Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական մեքենայից հրաժարված փոխնախարարի կինը ամուսնուց օրինակ չի վերցնում

Նոյեմբեր 26,2016 16:30

Լրատվամիջոցները չեն դադարում քննարկել առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանին. չինովնիկը հրաժարվել է ծառայողական մեքենայից, ասել, որ իր տանից նախարարություն հազիվ մեկ կմ է, եւ կա՛մ ոտքով կգնա, կա՛մ հեծանվով, իսկ եթե մարզ գործուղվի` կա՛մ անձնական մեքենայով, կա՛մ հասարակական տրանսպորտով: Վատ չի: Սակայն շրջանառվող խոսակցությունները փաստում են, որ Սամվել Մարգարյանի կինը ամուսնու օրինակին չի հետեւում: Սամվել Մարգարյանի կինը Հրանուշ Աղայանն է:

Աշխատում է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում հենց գրասենյակի հիմնադրման օրվանից` 2009 թվականի հունվարի 12-ից. պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավարն է: Այնտեղ բոլորը պահանջներ ընդունող եւ քննող մասնագետ են: Այլ խոսքով՝ Հրանուշ Աղայանը հաշտարար Փիրուզ Սարգսյանից հետո երկրորդն է գրասենյակում:

Այս գրասենյակը ֆինանսավորում են ֆինանսական կազմակերպությունները` բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ եւ այլն: Գրասենյակը գործում է 2009 թվականից՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, եւ կոչված է զբաղվելու ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ, սպառողների պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությամբ, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմամբ: Հիշենք, որ այս գրասենյակը աղմուկի պատճառ դարձավ 2014-ին, երբ պարզվեց, որ հաշտարար Փիրուզ Սարգսյանը 20 միլիոն դրամ մայրության արձակուրդի նպաստ է ստացել: Հետո ասացին՝ 20 չի, 12 միլիոն է, հետո լրատվամիջոցները գրեցին` 49 միլիոն: Հրապարակումներ եղան, որ ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ստեղծվել է հենց Փիրուզ Սարգսյանի համար: Սակայն աղմուկը մարեց, իրավական հետեւանք չունեցավ, քանի որ Փիրուզ Սարգսյանի ամուսինը այն ժամանակ ֆինանսների նախարարն էր` Դավիթ Սարգսյանը, քավորը վարչապետ էր` Տիգրան Սարգսյանը, մորաքույրը նախարար էր եւ է` Հրանուշ Հակոբյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆինանսական կազմակերպություններից ստացած գումարներով աշխատող կազմակերպության աշխատակից Հրանուշ Աղայանը Հայաստանից դուրս գործուղումներ է ունենում եւ իր հետ տանում երեխաներին եւ երեխաների դայակներին: Նորմալ է աշխատակցի գործուղումը: Աննորմալ է, երբ աշխատակիցը իր հետ տանում է երեխաներին ու նրանց դայակներին: Ու այս ամենը այն փողերով, որոնցով պետք է պաշտպանվեն սպառողների իրավունքները, վեճերի արագ քննություն լինի, աճի ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը: Ուրիշի, նաեւ պետության հաշվին իրենց ընտանիքի անդամներին արտասահմանյան գործուղումների տանելը հատուկ է հայաստանցի պետական չինովնիկներին:

Մեզ հասած տեղեկությունները պարզաբանելու համար դիմեցինք ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ: Հաշտարար Փիրուզ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ինչպես Հրանուշ Աղայանը, այնպես էլ գրասենյակի ցանկացած այլ աշխատակից գործուղումների են գնում գրասենյակի հոգաբարձուների խորհրդի հաստատած տարեկան գործուղումների ծրագրի համաձայն, աշխատակիցների հետ ընտանիքի անդամներ չեն լինում, խորհուրդը հսկում է ծախսերը, իսկ գործուղված անձանց անուններն ու գործուղումների քանակը, ըստ Փիրուզ Սարգսյանի, հրապարակման ենթակա չեն: Տիկին Սարգսյանը, սակայն, չի նշում, թե որ օրենքի որ կետն է իրեն իրավունք տալիս չհրապարակել գործուղված անձանց ցանկը: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված են տեղեկության տրամադրման մերժման հիմքերը, դրանցից ոչ մեկը չկա Փիրուզ Սարգսյանի մերժման դեպքում:

Եթե վարչապետի, նախարարների ղեկավարությամբ գործուղված պատվիրակությունների կազմը հրապարակվում է համացանցում, ինչո՞ւ չի կարելի հրապարակել փոխնախարարի կնոջ հետ գործուղված անձանց ցուցակը: Կարելի՞ է ենթադրել, որ գործուղված անձանց ցուցակում կան Հրանուշ Աղայանի երեխաների եւ նրանց դայակների անունները: Ստացվում է, որ խոսակցությունները, թե ֆինանսական կազմակերպություններից ստացած գումարներով աշխատող կազմակերպության աշխատակից Հրանուշ Աղայանը Հայաստանից դուրս գործուղումներ է ունենում եւ կազմակերպության փողերով իր հետ տանում երեխաներին եւ երեխաների դայակներին, մնում են չհերքված:

 

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930