Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյանը կգլխավորի «Ոսկե ծիրանի» ժյուրին

Հունիս 29,2016 14:25

Հունիսի 29-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրին փառատոնի արտամրցութային ծրագրերը եւ փառատոնի պատվավոր հյուրերին:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշեց, որ իսկապես շատ ծանր տարի էր իրենց համար. «Օրերս մի լրագրող հարցրեց, արդյոք այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, ազդո՞ւմ է փառատոնի վրա: Հիմա ուզում եմ ասել, որ իսկապես ազդում է, շատերը վախենում էին գալ Հայաստան պատերազմից  հետո, շատերը ոգեւորվեցին Հռոմի պապի գալուց հետո, ոմանք հիասթափվեցին… Փառատոնը կենդանի օրգանիզմ է, ու ամեն ինչ անդրադառնում է նրա վրա»:

Պարոն Խաչատրյանը հավելեց, որ, այնուամենայնիվ, այս տարի էլ հաջողվել է Հայաստան հրավիրել լավագույն կինոդեմքերի, կազմել լավագույն ժյուրի, բերել լավագույն ֆիլմեր: Նա նշեց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» կհրաժարվի շոուից եւ օպերային թատրոնի թանկարժեք դահլիճը վարձելուց: Փառատոնի հիմնադիր տնօրենի խոսքով, պրոֆեսիոնալ փառատոնի համար ավելի լավ է այդ փողերը ծախսել ոչ թե շոուի, այլ լավ ֆիլմեր բերելու վրա:

Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի լավագույն հայերից մեկը կլինի ժյուրիի նախագահը, խոսքը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի մասին է: «Շատ ենք համոզել մաեստրոյին: Կարծում եմ, որ այս ժյուրին շատ պատվավոր ժյուրի է դառնում իր ներկայությամբ»,- շեշտեց կինոռեժիսորը:

«Երեւանյան պրեմիերաներում» ներկայացվելու է Մաջիդ Բարզեգարի «Ամենասովորական քաղաքացին», Ջանֆրանկո Ռոզիի «Հռավառ ծովը», Դմիտրի Իզմեստեւի «Ամուսնական ճամփորդությունը», Օզջան Ալփերի «Քամու հուշերը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտրը», Քրիստի Պույուի «Սիեռանեւադան» եւ Վիտալի Մանսկու «Արեւի շողերի տակը»:

«Ոսկե ծիրանի» շրջանակում կնշվեն Ռուբեն Գեւորգյանցի, Ռոման Բալայանի հոբելյանները, կբացվեն Էդմոնդ Քյոսայանի, Ալբերտ Յավուրյանի, Դմիտրի Կեսայանի աստղերը:

Ինչպես նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «Հարավսլավական սեւ ալիքի» ամենախոշոր ներկայացուցիչներից մեկի՝ սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին: Նա կինոյում ըմբոստության խորհրդանիշ է: Ժիլնիկը նաեւ այս տարվա Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է:

Անվանի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենը, որը Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ է, կներկայացնի իր ռեժիսորական եւ օպերատորական աշխատանքները:

Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաեւ հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթին եւ կցուցադրվի նրա դերակատարմամբ 3 ֆիլմ:

Սուսաննա Հարությունյանը հավելեց, որ բոլոր ֆիլմերի Հայաստան գալը, բանակցությունների վարելը ապահովել է «Ոսկե ծիրանի» միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը: Տիկին Հարությունյանի խոսքով, փառատոնը փորձել է պահպանել այն նշաձողը, որը ի սկզբանե գծել էր իր համար:

Տաթեւիկ Մանուկյանն ասաց, որ փառատոնն անչափ կարեւորում է արտամրցութային ծրագրերը, որոնցում ներառված են լավագույն կինոօրինակներ եւ դասական կինոյի նմուշներ:

Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Cult.am- կայքին, վերջինիս տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը ներկայացրեց, թե ինչպես է կայքը լուսաբանելու «Ոսկե ծիրանը» եւ ինչպես կարելի է օնլայն տոմսեր պատվիրել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930