Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում են ընդլայնել առանց դեղատոմսի վաճառվող դեղերի ցանկը

Հունվար 18,2017 16:00

«Դեղերի մասին» նոր օրենքով արգելվելու է առանց դեղատոմսի հազարավոր դեղերի վաճառքը.  սա, ըստ դեղատան աշխատակիցների, լուրջ խնդիրների կհանգեցնի:

Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել «Դեղերի մասին» նոր օրենքը: Չնայած դեղ ներմուծողների հայտարարած մտահոգություններին, որ այս օրենքի արդյունքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան, այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ որեւէ խնդիր էլ չի լինի: Մասնավորապես, դեղ ներմուծողները դժգոհում են, որ նոր օրենքով սահմանափակվում են դեղերի «զուգահեռ ներմուծման» հնարավորությունները։ Օրինակ՝ եթե մինչ օրենքը ուժի մեջ մտնելը հնարավոր էր նույն դեղորայքը ներկրել մի երկրից, որտեղ այն մի քանի անգամ էժան է, քան ուղիղ արտադրողից ներմուծելու դեպքում, ապա օրենքը ուժի մեջ մտնելուց հետո այդ եղանակով դեղերի ներկրումը կարող է դադարել։ Դեղի բիզնեսով զբաղվողները պնդում են, որ դեղերի նոր խմբաքանակներ ներմուծելուց հետո եւ օրենքի մի շարք պահանջներ կիրառելու դեպքում դրանց գները կբարձրանան: Չնայած այս դժգոհություններին՝ առողջապահության ոլորտի պատասխանատուները, կարելի է ասել, հերքում են գործարարների ասածներն ու սպառողներին հանգստացնում՝ նոր օրենքը նման խնդիրների չի հանգեցնի, դաշտն են կարգավորում:

Նոր օրենքի պահանջներից մեկն էլ խիստ անհանգստացնում է թե սպառողներին եւ թե դեղատան աշխատակիցներին ու սեփականատերերին:

Օրինակ՝ առանց դեղատոմսի դեղ վաճառելն արգելվում է՝ բացառությամբ որոշ դեղերի, ներկայումս գրանցված են 4000-ից ավելի դեղեր, դրանցից կեսը, օրենքում փոփոխություններից հետո, պետք է դեղատոմսով վաճառվի:

Այս դրույթը դեռ ուժի մեջ չէ, ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այն քննարկվում է, եւ ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորեն, ավելի հստակեցնեն դեղատոմսի կարգը: Մինչ այդ փոփոխությունը կլինի, «Առավոտի» հետ զրույցում քաղաքացիներն իրենց վրդովմունքը հայտնեցին, որ ստիպված են լինելու ամեն անգամ «վազել» բժշկի մոտ, որպեսզի ասենք՝ ճնշումը կարգավորող դեղ գնելու համար դեղատոմս ստանան:

Նշենք, որ առանց դեղատոմսի, օրենքի ներկայիս պահանջով, հնարավոր է ձեռք բերել միայն վիտամիններ, հավելումներ, ցավազրկող մի քանի դեղեր:

Մեզ դիմած քաղաքացիներից մեկն ասաց. «Ճնշման համար ես միշտ նույն դեղն եմ խմում, եւ լավ էլ օգնում է: Սա իմ բժիշկն է նշանակել: Արդեն մեկ տարուց ավելի է՝ նույն դեղն եմ խմում: Տարվա մեջ մի երկու անգամ դիմել եմ բժշկիս, տեսել է, որ էդ դեղն օգնում է, չի փոխել: Նույնն է նշանակել: Հիմա ես չեմ կարողանում միանգամից շատ առնել, մտնում եմ դեղատուն, մի շաբաթվա կամ 10 օրվա համար եմ գնում: Եթե դեղատոմսով են սարքել, ի՞նչ է, ես 10 օրը մեկ բժշկի՞ պիտի գնամ նույն դեղատոմսը ստանալու համար: Սա հիմարություն է: Բժշկի կոնսուլտացիայի էդ փողով դեղերս կառնեմ»:

Մեկ այլ քաղաքացի էլ տարակուսած ասաց, որ եթե գիշերը որեւէ խնդիր առաջանա, ցավեր ունենա, արդյոք կարո՞ղ է առանց դեղատոմսի ցավազրկող դեղ գնել, այդ ժամին բժշկի գնալ չի կարող, իսկ ցավազրկող ոչ բոլոր դեղերն են առանց դեղատոմսի վաճառվելու: Կան որոշ ցավազրկողներ, որոնք հնարավոր է առանց դեղատոմսի գնել, բայց մեզ հետ զրուցած քաղաքացին նեղսրտած ասաց. «Ես ալերգիա ունեմ, ու ամեն մի ցավազրկող չէ, որ ինձ կարելի է: Ես ի՞նչ պիտի անեմ»:

Մի քանի դեղատների սեփականատերեր եւ աշխատակիցներ եւս մտահոգություններ հայտնեցին, նրանք նշեցին, որ լուրջ խնդիրներ կունենան թե՛ քաղաքացիները, թե՛ դեղատան աշխատակիցները, եթե օրենքում փոփոխություններ չարվեն. «Օրինակ՝ մենք բազմաթիվ հաճախորդներ ունենք, որ մշտապես նույն դեղն են գնում: Ասենք, ճնշման դեղը. հիմա ենթադրենք՝ մարդը իր դեղը մոռացել է տանը, եւ գործի տեղը հանկարծ ճնշումը բարձրացել է, ու շտապ դեղի կարիք ունի: Նա ի՞նչ պիտի, նորի՞ց գնա բժշկի՝ դեղատոմսի հետեւից, նա էդպես վատ վիճակում ո՞նց գնա բժշկի կամ կկարողանա՞ գնալ տուն էդպես վատ վիճակում: Կասեն՝ թող շտապօգնություն կանչի: Բայց նման դեպքեր շատ կարող են լինել: Եթե գա դեղատուն, ես չեմ կարողանալու շտապ օգնել նրան ու իր դեղը վաճառել»:

Մյուս մտահոգությունն էլ, դեղատան աշխատակցի պատմելով, այն է, որ բժիշկները դեղատոմսում դեղի անունը գրելու են, այսպես ասած, միջազգային ընդունված անունով, ազդող նյութի անունով, բայց տարբեր ընկերություններ նույն տիպի դեղերը տարբեր անուններով են արտադրում: Այս դեպքում դեղատան աշխատակիցը պետք է առաջարկի ըստ գների եւ երկրների արտադրության դեղերը, սակայն դեղի ազդեցության ու օգտակարության պատասխանատվությունը կարող է աշխատակցի վրա ընկնել. «Մի օրինակ բերեմ՝ ասենք՝ ԸՉպսՏՍր դեղը տարբեր անուններով է արտադրվում. ազդող նյութն ու միջազգային անունը մոկսիֆլոկսացինն է: Եթե բժիշկը դեղատոմսում գրի ազդող նյութի անունով, ես առաջարկեմ դեղի ավելի թանկ արտադրությանը՝ ԸՉպսՏՍր -ը, բայց կա նաեւ ավելի էժանը՝ վրացական արտադրությանը՝ Մոկսի անունով, ու գնողունակությունից ելնելով՝ մարդն էժանը գնի, հետո գա ասի՝ չազդեց քո տված դեղը, ես ի՞նչ պատասխան տամ: Չեմ կարող ասել՝ քո բժիշկն է գրել, եթե ասեմ՝ դուք եք ընտրել դա, կստացվի՝ հաճախորդը դժգոհ կգնա ու երեւի էլ չգա»:

Մեզ հետ զրուցած դեղատների սեփականատերերն ու աշխատակիցները խնդրում են նախարարության պաշտոնյաներին, որոնք աշխատել են օրենքի նախագծի վրա եւ դրա պատասխանատու են, ավելի մեղմ մոտեցում սահմանել, ընդլայնել առանց դեղատոմսերի վաճառվող դեղերի շրջանակը. «Հակաբիոտիկներն ու էլի մի քանի տասնյակ դեղեր, իսկապես, լավ է, որ դեղատոմսով լինեն, բայց շատ դեղեր կան, որոնք դեղատոմսով դեղերի ցանկում ներառելը իսկապես խնդիր է առաջացնելու»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

17.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031