Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տաղանդավոր երաժիշտ երեխաներին ընդամենը մեկ պաշտոնյա՞ է աջակցում

Հունիս 13,2016 13:00

Կային ժամանակներ, երբ այլ երկրների նախագահների, նախարարների, պաշտոնյաների հրամանագրերով պարգեւների էին արժանանում հայաստանցի մշակույթի գործիչները, բնականաբար՝ երկու երկրների միջեւ ունեցած մշակութային նշանակալի ավանդի համար: Վերջին շրջանում մենք կարող ենք հիշել ընդամենը մեկ դեպք. 2015թ. Ֆրանսիայի մշակույթի եւ կապի նախարար Ֆ. Պելերինը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին պարգեւատրեց Ֆրանսիայի արվեստի ու գրականության շքանշանով: Վերջերս էլ կինոռեժիսոր, սցենարիստ, ԱՕԿՍ-ի Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ընկերության նախագահ Էդուարդ Եդիկիսելովը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

«Առավոտի» հետ զրույցում Էդուարդ Եդիկիսելովը հայտնեց, որ կոնկրետ իր «համագործակցությունը» Վրաստանի հետ 12 տարվա պատմություն ունի: Հետո էլ 1-2 օրինակ փաստեց. «2012թ. Երեւանում իրականացրինք երիտասարդ տաղանդների փառատոն-մրցույթ՝ «Դուք մեր հպարտությունն եք» խորագրով, որին մասնակցում էին 45 տաղանդավոր երաժիշտ պատանիներ Հայաստանից, 30-ը՝ Վրաստանից: Կոնկրետ տարեթվերն այս պահին չեմ հիշում, բայց ժամանակին փոխադարձ այցերով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հյուրընկալվել է Թբիլիսիում, Ռուսթավելու անվան թատրոնը՝ Երեւանում: Կամ՝ «Օպերային բեմի երիտասարդ ձայներ» խորագիրը կրող նախագծի շրջանակներում մեր երգիչները հանդես եկան Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի թատրոնում, վրացի երգիչներն էլ՝ Երեւանի օպերային թատրոնում, նկարահանվել է լիամետրաժ ֆիլմ, որը պատմում է Վրաստանի 155-ամյա Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի մասին, եւ այլն»:

Մեր զրուցակիցը մեծ ավանդ ունի ոչ միայն հայ-վրացական մշակութային կապերի ոլորտում: Պարոն Եդիկիսելովը 1959թ. հիմնադիրներից է եղել Նարիլսկի TV-ի, 1965թ. աշխատել է Վոլգոգրադի TV-ում՝ որպես Կենտրոնական հեռուստատեսության համար տրվող երաժշտական ծրագրի գլխավոր ռեժիսոր… Ապա 1975թ. Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի նախագահ Ստեփան Պողոսյանի հրավերով գործունեություն է սկսել Հայկական հեռուստատեսությունում՝ դարձյալ որպես Կենտրոնական հեռուստատեսության համար տրվող հաղորդումների ռեժիսոր ու խմբագիր: Աշխատանքային այս ընթացքը շարունակվել է մինչեւ 1991թ.:
Մեր զրուցակիցը՝ որպես կինոռեժիսոր, հեղինակ է 23 երաժշտական ֆիլմերի, այդ թվում՝ «Ալեքսանդր Հարությունյան», «Էդվարդ Միրզոյան», «Ավետ Տերտերյան», նկարահանել է նաեւ ֆիլմ-օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշը», Վերդիի «Տրավիատան», Ռախմանինովի «Ալեկոն» եւ այլն, իրականացրել է Մինկուսի «Դոն Կիխոտ» ֆիլմ-բալետը… Մեզ հետ զրույցում պարոն Եդիկիսելովը հիշեց իր բարեկամական ստեղծագործական կապերն այնպիսի անվանի արվեստագետների հետ, ինչպիսիք են Ելենա Օբրազցովան, Ռոբերտ Ստուրուան, Զուբին Մետտան, Սվյատոսլավ Բելզան, Վալերի Գերգիեւը, Գեղամ Գրիգորյանը եւ այլն:

Հասկանալի պատճառներով հնարավոր չէ ներկայացնել արվեստագետի 1959թ. մինչ օրս ձգվող ստեղծագործական ուղին: Վերջին շրջանում՝ սկսած 2010թ., ավանդաբար «Եվրոպայի հայտնություն- մոլորակի հայտնություն» նախագծի շրջանակներում Եդիկիսելովը հայ տաղանդավոր պատանիներին ներկայացնում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներում: Հետաքրքրությանը, թե ովքե՞ր են աջակցում իրեն, մեր զրուցակիցը ընդամենը հայտնեց, որ տաղանդավոր հայ երեխաներին արտասահմանում ներկայացնելու համար իրեն «ձեռք է մեկնել» միայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Իսկ աջակցելու խնդրանքով ինքը դիմել է ոչ միայն մեր որոշ մեծահարուստների, այլեւ գերատեսչությունների ղեկավարների: Անվանի արվեստագետը ելքը գտել է. «Որոշել եմ երեխաներն իրենք հոգան իրենց ծախսերը: Աստծո կամոք, կբացեմ հիմնադրամ… Այսինքն՝ տաղանդները իրենց համերգներից եկած գումարով կհոգան սեփական ծախսերը»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»  

11.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930