Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկչությունը պոզով-պոչո՞վ է լինում»

Օգոստոս 04,2016 15:30

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է` հետեւություններ արվել են, եւ դրանք` գործողությունների տեսքով, շուտով տեսանելի կլինեն:

– Հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո ունեցած իր առաջին ելույթում նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ կատարվածի պատճառներին կանդրադառնանք խնդրի հանգուցալուծումից հետո: Փառք Աստծո, խնդիրը հանգուցալուծվեց: Ժամանակը չէ՞ խոսել, փորձել հասկանալ, թե հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստ տղաները ինչո՞ւ զենք վերցրեցին եւ դուրս եկան պետության, իշխանության դեմ:

– Նախագահի վերջին ելույթը, ինձ թվում է, ամեն ինչ ասեց: Պատճառներին, բնականաբար, միանգամից չէ, որ հնարավոր է անդրադառնալ: Նաեւ` գործով պետք է անդրադառնանք պատճառներին: Կարծում եմ՝ դրա մասին լրացուցիչ դեռ կխոսենք:

– Պատճառներին գործով անդրադառնալ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր են հիմա մեզ պետք:

– Այն, ինչը հնչեց նախագահի ելույթի ժամանակ:

– Մարդիկ դժգոհ են սոցիալական եւ տնտեսական վիճակից, արդարադատության համակարգի անարդարություններից: Այդ խնդիրների լուծումն ընթացքի մեջ կմտնե՞ն:

– Մենք որեւէ մեկ անգամ չենք ժխտել, որ կան խնդիրներ, որոնց մասով պետք է լուրջ հետեւություններ անենք եւ մտածենք: Լոկ բառերով չէ, որ պետք է, այսպես ասած, կերակրենք: Խոսքից պետք է գործի անցնենք, ու հանրությունը դա պետք է զգա իր վրա: Հանրապետության նախագահի ելույթում հենց դրա մասին էր խոսվում, որ արդեն մի քանի ամիսների ընթացքում այդ հարցերին պետք է հստակ անդրադարձ կատարվի: Մենք որեւէ մեկ անգամ չենք ասել` մենք ամենալավն ենք, մեր իշխանությունն ամենալավն է: Կան թերություններ, մտահոգիչ բավականին հարցեր, եւ մենք պետք է լուրջ հետեւություններ անենք այդ հարցերի շրջանակում:

– Չե՞ք կարծում, որ մի քանի ամիսը բավականին երկար ժամանակ է: Համենայնդեպս, հանրությունն ավելի սեղմ ժամկետներում է լուծումներ ակնկալում:

– Սեղմ ժամկետն էլ է մտնում այդ մի քանի ամսվա մեջ:

– Չե՞ք կարծում, որ ամսի 17-ին տեղի ունեցածի պատճառներից մեկն էլ այն էր, որ իշխանությունը պատշաճ հետեւություններ ու քայլեր չարեց ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած թերացումներն ու բացերը շտկելու առումով:

– Ապրիլյան դեպքերից հետո եղել են հետեւություններ: Ես չգիտեմ, թե դրանք որքանո՞վ են բավարարում հանրությանը կամ ոչ, համենայնդեպս՝ այդ մի փոքր խմբին պետք չէ ընդհանուր բնութագիր տալ, թե դա հանրությունն է:

Համենայնդեպս, նման ձեւով, ոճով, երկիրը քաղաքացիական պատերազմի ուղղությամբ տանելը եւ զինված գործելու ուղղություն որդեգրելով, ինձ թվում է, այս երկրում որեւէ փոփոխությունների չեն կարող հասնել: Մենք շատ դժվար ենք ձեռք բերել անկախությունը, եւ որեւէ մեկ անգամ, որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ այն ճանապարհը, որը որդեգրել էին այդ մարդիկ, այդ խմբերը, որոնք զինված կարգավիճակով ցանկանում են ինչ-որ արդյունքի հասնել, կարող է կենսունակ լինել: Այդ ճանապարհով որեւէ արդյունքի հասնել հնարավոր չէ: Բնականաբար, կային նաեւ քաղաքական գործիչներ, որոնք առիթից էին օգտվում, հրահրում էին, փոխարենը փորձելու կանխել իրավիճակը, ինչն արեցին ավելի ողջամիտ գործիչները:

Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերի հետ կապելուն, այդ նույն մարդիկ եւ ապրիլյան դեպքերից հետո, եւ առաջ ապստամբության, հեղափոխության կոչ էին անում, եւ եթե չլիներ իշխանությունների ողջամիտ մոտեցումը, այս միջադեպը կարող էր բոլորովին այլ ավարտ ունենալ: Փառք Աստծո, որ ավարտն այսպիսին եղավ: Խորապես ցավակցում եմ զոհված ոստիկանների ընտանիքներին: Եղան նաեւ լրագրողների հետ կապված միջադեպեր, որի համար ձեր ներողամտությունն եմ հայցում: Նման միջադեպերի ժամանակ հնարավոր է, որ նման ոտնձգություններ լինեն: Համենայնդեպս, եղան նաեւ թերացումներ, դրանցից մեկն էլ լրագրողների նկատմամբ ոտնձգություններն էին:

– ՊՊԾ գնդի գրավումը, դրանից հետո տեղի ունեցած զարգացումները` ոստիկանների անհամաչափ գործողությունների մասով, ուղղակիորեն փաստում են համակարգում խորացած խնդիրների մասին՝ ի հեճուկս բարեփոխումների մասին հայտարարությունների: Համակարգում փոփոխություններ կլինե՞ն:

– Իսկ ի՞նչ եք կարծում, երբ ոստիկանները սահմանված կարգով բացատրում են, որ հավաքն արտոնված չէ, իրավունք չունեք այստեղից առաջ գալ, բավականին հորդորում են, բայց կան հրահրողներ, որ մարդկանց տանում են, այսպես ասած, հակասությունների, որպեսզի խլրտումներ մտցնեն, որպեսզի իրարանցում լինի, կային շահագրգռված մարդիկ… ոստիկանները իրենց լիազորությունների սահմաններում պետք է իրենց պարտականությունները կատարեին: Իհարկե, եղել են դեպքեր, որոնք կարող էին նաեւ բացառվել: Օրինակ՝ լրագրողների հետ կապված դեպքերը:

Իսկ ի՞նչ էիք կարծում, ոստիկանները պետք է կանգնեին եւ սպասեին, թե խուժանն ինչպե՞ս է ներխուժում… Մտածե՞լ եք, եթե հանկարծ նրանք մտնեին գնդի տարածք, զինված դուրս գային եւ երկիրը տանեին քաղաքացիական պատերազմի: Գնայինք հավասարվեինք Սիրիային, Լիբանանին եւ նման երեւույթնե՞ր տարածեինք մեր երկրում: Ես պատասխանատու ձեւով հայտարարում եմ` նման բաներ մեր երկրում չեն կարող լինել: Եթե պետք է փոփոխություններ լինեն, ապա սահմանադրական ճանապարհով:

– ՊՊԾ գնդի գրավումն ինքնին արտառոց էր, ինչը ոստիկանությունում շատ մեծ բացերի մասին է փաստում: Հատկապես այն դեպքում, ինչպես Դուք էլ նկատեցիք, այդ մարդիկ տարիներ շարունակ հրապարակային հայտարարություններ էին անում իրենց գործողությունների, նկրտումների մասին:

– Հետաքննությունը ընթանում է, եթե կլինեն նման բացեր, բնականաբար, դրանց էլ անդրադարձներ կկատարվեն: Ես չեմ ասում՝ ամեն ինչ իդեալական է: Եթե նման դեպք, գրավում եղել է ահաբեկիչների կողմից, պատանդներ են եղել եւ այլն, պետք է քննվեն եւ պատասխաններ տրվեն:

Հավանաբար շատ խոսեցինք, որ Հայաստանն անվտանգ է, եւ որոշ ոճրագործներ ցանկանում էին այդ անվտանգության իմիջը վերացնել: Նրանց դա չի հաջողվի: Աշխարհի որեւէ երկիր` ԱՄՆ-ից սկսած, ՌԴ-ով, եվրոպական երկրներով վերջացրած, ապահովագրված չէ ահաբեկչական երեւույթներից: Հայաստանում նման բաները պետք է բացառենք: Դեպք եղավ, ինչից մենք հետեւություններ կանենք, եւ եթե եղել են թերացումներ ոստիկանության կամ այլ պատկան մարմինների կողմից, դրանց էլ անդրադարձներ կկատարվեն:

– «Սասնա ծռերը», փաստորեն, ահաբեկիչնե՞ր են, ճի՞շտ հասկացա, իրենց այդպե՞ս եք որակում:

– Ես չեմ ուզում առայժմ որակումներ տալ: Իհարկե, այդ քայլերն ահաբեկչական քայլեր են, նման են: Ի՞նչ է, ահաբեկչությունը պոզով-պոչո՞վ է լինում. երբ զինված մտնում ու գրավում են պետական հսկողության տակ գտնվող տարածքները, պատանդներ են պահում: Բայց այդ ամենը քննությունը ցույց կտա, վերջնական որակումն էլ` համապատասխան մարմինները:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Իջանք ջրի հատակը,
    Մինչև անցներ վտանգը:
    Այժմ կարող եք խոսել,
    Մարդկանց ներվերը սղոցել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031