Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչը ձեզ ասել է իմ եւ Գեղամ Խաչատրյանի տարիքը». Գեւորգ Սաֆարյանը՝ վկային. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2016 17:18 Share

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը: Այսօր հարցաքննված վկային՝ «Երեւանի ստորգետնյա կայանատեղիների» աշխատակից Արտյոմ Քոչարյանին ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը եւս հարցեր ուղղեց: Նախ նկատեց, որ ըստ վկա Արտյոմ Քոչարյանի նախաքննական ցուցմունքի, ինքը՝ Գեւորգ Սաֆարյանը հարվածել է Ոստիկանության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին: Ընդ որում, վկան նշել է, որ հարվածողը կլինի մոտ 30 տարեկան, հարվածը ստացող ոստիկանը՝ եւս:

Գեւորգ Սաֆարյանը հարցրեց՝ «ինչպե՞ս գնահատեցիք տարիքը, երբ ասում եք, որ հարվածողի դեմքը չեք տեսել»: Վկան պատասխանեց՝ «չեմ կարող ասել», իսկ ահա Գեւորգ Սաֆարյանի բաճկոնի եւ տաբատի գույնը նա հիշում էր:

Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հրապարակել Արտյոմ Քոչարյանի նախաքննական ցուցմունքը՝ համարելով, որ դրա եւ դատարանում ասվածների միջեւ էական հակասություններ կան: Դատարանը միջնորդությունը բավարարեց:

safaryan-2

«Ամենաակտիվը սպիտակ տաբատով եւ մուգ կապույտ բաճկոնով մի տղամարդ էր, ում տարիքը չեմ կարող նշել, մոտ երեսուն տարեկան, նա բարձր հայհոյում էր: Երբ հրմշտոց սկսվեց, նկատեցի, որ նա բռունցքով հարվածեց ոստիկանի գլխին: Ոստիկանն ընկավ, ապա կանգնեց եւ նետվեց իրեն հարվածողի ուղղությամբ: Նա կլիներ մոտ 30 տարեկան»,-ասված է Արտյոմ Քոչարյանի նախաքննական ցուցմունքում:

Գեւորգ Սաֆարյանը դիմելով Արտյոմ Քոչարյանին՝ ասաց. «Սա նշանակում է, որ քննիչը Ձեզ ասել է իմ եւ Գեղամ Խաչատրյանի տարիքը: Եթե ոչ, որտեղի՞ց ձեզ այս տեղեկությունը»: «Կռահել եմ՝ չգիտեմ ինչպես…»,-հնչեց պատասխանը:

Սաֆարյանը շարունակեց, թե՝ «վկային ասել են, որ այդ մարդը Գեղամ Խաչատրյանն է»: Գեւորգ Սաֆարյանի գործով եւս մեկ վկա է հարցաքննվելու: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք՝ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերն Ազատության հրապարակում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Ըստ նշյալ վկայի, միջադեպի ժամանակ Գեղամ Խաչատրյանը եւս հարված է հասցրել:

Ի դեպ, Գեւորգ Սաֆարյանը նիստերի դահլիճից հեռացավ կաղալով: Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը մեզ հայտնեց, որ «խնդիր է ունեցել, բանտային պայմաններն են պատճառը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ամէն դեպքում, այս տղան շնորհակալություն պէտք է հայտնէ ոստիկաններին եւ պետական դատախազության, շնորհիվ որոնց ինք բանտումն էր, Յուլիս ամսին

    այլապէս, այժմ շատ աւելի լուրջ եւ ծանր էին լինելու իր օրինական խնդիրները

Պատասխանել