Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետի տեսլականն է հայկական եկեղեցիներ ունենալ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում

Հոկտեմբեր 04,2016 11:38

Սեպտեմբերի 22-26-ը պատմական ու նշանակալից օրեր էին Չեռնոգորիայի հայ համայնքի համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ այդ օրերին Չեռնոգորիայում էր գտնվում Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

Սեպտեմբերի 23-ին Սրբազան Հայրը հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ցանկություն էին հայտնել անժամկետ ձեռք բերել Չեռնոգորիայի Մետրոպոլիտության ենթակայության տակ գտնվող Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին՝ կից սրահով ու հովվատնով: Հանդիպման ընթացքում Առաջնորդ Սրբազան Հայրը համայնքի անդամներին բացատրել է Ծխական խորհուրդ ունենալու անհրաժեշտությունն ու կարևորությունը, ներկայացրել է Ծխական խորհրդի պարտականություններն ու առաքելությունը և վերջում ընտրվել է Ծխական խորհուրդի կազմ՝ բաղկացած 7 անդամներից՝ Գուրգեն Զաքոյան, Վահրամ Մարկոսյան, Աշոտ Փափազյան, Անդրեյ Մոսեսով, Վահե Անեսյան, Իգոր Լաինովիչ, Գագիկ Մկրտչյան: Հատկապես մեծ է Գուրգեն Զաքոյանի և Վահրամ Մարկոսյանի ներդրումն ու ավանդը եկեղեցին փնտրելու, գտնելու և տեխնիկական հարցերը արագ և արդյունավետ կարգադրելու հարցում:

Այս առիթով գերշ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Չեռնոգորիայի Մետրոպոլիտ Ամֆիլոխի հետ, որի ժամանակ քննարկվել են եկեղեցու ձեռք բերման ու հայ համայնքին փոխանցման հետ կապված կարևոր հարցեր: Չեռնոգորիայի Մետրոպոլիտն իր ուրախությունն ու աջակցությունն է հայտնել այս առիթով՝ փաստելով մեկ անգամ ևս, որ Չեռնոգորիայի պատմության մեջ առաջին անգամ Հայոց Եկեղեցին իր ներկայությունը պետք է ունենա այդ երկրի մեջ՝ կարևոր մասնակցություն ունենալով ոչ միայն տեղի հայ համայնքի կյանքից ներս, այլ նաև նպաստելով միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերութունների զարգացմանը հատկապես Արևելյան Եվրոպայի երկրներում:

Սեպտեմբերի 25-ին, Սրբազան Հայրն իր մասնակցությունն է բերել նաև Չեռնոգորիայի Բար քաղաքում տեղի ունեցած Ս. Իովան Վլադիմիրի մարտիրոսության հազարամյակին նվիրված տոնախմբությանն ու կազմակերպված միջոցառումներին՝ ներկայացնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Վեհափառ Հայրապետի տեսլականն է հայկական եկեղեցիներ ունենալ Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում՝ մեր հայորդիների հոգևոր կյանքի առաջընթացի և ազգային, մշակութային կյանքի վերելքներ արձանագրելու համար: Այս պահի դրությամբ Չեռնոգորիայում ապրում են մոտ 40 հայ ընտանիքներ, որոնց ցանկությունն է Հայ Եկեղեցու միջոցով պահել իրենց ազգային դիմագիծն ու ինքնությունը և նորոգել իրենց ուխտը Բարձրյալն Աստծո հետ:

 

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31