Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին պետք է հրաժեշտ տա հին դեմքերին»․ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող թեկնածու

Սեպտեմբեր 09,2016 20:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  Գյումրիում իր քարոզարշավը սկսեց մամուլի ասուլիս հրավիրելով։ Կուսակցության կարգախոսը «Նոր դեմքեր, նոր Գյումրի, նոր կյանք է»։  Մենք կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե գյումրեցիները  կընդունե՞ն նոր, դեռ չճանաչված  դեմքերին, թույլ կտա՞ն իշխանության գլուխ գալ, Արթուր Համբարձումյանն ասաց․ «Գյումրին պիտի ընդունի նոր դեմքերին, հին դեմքերին մենք պետք է հրաժեշտ տանք և նոր դեմքերին ընդունենք՝ նոր ծրագրերով, նոր խոսքով»։

Ըստ նրա, Գյումրիում բարդ ընտրություններն են սպասվելու։
«Գյումրիում բարդ ընտրություններ են սպասվելու, բայց մենք հույս ունենք, որ քաղաքային իշխանությունների որոշման վրա մենք ունենալու ենք վճռորոշ ազդեցություն կամ ինքներս դառնալու ենք քաղաքային իշխանություն, մենք այդ տրամաբանությամբ ենք մտնում ընտրապայքարի մեջ», -ասաց Արթուր Համբարձումյանը։

Օրերս Սամվել Բալասանյանը Aravot.am-ին տված հարցազրույցում նեղվել էր, թե ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր հետ, որ փորձում են իր անվան հետ կապել։ Սամվել Բալասանյանն ասել էր․«Լավ, «Քաղաքացիական պայմանագիրը» եկել է, ինձ հետ ի՞նչ կապ կարող է ունենալ, եկել է, ինքն իր քաղաքական պայքարը տանելու, որպեսզի հետագայում նաև քաղաքական դաշտում 2017 թվականին ինքն իր տեղը կարողանա ունենալ»։

Մենք Արթուր Համբարձումյանին խնդրեցինք մեկնաբանել այս լուրերը՝ միաժամանակ հետաքրքրվելով, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե նա ինչ-որ ժամանակ աշխատել է Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցում՝ Գյումրու քաղաքապետարանում։ Թեկնածուն տեղեկացրեց, որ ինքը Գյումրու քաղաքապետարանում երբևիցե չի աշխատել, 2010-11 թվականներին աշխատել է Շիրակի մարզպետարանում։ «Եթե փորձել են կապել կամ կփորձեն, դա մեզ չի հետաքրքրում, ամեն ասածին մենք պատասխան չենք տա»,- ասաց թեկնածուն։ Նա ասաց, որ ինչքան էլ ուզեն իրենց վրա ցեխ շպրտել, չեն տրվելու սադրանքներին, իրենք ունեն հստակ ծրագիրը, որով և շարժվելու են։

Թեկնածուն ներկայացրեց նաև ծրագրային որոշակի դրույթներ՝ ուղղված անօթևանության, գործազրկության ու աղքատության դեմ պայքարին։ «Մեր նախընտրական խոստումները բաղկացած են տաս կետից, ուզում եմ այստեղ կարևորել այն, որ մենք պարտավորվում ենք քաղաքային իշխանությունները ստանձնելիս ամբողջությամբ այս տաս կետը իրականացնել, հակառակ դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվելու է քաղաքապետի իր մանդատից։ «Այսինքն` սա քաղաքական մշակույթ է, մենք փորձել ենք նոր մշակույթ ներմուծել այս պրոցեսում, որ ցանկացած քաղաքական թիմ պետք է պատասխանատվություն կրի իր խոստումների համար»,- ասաց թեկնածուն։

Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Կարեն Սարուխանյանն էլ ասաց, որ քարոզարշավը կանցկացնեն թաղային հանդիպումներով, քաղաքացիներին կծանոթացնեն իրենց ծրագրին, հնարավոր է լինի նաև հանրահավաք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930