Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է նախապատրաստվել նոր ուսումնական տարվան

Օգոստոս 15,2016 13:42

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել 2016-2017թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով: Ըստ այդմ` հանձնարարվել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու ուղղությամբ: Տրանսպորտի վարչությանը հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ: Հանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով:

Առողջապահության վարչությանն էլ հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը:

Խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 5 վարչական շրջանների 40 մանկապարտեզներում անակնկալ ստուգայցերի ժամանակ խախտման դեպքեր չեն արձանագրվել: Հանձնարարվել է շարունակել մշտական հսկողությունը:
Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի առնչությամբ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 50 դեպք, որից 43-ը՝ շինարարական աղբի մասով: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունն ու հանրությանը պարբերաբար իրազեկել աղբը ոչ սահմանված վայրերում թափելու անթույլատրելիության և դրա համար նախատեսված վարչական տույժերի կիրառման մասին:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքում են 2016թ. ծրագրով նախատեսված՝ փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես՝ փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել փոսանորոգման աշխատանքները և գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կանաչ տարածքների պատշաճ խնամք ապահովելու նպատակով կատարվում է երկհերթ ոռոգում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031