Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է նեղսրտած մեկ հանրապետական

Հոկտեմբեր 10,2016 15:30

Սյունեցի պատգամավորի կարծիքով՝
Սուրիկ Խաչատրյանին հեռացնելը կորստաբեր որոշում էր

Բնական է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին «իր դիմումի համաձայն» աշխատանքից ազատելը ավելի մեծ արձագանք գտավ եւ ավելի երկար է քննարկվում, քան նախարարների փոփոխությունը: Որովհետեւ եթե Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը կամ Հասմիկ Պողոսյանը ընկալվում էին վատ պաշտոնյա, որը պետական պաշտոնը ծառայեցնում է սեփական շահերին, դրսերում բիզնեսներ ունի, ապա Սուրիկ Խաչատրյանի դեպքում այս ամենին գումարվում է նրա եւ նրա հարազատների քրեական հարուստ «ֆոնը». մարդասպանություններ, դպրոցական երեխայի ծեծ, բռնարարքներ եւ այլն: Պատահական չէր, որ երբ կառավարությունում քննվում էր Սուրիկ Խաչատրյանից ազատվելու հարցը, ներկա էր Սերժ Սարգսյանը: Սա հստակ նշան էր. ես տեղյակ եմ, կողմ եմ: Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու որոշմանը նախորդեց Սերժ Սարգսյանի խոսքը. «Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք, նեղանալ եւ նեղսրտել չկա: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, եւ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»:

Ուրեմն Սուրիկ Խաչատրյանից ազատվել են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

2010 թվականի ապրիլի 19-ին, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, վարչապետը` Տիգրան Սարգսյանը, իսկ Սյունիքի մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը, Սյունիք էր այցելել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, եւ մարզի համայնքապետերը նրանից մեկ բան են խնդրել՝ քայլեր ձեռնարկել գյուղերը ամայացումից փրկելու համար («Առավոտ» 21 ապրիլ, 2010` «Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը»): Այս այցից հետո անցած վեց տարում այս ուղղությամբ բան չի արվել, այսօր Սյունիքում գյուղեր կան (Շիկահող, Քաշունի եւ այլն), որտեղ արդեն քանի տարի կա մահ, չկա ծնունդ, գյուղեր կան (Տանձատափ, Տաշտուն եւ այլն), որտեղի դպրոցներում միայն երկկոմպլեկտ եւ եռակոմպլեկտ դասարաններ են: Այսքանից հետո միայն, այն էլ՝ վարչապետի փոփոխությունից հետո հեռացվում է Սյունիքի մարզպետը:

Ու թեեւ Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասում է` նեղանալ, նեղսրտել չլինի, ոչ բոլոր հանրապետականներն են, որ լսում են իրենց կուսակցության ղեկավարին: Մասնավորաբար, Սուրիկ Խաչատրյանի նման գորիսեցի եւ հենց Սուրիկ Խաչատրյանի գործուն միջամտությամբ պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, խոսելով Սուրիկ Խաչատրյանին հեռացնելու մասին, պատգամավորը բառացի ասում է. «Ես ուղղակի կարող եմ էսպես ասել, որ մեր Սյունիքը շատ բան կկորցնի»: Թե էլ ինչ կկորցնի ամայացած գյուղերով Սյունիքը` չի ասում, բայց փաստորեն արձանագրում է. Սուրիկ Խաչատրյանին հեռացնելը կորստաբեր է` սխալ: Իսկ որոշումը կայացրել են նախագահն ու կառավարությունը: Տեսանյութում հստակ երեւում է, որ Հայկ Գրիգորյանը նեղված է: Բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ սա արվում է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, եւ նեղվել-նեղսրտել չլինի: Հայկ Գրիգորյանի կուսակցական կարգապահությունն ակնհայտորեն չի տպավորում. մարդը հրապարակավ պնդում է, որ հարազատ կուսակցությունը սխալ որոշում է կայացրել եւ դեմ է գնում ղեկավարի` չնեղվելու ցուցումին:

Եթե ընդունենք, որ պատգամավոր Հայկ Գրիգորյանը իրավացի է, եւ Սուրիկ Խաչատրյանին հեռացնելը նշանակում է «շատ բանի կորուստ Սյունիքի համար», ապա դարձյալ չենք կարող խոսել պատգամավորի կուսակցական ամուր կարգապահության մասին: ՀՀԿ-ն պնդում է, թե մոտ 130 հազար անդամ ունի, իսկ Հայկ Գրիգորյանը մեկն է այն 69-ից, որոնք Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ-ն են ներկայացնում: 69-ը` 130 հազարից, կամ որ նույնն է՝ մեկը 1884-ից: Հեշտ չի լինել այնքան լավը, որ 1884-ի մեջ առաջինը լինես: Հայկ Գրիգորյանը ՀՀԿ-ական է արդեն 10 տարի եւ հաջողել է: Բայց եթե ընդամենը արձանագրում է, որ հեռացնելով Սուրիկ Խաչատրյանին՝ ՀՀԿ-ն Սյունիքին շատ կորուստներ բերող որոշում է կայացրել, խոստովանում է, որ, փաստորեն, բան չի արել, որ հարազատ կուսակցությունը հրաժարվի սխալ որոշում կայացնելու մտքից:
Բարեբախտաբար, որեւէ այլ ՀՀԿ-ական չի կիսում Հայկ Գրիգորյանի կարծիքը, ՀՀԿ-ում համաձայն են, որ Սուրիկ Խաչատրյանը հեռանա: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, թե ինչ պետք է անի 130 հազարի մեջ մենակ մնացածը` Հայկ Գրիգորյանը. միանա իր «պաշտպանյալ» Սուրիկ Խաչատրյանին: Մնաց անի: Ի վերջո, կառավարությանն ու նախագահին հրապարակավ «սխալ հանելու» եւ նախագահի ցուցումը ոչ պակաս հրապարակավ չկատարելու քաջություն ունեցողի համար հեռանալը ի՞նչ մի բարդ բան է որ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Հայաստանում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պաշտոնյան պետական լծակներից զրկվելուց հետո հայտնվել է իրավապահների թիրախում, նրա դեմ քրեական գործեր են հարուցվել: Տեսնես ի՞նչ կասի Հայկ Գրիգորյանը, եթե Սուրիկ Խաչատրյանն էլ նման բախտի արժանանա ու պատիժ ստանա:

«Առավոտ»

08.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սյունեցի says:

    հայկիկ դու քեզնից խոսա, որ դարձար քաղաքական որբ

  2. Նարեկ says:

    Համաձայն եմ ՍՅՈՒՆԵՑՈՒ հետ: Հայկիկը դարձավ քաղաքական ԱՆՀԵՐ երեխա; Դրա համար էլ մղկտում է: Դե մկտղա, քեզ ու քո քաղաքական պապա ԼԻՍԿԱՅԻՆ քիչ է: Դեռ պիտի դատվեք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31