փոփոխություն կրել: Ըստ որում, փոփոխությունները կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այնուամենայնիվ, մի բան հստակ է՝ հետեւողական, թիրախավորված տնտեսական քաղաքականությունը մեր տնտեսությանը զարգացման լուրջ ազդակներ է հաղորդում, ինչը մի կողմից՝ պարարտ հող է նախապատրաստում առավել շոշափելի տնտեսական աճ գրանցելու համար, մյուս կողմից էլ՝ հավելյալ հնարավորություններ՝ դիմակայելու արտաքին տնտեսական շոկերին»,- ասաց նա:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930