Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյանը՝ ԲՀԿ ցուցակով առաջադրվելու ու մարզպետ դառնալու խոսակցությունների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2016 19:43

Երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու ու ԲՀԿ ակտիվի հետ հանդիպելու նպատակով վաղը Գյումրի է գալու Գագիկ Ծառուկյանը։

Aravot.am-ը ԲՀԿ շարքերից դուրս եկած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձով ինքը նորից համալրի ԲՀԿ շարքերը ու դառնա այս կուսակցության վարկանիշային թեկնածուներից մեկը։

Պատգամավորն ասաց․ «Ճիշտն ասած, բազմիցս հարցադրումներ եղել են այդ մասին, այս պահին մենք մեր թիմով քննարկում ենք մեր քաղաքական խնդիրներն ապագայի հետ կապված, կոնկրետ այն, որ մեծամասնական ընտրակարգ այլևս չկա, վարկանիշայինով է լինելու, կուսակցությունների ցուցակում ենք ընդգրկվելու, գիտեք, որ ցանկություն կա Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու։Այս պահին մենք մեր թիմով քննարկում ենք կոնկրետ այս խնդիրները: Որոշել ենք, որ անպայման մասնակցելու ենք Ազգային ժողովի ընտրություններին վարկանիշային տարբերակով: Մոտ օրերս կհստակեցնենք, թե կոնկրետ որ քաղաքական ուժի հետ, ինչ ճանապարհով, ինչպես, մանրամասն կխոսենք: Բայց այս պահին կոնկրետ ասելիք չունեմ»։

Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվելու դեպքում կորցնել ձեր վարկանիշը, Ազգային ժողովի ու նախագահական ընտրություններն արդեն իսկ փաստել են, որ ՀՀԿ-ն ցածր վարկանիշ ունի Շիրակի մարզում, առավել ևս Գյումրիում, պատգամավորը պատասխանեց․ «Ես ձեր ասածին ավելացնեմ, որ ոչ միայն «Հանրապետական» կուսակցությունն, այլ բոլոր կուսակցություններն անխտիր այսօր վարկանիշի լուրջ պրոբլեմ ունեն, բոլորը միասին։ Այնպես որ, այս տեսանկյունից  եթե նայենք՝ որ կուսակցության, որ դաշինքի համամասնական ցուցակով որ ընտրվելու լինենք, մտածելու լիքը բան ունենք վարկանիշի հետ կապված։

Բնականաբար, մեր վարկանիշից ինչ-որ բան պոկելու են, ինչ-որ բան տանելու են, ուզենք, թե չուզենք։ Եթե լիներ մեծամասնական ընտրակարգ՝ առանց կուսակցությունների, ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալուց հետո տրամադրված էի որպես անկուսակցական, անկախ  պատգամավոր մեծամասնականով մասնակցել, իմ ժողովրդի հետ գնալ Ազգային ժողով, ժողովրդի հարցերին լուծումներ բերել: Բայց քանի որ նոր ընտրակարգը պահանջում է ինչ-որ մի կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվել․․․ էլի եմ ասել ու ասում եմ՝ ինձ համար պատգամավոր դառնալն ինքնանպատակ չէ, պիտի կարողանամ ընդգրկվել այնպիսի թիմում, այնպիսի կուսակցության համամասնական ցուցակում, ի դեպ, կուսակցական լինելը պարտադիր չէ, այս պահի դրությամբ մենք տրամադրված էլ չենք կուսակցականության հետ կապված, ուղղակի էսպես, թե էնպես պիտի ինչ-որ մի կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվենք։

Ուղղակի պետք է լինի այնպիսի ուժ, այնպիսի թիմ, դուք գյումրեցի եք, ի տարբերություն մայրաքաղաքի լրագրողների, գիտեք մեր քաղաքի խնդիրները, պրոբլեմները։ Այսօր ինձ համար ինքնանպատակ չէ պատգամավոր դառնալը, պետք է կարողանանք այնպիսի թիմով գնալ, որ ինչ-որ բան կարողանանք քաղաքի համար անել, քաղաքի խնդիրները շատ-շատ են։ Գյումրեցիները, որոնք ընտրում են պատգամավորի, իրենց առաջ կուսակցական պատկանելությունը չեն դնում ընտրելիս, այլ ընտրում են մարդու, որը կարող է գնալ Երևան, կռիվ տալ, խնդրել, համոզել, գումարներ բերել Գյումրի քաղաք»։

Ըստ պատգամավորի, գյումրեցին այսօր ԱԺ ամբիոնից դատարկ խոսողների կարիքը չունի, նրան այլևս չի հետաքրքրում՝ ով լավ կամ սուր  է քննադատում, նրան գործ անողներ են պետք։

Մեր հարցին, թե ինչպե՞ս կմենաբանեք Գյումրիում տարածված այն խոսակցությունները, թե Մարտուն Գրիգորյանին համոզում են չգնալ ԱԺ ՀՀԿ վարկանիշային ցուցակով, դա զիջել ուրիշներին, բայց փոխարենը խոստանում են նրան դարձնել մարզպետ, Մարտուն Գրիգորյանն ասաց․ «Այս պահի դրությամբ համոզողների չեմ հանդիպել, չգիտեմ՝ ովքեր են այդ համոզողները, բայց իմ համար կարևորը ճիշտ կողմնորոշվելն է, կարողանալ քաղաքի համար ինչ-որ բան անել, երկրաշարժից 28 տարի է անցել, բայց  այս վիճակը բոլորիս համար ամոթ է, ցավ է»։

Պատգամավորի հետ ամբողջական հարցազրույցը տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031