Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող վայելեն իրենց դղյակները, իմ դղյակը Եռաբլուրն է»

Սեպտեմբեր 22,2016 18:53

 

 

Երեկ Եռաբլուր էին այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Վեհափառը, նախագահ Սերժ Սարգսյանը, եւ շնորհավորում էին միմյանց Անկախության տոնի առթիվ:

Իսկ նրանցից զատ՝ որդու շիրմի մոտ մեր հերոսին՝ Դուշման Վարդանին էր տոնի առթիվ շնորհավորում նրա մայրը՝ Զարիկ մայրիկը:

dushman-vardanՆրա խոսքով՝ «Մեր Եռաբլուրի շնորհիվ է եղել անկախությունը: Անկախ նրանից՝ մեր ծնողները հարուստ են, թե աղքատ, մեզ համար միշտ սիրելի ու պաշտելի են: 25 տարում երկրաշարժ տեսանք, պատերազմի մեջ ենք մինչ այսօր, չգիտենք էլ՝ վերջնականապես խաղաղություն երբ կլինի, բայց եթե այս հողում, որին չորս կողմից ճզմում են, ընտանիք է ստեղծվում, հերոսներ են ծնվում, հղիներ ունենք, ուրեմն կարողացել ենք ասել աշխարհին՝ մենք կանք ու կմնանք, կհաղթենք ու կապացուցենք»:

Մեր հարցին՝ երբ տեսնում եք պաշտոնյաների դղյակները եւ Սերժ Սարգսյանի արտահայտությունը, որ մենք 80-ականների զենքով ենք կռվում, ի՞նչ եք զգում՝ Զարիկ մայրիկը պատասխանեց. «Հատուկ մարդիկ կան, որ պետք է պայքարեն դրա դեմ: Իմ պարտականությունն է, որ զինվոր պատրաստենք՝ Եռաբլուրի տղերքի օրինակով: Նախագահն էլ է մասնակցել հաղթանակներին, թող վայելեն դղյակները: Այդ դղյակներն ինձ չեն խանգարում, բայց իմ դղյակն այս Եռաբլուրն է: Այսօր իմ դղյակը մեր հրապարակում կանգնած զորքն ու զինվորներն են եւ ՀՀ, ԼՂՀ սահմանները 4 կողմից պաշտպանող զինվորներն են: Դրանից ավելի ես դղյակ չեմ ուզում: Մի կտոր հաց եմ ուզում, որ գոյությունս պահպանեմ, իմ  ընտանիքի հետ  հայոց բանակ ստեղծեմ, որ մնացած հողերը մաս-մաս տուն բերեն: Թող դղյակներն իրենց մնան, թող վայելեն»:

«Արեւմտյան Հայաստանում Վանա լճի ափին պետք է Ախթամար կոնյակ խմենք»,- ասել էր Դուշման Վարդանը եւ քանդակել 12 հատ կոնյակի բաժակ՝ այդ երազանքի օրվա համար: Այսօր Զարիկ մայրիկը հիշում է որդու խոսքերն ու դիմում իշխանությանը. «Մեր ղեկավարները ամեն ինչ թող տան բանակին: Թող էլի այսպես ապրենք, տարիներ շարունակ՝ 25 տարի խնդրում եմ մեր ղեկավարներին, որ այն, ինչ ժողովրդի համար է, թող տան բանակին: Բանակը կրկնակի պետք է ապացուցի, որ մենք հզոր ենք ու Ծովից ծով Հայաստանը մաս-մաս պետք է տուն բերենք»:

Ծովից ծով Հայաստանի մասին էր երազում նաեւ զոհված ազատամարտիկ Զաքար Ավանեսյանը: Նրա մայրը՝ Կարինե Ավանեսյանը, Եռաբլուրում անկեղծացավ. «Ես ուրախ եմ, բայց եւ տխուր եմ, որ 25-ամյակի առթիվ ոչ մեկը չկանչեց՝ ինձ մի հատ բացիկ նվիրի, ասի՝ դու Զաքար ես բերել, որը եւ զենքի հոգսն էր քաշում, բանակի ստեղծման կորիզն էր: Տնետուն մտնում էր, 16 տարեկան տղաներին հավաքում էր, բանակ էր ստեղծում, այսօրվա օրը ինքը անուշադրության է մատնված: Արիության մեդալ է ստացել ու վերջ: Մի օր ինձ չեն կանչում, ասեն՝ տիկին Կարինե, բա դու Զաքարի մայրն ես, եկեք ներկայացեք մի հատ միջոցառման»:

zaqar-avanesyanՆա պատմեց, թե ինչպես է ինքն արհամարհվել պետական մարմինների կողմից. «Մեր նախագահը շատ խելացի է, կատարողները ճիշտ չեն անում: Մի անգամ դիմեցի նախագահին՝ որդուս Մարտական Խաչ շքանշան տալու համար, նախագահն ինձ երկու օրվա մեջ պատասխանեց, որ ես գնամ ՊՆ-ից պատասխանը ստանամ: Բայց ցածր օղակներում ինձ արհամարհեցին, նույնիսկ նախագահի նամակը տարա ներկայացրեցի, ասեցի՝ ինչու Սեյրան Օհանյանին չեք ներկայացրել: Մեր նախագահը շատ դիվանագետ է, թող ժողովուրդն իզուր տեղը բան չանի, ցածր օղակներն են խանգարում մեր նախագահին, որովհետեւ նա Ղարաբաղում կռվել է, ես գիտեմ՝ ինչերի միջով է անցել: Ցածր օղակները պիտի փոխվեն, որ տներ են սարքում, չգիտեմ՝ ինչեր են անում, պետք է մի բռունցք դառնան, բանակին նվիրատվություններ անեն»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է որդեկորույս մայրը ինքը դիմի նախագահին, որ իր զոհված որդուն մեդալ տան, իրենք չե՞ն  գնահատում, նա պատասխանեց. «Այո, ինձ 20 տարի ոչ մի բան չեն տվել, իմ դիմելուց հետո տվել են Արիության մեդալ: Ինքը հերոսի կոչմանն է արժանի, Կոմանդոսի հետ հավասար կռվել է, Լեոնիդ Ազգալդյանի հետ հավասար կռվել է, Ասկոլկայի հետ հավասար կռվել է: Եթե ես հիվանդ եմ եղել ինֆարկտով, չեմ զբաղվել, ինչու պետք է չգնահատեին»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.09.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930