Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր շտաբի պետը Չինարիի դիվերսիայի մասին. Գաղտնի տեղեկություններ կան, որոնք հասարակությանը հասու չեն (Տեսանյութ)

Հունվար 08,2017 18:40

Aravot.am-ը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե տեղեկություններ կան, որ Տավուշի մարզում տեղի ունեցած  դիվերսիոն գործողությունը մեկ անձով է կատարվել, այլ ոչ թե խումբ է գործել: Մեր հարցին պատասխանեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նրա խոսքերով, ինքն անձամբ ներկա է եղել դեպքի վայրում. «Բոլորդ պիտի հասկանաք, որ այն տեղեկությունը, որը տիրապետում է Գլխավոր շտաբը՝ հասանելի չէ ամբողջ հասարակության համար եւ հասանելի է այն տեղեկությունը, որն իր մեջ գաղտնիք չի պարունակում: Ապրիլյան դեպքերից հետո այն հագեցվածությունը, որն իրականացվում է առաջնագծում՝ իր դրական արդյունքն է տվել եւ տասնյակ դեպքերում ժամանակին հայտնաբերել եւ կանխորոշել են հակառակորդի գործողությունները եւ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի հակառակորդն իր նպատակներին չհասնի»:

Մովսես Հակոբյանի խոսքերով, այն ինչ տեղի ունեցել Հյուսիս-արեւմտյան բանակային կորպուսում՝ մանրամասն վերլուծվել է. «Հակառակորդը խնդիր է իրականացրել եւ խոցվել է մեր կողմից, իսկ մնացած գործողությունները բավականին գաղտնի են լրատվամիջոցների եւ հասարակության համար: Ընդհանուր կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու՝ բավականին հմուտ է գործել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին մինչեւ վերջ իր նպատակն իրականացնի»:

Մանրամասները՝   տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին, թե պաշտպանության ոլորտի պատասխանատուները ապրիլյան պատերազմից հետո, պարբերաբար, վստահեցնում են, որ սահմանները վերազինվել են բոլոր անհրաժեշտ տեխնիկայով, սակայն, վերջերս կրկին ականատես եղանք դիվերսիոն փորձի, ինչի արդյունքում զինվորներ զոհվեցին, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ սահմանների վերազինումը արդիական տեխնիկայով մշտական գործընթաց է. այն ոչ սկիզբ ունի, ոչ էլ՝ ավարտ. «Այն պահից, երբ տեղադրվում է նոր տեխնիկա՝ նույն պահին հայտնվում է այդ տեխնիկայի չեզոքացման կամ դրա հնարավորությունների նվազեցման եւ էլ ավելի արդիական տեխնիկայի տեղադրման հնարավորությունը: Հետևաբար` այս գործընթացը մշտապես գտնվելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբի եւ պաշտպանության նախարարության հսկողության ներքո: Չկա այնպիսի տեխնիկա, որը բացառի ներթափանցումը, բայց ինչքան կահավորված է առաջնագիծը, այնքան ավելի քիչ է հնարավորությունը նման ներթափանցման: Ապրիլից ի վեր այդ երեւույթը ապացուցվում է փաստերով՝ փորձերի ներխուժման թվաքանակով»:

Պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը մասնակցում էին հանրապետական հավաքակայանում նորակոչիկների զորակոչի արարողությանը, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ վիճակահանությունը, թե ով որտեղ պիտի ծառայությունն իրականացնի: Հետաքրքրվեցինք, թե վիճակահանության գործընթացում ինչ փոփոխություններ են եղել, քանի որ շատերը կարծիք են հայտնում, որ անկախ վիճակահանությունից անապահովներն են սահմանին հայտնվում:

Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասաց. «Դուք բոլորդ կարող եք մասնակցել, մենք նաեւ կազմակերպել ենք, որ ծնողները այստեղից կարողանան դիտարկեն վիճակահանության արդյունքները: Գլխավոր շտաբը վճռական է որպեսզի արդարության սկզբունքները պահպանվեն. նախ որոշվի այն ծառայության վայրը, որը զինակոչիկը ընտրել է ծառայության ընթացքում: Մենք վճռական ենք, որպեսզի բոլորը արդար լինի»:

Վիգեն Սարգսյանի խոսքերով, թմբուկներում հավասարաչափ բաշխված են բոլոր այն զորամասերը, որտեղ կան մարտական հերթապահության մասնակցության խնդիր եւ այլ զորամասեր. «Ընդհանուր առմամբ դա շատ հարաբերական հասկացություն է, որովհետեւ հասկանալի է, որ մեր մարտահրավերները մեր խնդիրներն այպիսին են, որ Աստված մի արասցե, լարվածություն առաջանալու դեպքում մենք բոլորս հայտնվելու ենք այն վայրում, որտեղ առավել կարիքը կա՝ անկախ նրանից, թե ով որ զորամասում է ծառայում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Պարոն ԳՇ պետ, Ձեր մեկնաբանությունը ոչ միայն ժամանակին չէ, այլև տեղին չէ: Սահմանամերձ գոտու բնակիչներն իրավունք ունեն ու պարտավոր են տեղյակ լինելու իրենց անվտանգության ապահովման միջոցառումներից, իհարկե վերաբերվող մասով:
    Ձեր կողմից բնորոշված “ժամանակին հայտնաբերել եւ կանխորոշել են հակառակորդի գործողությունները եւ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացրել, որպեսզի հակառակորդն իր նպատակն իրականացնի” միտքը հաստատ Չինարիի դեպքին չի վերաբերվում այն պարզ պատճառով, որ Դուք նույնիսկ չեք կարողացել պարզել հակառակորդի դիվերսիոն խմբի քանակը, մեր տարածք ներթափանցելու նպատակը, տարածքից դուրս գալու ստույգ տեղը և այլն: Այս հարցերի պատասխաններն իմանալուց հետո միայն կարելի կլինի սխալների ուղղում կատարել: Ավելի քան 5 տարի է հակառակորդն ակտիվացրել է իր դիվերսիոն գործողությունները, որին իհարկե արժանի հակահարված է տրվում, սակայն որևէ շոշափելի հետևություն չի արվում, որի վառ ապացույցը Չինարիի դեպքն էր: Այն ավելի շատ դիրքային կռիվ էր հիշեցնում, քան դիվերսանտի չեզոքացում /երևի թե պետք չէ նշել, թե որքան կարոր էր նրան կենդանի վերցնելը, առավել ևս, որ նա արդեն իսկ մեր թիկունքում է եղել/: Առաջնագծի հագեցվածությունը, իմ կարծիքով, բավարար չէ նմանատիպ խմբերի դեմ պայքարելու համար: Բացի հատուկ միջոցներին, նաև հատուկ գիտելիքներ են պետք մեր զինվորներին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031