Լրահոս
Օրվա լրահոսը

Օվկիանոսից այն կողմ էլ հայրենիքի կյանքին անտարբեր չեն

Սեպտեմբեր 12,2016 14:00

Գլենդելի Մեսրոպ Մաշտոցի անվան քոլեջի տնօրեն, հալեպահայ դոկտոր Կարպիս Տեր-Եղյայանը, որ տասնամյակներ առաջ է հաստատվել Միացյալ Նահանգներում, ասում է՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի», Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջեւ պարբերաբար հայահոծ բողոքի ակցիաներ են կազմակերպվում։

«Արցախի հիմնախնդրի նկատմամբ այստեղ էլ շատ զգայուն վերաբերմունք կա, եւ սփյուռքահայությունն այստեղ ընդգծված մերժողական կեցվածք է դրսեւորում տարածքների վերադարձի վերաբերյալ վերջին շրջանում լայն տարածում գտած լուրերին»,- ասում է դոկտոր Տեր-Եղյայնը, ավելացնելով, որ քանի դեռ բանակցությունների մանրամասները հայտնի չեն, ցանկացած սրացում այս փուլում կարող է վնասել գործընթացին։ Բազմափորձ մտավորականը, որ մինչեւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, մինչեւ 90-ականները, մեր երկրի ներկայացուցիչն է եղել Նահանգներում, ասում է, թե իրեն չի զարմացնում այն փաստը, որ այստեղ մարդաշատ բողոքի ցույցերը հաճախադեպ են. դժգոհում է, որ հայկական հյուպատոսությունը Գլենդելում է: «Հայկական հյուպատոսությունից բացի, որեւէ այլ այդպիսի ներկայացուցչություն Գլենդելում չկա։

Բոլոր երկրների ներկայացուցչությունները Լոս Անջելեսում են տեղակայված։ Հայկականը ի սկզբանե այս հայաշատ տարածքում է հաստատվել մի քանի հայ մեծահարուստների՝ տարածք, շենք գնելուց հետո։ Այնինչ, կարգ կա, որ պետք է պահպանել։ Հայաստանի հյուպատոսությունն այստեղ Լոս Անջելեսից դուրս լինելու պատճառով, ամերիկյան պետական պահպանության հնարավորությունն էլ չունի»,-ասում է դոկտոր Տեր- Եղյայանը, ավելացնելով, թե արդեն մի քանի տասնամյակ այստեղ խորհում է ու չի գտնում պատասխանը հարցի, թե ինչո՞ւ աշխարհով մեկ տարածված հայերը գտնում են իրենց տեղը, ստեղծարար են, բայց այդ տեղն այդպես էլ չեն կարողանում գտնել, դրսեւորվել սեփական երկրում։ Գլենդելի շուրջ 207 հազար բնակչության 45 տոկոսից ավելին հայ են, քաղաքը բազմաթիվ հայ քաղաքապետեր է ունեցել։ Եվ հայերը իրենց հստակ ձեռագիրն ունեն այս երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։ «Շատ մշակութային կենտրոններ պարզապես կփակվեին, եթե այստեղ հայի ձեռքը չհասներ»,- ասում է նա՝ օրինակ բերելով քաղաքի կենտրոնական թատերասրահներից «Ալեքսը»։ Թատրոնների, երաժշտական կենտրոնների, մանկապարտեզների, կրթօջախների գերակշիռ մասն այստեղ հայերինն է։

Կարպիս Տեր-Եղյայանն առանձնակի հպարտությամբ է պատմում Լա Վեռնի ամերիկահայ քոլեջի մասին. շենքի երեսպատման համար պահանջված 44 տոննա տուֆը շուրջ 3 տասնամյակ առաջ Հայաստանից են բերել, եւ հայերից բացի, աշխարհի տարբեր ծագերից են այստեղ հասնում, կրթական այս հեղինակավոր հաստատությունում ուսանելու։
Մշակութային կյանքն այստեղ, ըստ դոկտոր Տեր-Եղյայանի, առավելապես Իրանից ու Լիբանանից եկած հայերն են աշխուժացրել։ Հայաստանից ահագնացող արտագաղթն էլ հայկական նոր ալիք է այստեղ բերել։

Լոս Անջելեսի շրջանային 9 բանտերում այսօր մոտ 350 հայ կա, որոնք հիմնականում ներգաղթային օրենսդրությունը խախտողները, ընտանեկան բռնություններ գործադրելու համար ձերբակալվածները 2-րդ տեղում են: «Բանտից դուրս գալուց հետո այս մարդիկ հիմնականում ամուսնալուծվում են»,-ասում է Տեր-Եղյայանը, որ նաեւ Լոս Անջելեսի 4 շրջանի 9 բանտերի կամավոր վերակացու է։ Բայց նա շտապով հավելում է նաեւ, որ հայկական ընտանիքներում ամերիկյան ավանդույթը դեռ չի հասցրել արմատանալ՝ երբ կինը յուրաքանչյուր պահի, այս կամ այն առիթով սպառնում է ամուսնուն «փոլիս կանչել»։ Ծնունդով Հալեպից, բայց Խարբերդից սերած հայն ասում է՝ ամեն տարի գնում է Արեւմտյան Հայաստան՝ հանդիպելու 200-ամյա պապական, արդեն քրդաբնակ տանը, որի երկդարյա կենսագրությունով կողպեքն ու բանալին մասունքի պես է պահում։ Եվ ամեն կիրակի տարագիր հայը Նահանգների հայկական եկեղեցիներում աղոթք է բարձրացնում առ Աստված՝ հայի ու հայրենիքի ճակատագրի համար:

 
ԼԻԼԻԹ ՈՒԼՅԱՆ
ԱՄՆ

«Առավոտ»

10.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930