Լրահոս
Օրվա լրահոսը

Աճեմյանի անվան թատրոնն ընդվզել ու Երեւան է հասել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2016 13:59

Սեպտեմբերի 13-ին « Հայելի» ակումբի հյուրերն էին ռեժիսորներ Նիկոլայ Ծատուրյանն ու Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներ: Բանախոսներն անդրադարձան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եղած լարված իրավիճակին:

Թատրոնի վաստակավոր դերասան Սուսաննա Բաղդասարյանը հիշեցրեց, որ լրացել է տնօրենի կառավարման ժամկետը, ինչից թատրոնում անտեղյակ են եղել. «Հանկարծ իմանում ենք, որ երկու հոգի հայտ են ներկայացրել մասնակցելու մրցույթին՝ Մարգարիտա Մինասյանն ու Արաքսյա Կիրակոսյանը; Երկուսն էլ թատրոնի հետ կապ չունեն, չեն տիրապետում թատրոնի օրգանիզմին, կառուցվածքին: ՊՈԱԿ-ի մասին օրենքով տնօրենը պետք է ոչ միայն տիրապետի վարչականին, այլեւ ստեղծագործականին: Բոլոր լուծումները տանում են դեպի տնօրենի կնիքը: Այժմ թատրոնում մեծ աղմուկ է բարձրացել: Աղմուկն այնքան աճեց, որ ստիպված հասանք Երեւան: Նախարարը հայտարարել է, որ ինքը տեղյակ է, որ թատրոնը դեմ է երկու տիկնանց, քանի որ կոմպետենտ չեն, խոստացել է դրական լուծում տալ»:

Թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանն էլ հավելեց, որ դեռ չգիտեն, թե ինչ է ասելու նախարարը, ուղղակի տեղեկացրել են խնդրի լրջության մասին, իսկ թեկնածուներին հորդորել են դուրս գալ ու թատրոնը չտանել կործանման: Մրցույթի ժամկետը վաղն է:

Թատրոնի ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը եւս նշեց, որ իրենք անձերի դեմ ոչինչ չունեն, մտածում են, որ գուցե թեկնածուները տեղյակ չեն, որ թատրոնը առանձնահատկություններ ունի. «Մենք ուզում ենք, որ միայն կոմպետենտ մարդ գա թատրոն, մնացածը չի հետաքրքրում»:

Արկադի Ղարագուլյանը հավելեց, որ վերանորոգում էին իրենց թատրոնի բեմը, դրա համար նախկին տնօրենը զբաղված է եղել եւ մոռացել էր գործերը ներկայացնել մրցույթին մասնակցելու համար: Նրա ձեւակերպմամբ, խնդրի բացասական լուծման դեպքում՝ կոլեկտիվի պատրաստ է ցանկացած ծայրահեղ քայլի:

Թատերական գործիչների միության նախագահին եւս կոլեկտիվը տեղեկացրել է, ասում են՝ ինքն էլ է սպասում, որ նախարարը դրական լուծում կկայացնի:

Աճեմյանցիները հույս ունեն, որ մրցույթը չեղյալ կհայտարարվի:

«Թողնեն հանգիստ աշխատի մի թատրոն, որը եղել է աչքից հեռու, սրտից հեռու, կոչումներից ու ամեն ինչից հեռու»,- ասում է Սուսաննա Բաղդասարյանը:

Նիկոլայ Ծատուրյանը, որ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարն է եղել, ասաց. « Պատմությունից տեղյակ եմ, որ կոլեկտիվը դեմ է, ես ընդամենը խորհրդական եմ գեղարվեստական մասով, ու կողքից օգնում եմ ներկայացումների ստեղծմանը: Բազմիցս ասել ենք, որ պետք է լինի թատրոնի օրենք, որ ամեն ինչը տեղը գցի: Թե չէ բռնում են Վահե Շահվերդյանին հանում են, հետո դնում են, բոլոր էս բաները տեղի են ունենալու, քանի դեռ չկա Թատրոնի մասին օրենք»:

Թատերագետ Սոնա Մելոյանն էլ փաստեց, որ Վրաստանում կա Թատրոնի մասին օրենք, որտեղ թատրոնի պատասխանատուն թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եւ ոչ թե ֆինանսական պատասխանատուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Այնպիսի մարդ բերեք, որ Վանաձոի թատրոնի տնօրենի պես չլինի… Վահեին էլ 3 գլխավոր պատճառ է եղել, որ հեռացվեց մեր սիրելի Սունդուկյան թատրոնից… Թող ուրիշ բաներ չհնարեն մի քանիսը…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930