Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հարավային Կովկասից «ձեռք չեն քաշի»

Հուլիս 06,2016 12:59

«Այժմ բոլորս ականատեսն ենք մի գործընթացի, որը կոչված է ապահովել բանակցությունների խաղաղ ընթացքը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն`անդրադառնալով առաջիկայում Փարիզում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական հանդիպմանը:

Բանախոսի կարծիքով, Փարիզում հանդիպման առանցքում շարունակելու են մնալ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Նա ենթադրում է, որ Փարիզում անդրադարձ կկատարվի նաեւ շփման գծում անվտանգության մեխանիզմների տեղակայմանը, քանի որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ Վիեննայում համապատասխան փաստաթուղթ է նախապատրաստվել:

Հղում կատարելով ՀՀ նախագահի հայտարարություններին, Խոսրով Հարությունյանը ևս ասում է`քանի դեռ բանակցությունների խաղաղ ընթացքը ապահովված չէ, բանակցություններ սկսելու մասին անիմաստ է խոսել:

Նա համամիտ է Aravot.am-ի դիտարկմանը, որ Ադրբեջանի կեցվածքը հույս չի ներշնչում, քանի որ Ադրբեջանը շարունակում է հերքել կամ հրաժարվել բոլոր պայմանավորվածություններից: «Այո, տառացիորեն հաշված ժամեր հետ, Ադրբեջանը կասկածի տակ է առնում կամ փորձում է մերժել անգամ ամենաբարձր մակարդակներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Ադրբեջանի վարքագծում այդ իմաստով բան չի փոխվել. Այդպես էր Քի-Ուեսթում, այդպես էր դրան հետեւած բոլոր հանդիպումներում: Բայց չեմ կարծում, որ դրանից բանակցային օրակարգը կփոխվի: Համանախագահները լավ գիտակցում են`քանի խաղաղությունն ապահովված չէ, հնարավոր չէ խոսել բուն բանակցություններից»:

Խոսրով Հարությունյանը նաեւ այս համատեքստում է դիտարկում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այն հայտարարությունը, որ ստատուս-քվոն «բալասան չէ»: Խոսրով Հարությունյանն այս հայտարարությունն անակնկալ չի համարում եւ թարգմանելով Շտայնմայերի հայտարարությունը դիվանագիտական լեզվից՝ փաստում է. «Նա փորձում է ասել, որ ստատուս-քվոն հիմա արձանագրելով պետք է խաղաղ բանակցությունների գնալ»:

ՌԴ-ի ակտիվությունը ԼՂՀ կարգավորման այս փուլում, բանախոսին չի անհանգստացնում, քանի որ իրատեսական չի համարում, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն «ձեռք քաշեն» Հարավային Կովկասից:

Անդրադառնալով «Լավրովի պլանին» էլ նկատում է, «Որեւէ պլան չի կարող աշխատել, քառօրյա պատերազմը դա ապացուցեց»: Ինքը լուծումն այսպես է պատկերացնում. «Ճանաչում`մնացածը դրա դիմաց, եթե կողմերն ուզում են գալ խաղաղ լուծման»:

Ի դեպ, Ադրբեջանի շարունակվող սպառազինության ֆոնին Հայաստանի համար օրակարգային խնդիր իշխող ուժի ներկայացուցիչը համարում է տնտեսությունը ոտքի կանգնեցնելը:

Վերջերս ՀՀ խորհրդարանի կողմից վավերացված ՀՕՊ համաձայնագրի մասին էլ Խոսրով Հարությունյանն ասաց, որ այդ փաստաթղթի վերաբերյալ արձագանքներն ավելի զգացմունքային էին, դառնացած, անաչառ եւ պատճառաբանված մեկնաբանություններ չի հանդիպել: Նա իր կարծիքին է`սա ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի օդային անվտանգությունն ապահովելու հավելյալ հնարավորություն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031