Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ Կարեն Կարապետյանին լավ օրեր են սպասվում». Արամ Հարությունյան

Սեպտեմբեր 09,2016 13:10

«Եթե Հովիկ Աբրահամյանն իր խնամուն գցեց, արդյոք Սերժ Սարգսյանը մտավախություն չունե՞ր, որ իրեն էլ կգցի»,- այսօր «Երկու երես» ակումբում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանի համար Հովիկ Աբրահամյանը վտանգ էր ներկայացնում, այդ է նաեւ պատճառը վարչապետի փոփոխության. « Հովիկ Աբրահամյանը վտանգ էր ներկայացնում այն իմաստով, որ Սերժ Սարգսյանից հետո ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանը միակ մարդն է, որ թիմ ու ազդեցություն ունի, Սերժ Սարգսյանը չէր թողնելու, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ նա լիներ վարչապետ: Զավեշտալի է, որ ընտրություններից ամիսներ առաջ վարչապետ են փոխում, խոսում ազգային համաձայնության կառավարության մասին, որովհետեւ Սերժ Սարգսյանն է սպառնալիք մեր երկրի համար, պատերազմի իսկական սպառնալիք, որովհետեւ իր կառավարման տարիներին երկիրն ու բանակն այնքան թուլացան, որ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց հարձակվել»:

Նա նկատեց, որ Հովիկ Աբրահամյանը սխալվեց, երբ ընտրեց ամեն հարցում Սերժ Սարգսյանին հնազանդվելու քաղաքականությունը. «Հովիկ Աբրահամյանին թվում էր, որ մշտապես համաձայնելով Սերժ Սարգսյանի հետ, հաջողություններ կունենա: Նա նույնիսկ 2015-ին փետրվար 12-ին Սերժ Սարգսյանի՝ Ծառուկյանի մասին հայտնի ելույթի ժամանակ գոնե պետք է լքեր դահլիճը կամ չմիանար այն մարդկանց, որոնք հալածում էին Ծառուկյանին»:

Ըստ պարոն Հարությունյանի, Հովիկ Աբրահամյանի գործունեությունը տնտեսության վրա մեծ արդյունքներ չէր կարող ունենալ, որովհետեւ Տիգրան Սարգսյանից ժառանգել էր ահավոր վատ տնտեսական վիճակ. «Եթե ծովի մեջ մի բաժակ ջուր ես լցնում՝ ասելով, որ ջուրն ավելացրել ես, միեւնույնն է, մակարդակը չի բարձրանում: Նույնիսկ եթե Հովիկ Աբրահամյանը ամենապրոֆեսիոնալ վարչապետն էլ լիներ, արդյունք չէր լինելու, ինքը այնպիսի ահավոր տնտեսական վիճակով էր ստանձնել վարչապետի պաշտոնը:

Նա հրաժարականի տեքստի մեջ էլ հստակ ասաց, որ չի խոսել ու չի խոսելու, թե ինչ տնտեսություն է ստանձնել իր վարչապետության տարիներին, այդկերպ հավերժական սեր խոստովանելով Սերժ Սարգսյանին, բայց Սերժ Սարգսյանի համար դա կարեւոր չէ: Հովիկ Աբրահամյանը պետք էր իրեն համաժողովրդական շարժումից պաշտպանվելու համար, երբ լուծեց Ծառուկյանի հարցը, Հովիկ Աբրահամյանն արդեն իր սեւ գործն արել էր ու կարող էր հեռանալ»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին՝ որպես վարչապետի թեկնածու, պարոն Հարությունյանն ասաց. «Եթե Հովիկ Աբրահամյանի նույն ճանապարհն ընտրի ու ընդամենը համաձայնի Սերժ Սարգսյանի հետ նրա տեղը պահելու հարցում մինչեւ 2018 թվականը, չեմ կարծում, որ դրական զարգացումներ լինեն: Կարեն Կարապետյանը շատ ավելի թույլ վիճակում է գալիս, քան նույնիսկ Հովիկ Աբրահամյանի ժամանակ էր, այն ժամանակ կար գոնե ընդդիմություն փողոցում, Սերժ Սարգսյանը սարսափած էր այդ ընդդիմությունից, բացի դա Հովիկ Աբրահամյանը թիմ ուներ ՀՀԿ-ում, իսկ ինչ թիմ ունի խորհրդարանում Կարեն Կարապետյանը: Իր համար շատ ավելի դժվար է լինելու… այնպես չէ, որ Կարեն Կարապետյանին լավ օրեր են սպասվում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930