Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նա կդառնա սեւացված քաղաքական գործիչ, որը լավ թմբուկ է նվագում, «սիմպատիչնի է», լավ է խոսում, ու վերջ»

Նոյեմբեր 26,2016 16:00

Կարեն Կարապետյանին դժվար թե հաջողվի բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը,
ըստ PR մասնագետ Հայկ Կիրակոսյանի՝ փոխարենը Կարապետյանի վարկանիշը կընկնի:

Փոփոխությունների խորհրդանիշ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելով՝ գցելու է իր վարկանիշը: «Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը:

Պարոն Կիրակոսյանի խոսքով՝ այսօր ՀՀԿ-ն խորտակվող նավ է, իսկ խորտակվող նավից անգամ առնետներն են փախչում. «Բայց հիմա տեսնում ենք հակառակը՝ այսպես ասած, խելքը գլխին եւ հանրության համակրանքը վայելող մարդը մտնում է նավ, որից առնետները փախչում են: Այս տեսակետից Կարեն Կարապետյանը ոչ մի խելամիտ դիվիդենդ չի ստանում»:

Երեկ վարչապետը հիմնավորեց, թե ինչո՞ւ է անդամակցելու ՀՀԿ-ին. Կարապետյանի վստահեցմամբ՝ այդ կուսակցության պահպանողական գաղափարախոսությունն իրեն հոգեհարազատ է: Այս առնչությամբ Հայկ Կիրակոսյանն ասաց, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը Նժդեհական է, եւ բնավ պարտադիր չէ մտնել այդ կուսակցություն՝ այդ գաղափարախոսությունը կիսելու համար:

Վարչապետի պաշտոնը քաղաքական է, հնարավո՞ր է այդ պաշտոնը ստանձնի անկուսակցական մեկը՝ մեր այս հարցին ի պատասխան պարոն Կիրակոսյանը վստահեցրեց՝ իհարկե, հնարավոր է. «Եվ դա կլիներ ամենամեծ խաղաթուղթը ՀՀԿ-ի կամ գործող նախագահի համար, որով ի ցույց կտային ներքին եւ արտաքին լսարանին,թե տեսեք՝ ժողովրդավարություն է, եւ պարտադիր չէ, որ մարդը, որը քաղաքական գործիչ չէր, անպայման մեր թրի տակով անցնի ու դառնա ՀՀԿ-ական, հատկապես, երբ գարնանը սպասվում են կրկնակի կարեւոր ընտրություններ, որտեղ Կարեն Կարապետյանը բավականին երեւացող դեր է խաղալու, դրա իմպուլսներն արդեն ստանում ենք: Այս ենթատեքստում վաղուց մի միտում է նկատվում՝ սիրված գործիչներին, ի դեպ, խորհրդարանի օրինակով էլ կարելի է նկատել, որ սիրված ոչ քաղաքական գործիչներին էլ փչացնելու մոդել կա՝ եթե մարդուն սիրում են, այդ սիրված մարդը մտնում է ՀՀԿ, եւ սիրվելու տոկոսը կտրուկ նվազում է: Սա նպատակային է արվում, որովհետեւ հանրության «լյուբիմչիկ» գործիչներն ավելի քիչ կառավարելի են: Այնպիսի մի ֆենոմենի հետ գործ ունենք, որ քաղաքական գործիչը կարող էր եւ ուներ պոտենցիալ՝ լավը լինելու, բայց ես նկատել եմ՝ իշխանական լրատվամիջոցները Կարապետյանին վարկաբեկող նյութեր են գրում, նրան վարկաբեկում են՝ բալանսը պահելու համար: Այս ամենը արվում է, որովհետեւ իշխանությունները խնդիր ունեն՝ հանկարծ Կարեն Կարապետյանը շատ չառանձնանա «մաեստրոյի» ֆոնին (նկատի ունեմ Գալուստ Սահակյանին) եւ ՀՀԿ մյուս կարկառունների ֆոնին, որոնք երկու բառ իրար դժվարանում են կապել»:

Փորձագետի ներկայացմամբ՝ իշխանությունը նման կերպ է գործում, բոլորին նույնացման մի «պլանկայի» վրա է դնում, որպեսզի որեւէ մեկը աչք չծակի, ավելի լավը չլինի. «Որովհետեւ վաղը կարող է մի ժողովրդական արտահայտություն անել, ու մարդիկ կգնան նրա հետեւից»:

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու մեկ այլ հիմնավորմամբ էլ՝ «ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»: Վարչապետը նաեւ նշել է, որ նոր քաղաքական հենարանով դաշտ մտնելը կվնասեր երկրի անվտանգությանը: Հայկ Կիրակոսյանն այս առնչությամբ էլ նկատեց. «Եթե Կարապետյանը այլընտրանք ունենար, միանշանակ կնախընտրեր չհայտնվել ՀՀԿ-ում, կնախընտրեր կերպարը մաքուր պահել, բայց եթե չկա դա, ապա փորձում է մինիմալ կորուստներով անել: Եթե մենք էլ հարկադրված մտնեինք այդ կուսակցություն, ի լուր հանրության կասեինք՝ մեր կամքով ենք մտել, նոր էներգիա բերելու համար է, եւ ժպիտով կանենք այդ ամենը: Այս առումով նրա ռեակցիան բնական է, բայց դա ոչ մի միավոր չի բերում վարչապետին, այնինչ չմտնելը կբերեր: Հենց խոսվեց, որ անդամակցելու է, սոցցանցերում քննարկվեց ու նոր թափով սկսեցին նրան հավասարեցնել այն գործիչներին, որոնցից ոչինչ հանրությունը չի սպասում: Հիմա էլի լինելու է խոսակցություն «Սասնա ծռերի» մասին, էլի լինելու են երիտասարդ, թարմ ուժեր, այս անգամ ավելի խելամիտ են գործելու, մարտական, տաքարյուն եղանակով եւ գուցե այլ հաշվարկներով: Այս պայթյունավտանգ իրավիճակում Կարեն Կարապետյանին բերելը քաղաքական լավ քայլ էր, բայց շաբաթը ուրբաթից շուտ ելավ»:

Կհաջողվի՞ արդյոք Կարապետյանին իսկապես փոխել ՀՀԿ-ի վարկանիշն ու ընդհանրապես այս կուսակցությունը, փորձագետի կարծիքով՝ կարմիր կովն իր կաշին չի փոխում. «Բացի մի 5 հոգուց, ես այդ կուսակցությունում որեւէ մեկին չեմ տեսնում, որ ցանկություն ունի փոխվելու: Բացառվում է, որ ՀՀԿ ցուցակից հանեն վարկաբեկված անձանց: Ես գտնում եմ, որ միտումնավոր սեւ PR է կիրառվում վարչապետի դեմ, որովհետեւ նա հնարավորություն չունի ՀՀԿ-ի կաշին փոխելու, ոչ ոք չի փոխվելու, ժողովուրդը կասի՝ տեսա՞ք, նույն իշխանական տաշտից օգտվող է: Նա կդառնա սեւացված քաղաքական գործիչ, որը լավ թմբուկ է նվագում, որը «սիմպատիչնի է», լավ է խոսում, ու վերջ»:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Կարապետյանին 2018-ին, երբ ավարտվի ՀՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը, դժվար թե նրա նպատակը քաղաքական դաշտ ընդամենը 1-1.5 տարով մտնելն է. Հայկ Կիրակոսյանն ասաց՝ նրան հարկադրել են ՀՀԿ-ին անդամակցել, դա իր նախաձեռնությունը չէ. «Ռուսաստանում եւ Հայաստանում գցել-բռնել են՝ ո՞վ կարող է այս պահին աշխատել ընդհանուր թեմայի շրջանակներում, գտել են՝ Կարեն Կարապետյանը: Իսկ հետո նա այլընտրանք չուներ չանդամակցելու: Գոնե մինչեւ ընտրությունները այդ ռեսուրսը չունի, որ փոփոխություն անի: Եթե այնքան ճկուն քաղաքական գործիչ գտնվի, որ հաջողի… ՀԿԿ-ում իրար «միս ուտելու» գործընթաց է, մեկը մյուսի թիկունքից դանակով խփելու, ու այս պարագայում գնա՞լ ու մտնե՞լ այդ կուսակցություն, սա պարտադրված է: Եթե գարնանը կարողանա մանյովրի շնորհիվ իրական իշխանական լծակ ձեռք բերել, այդ ժամանակ կկարողանա ՀՀԿ-ն էլ, երկիրն էլ կարգի բերել, եթե ունի այդ տվյալները»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930