Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Չի կարելի ասել, որ հենց վարչապետը փոխվեց՝ կոռուպցիան նվազեց» (Տեսանյութ)

Հունվար 25,2017 16:02

Կոռուպցիայի առումով մեր երկիրն անցյալ տարի հետընթաց է գրանցել: Այս մասին փաստում են կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների արդյունքները: Եթե 2015-ին 168 երկրների շարքում մեր երկիրը կիսում էր 95-ից 98-րդ տեղերը եւ կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքն էր 35, ապա անցյալ տարի` 2016-ին, ԿԸՀ արժեքն է 33, եւ 176 երկրների շարքում Հայաստանը Բոլիվիայի եւ Վիետնամի հետ միասին կիսում է 113 եւ 115-րդ տեղերը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեկնաբանելով այս արդյունքները, ասաց. «Եթե ունենք կոռուպցիայի այսպիսի համաթիվ, կնշանակի ունենք համակարգային կոռուպցիա, իսկ համակարգային կոռուպցիայի առկայություն՝ կնշանակի կոռուպցիոն բուրգի առկայություն»:


Հարցին, թե ուսումնասիրությունն արդյոք ներառո՞ւմ է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը, պարոն Հոկտանյանը պատասխանեց, որ բոլոր այն աղբյուրները, որից օգտվել են այդ համաթիվը ստանալու համար, մինչեւ 2016 թվականի օգոստոսի տվյալներ են պարունակել, սակայն չի կարելի ասել, որ հենց վարչապետը փոխվեց՝ կոռուպցիան նվազեց. «Այսպիսի համաթվերն ունեն իներցիոնություն, որի արդյունքում այդ 33 համաթիվը տարածվում է նաեւ հաջորդ ամիսների վրա»:

Aravot.am-ի հարցին, թե մասնավորապես ո՞ր ոլորտներն են կոռումպացված, որոնք էլ թույլ չեն տալիս, որ մեր երկրում կոռուպցիան նահանջ ունենա, պարոն Հոկտանյանը պատասխանեց, որ այս հետազոտությունն արտացոլում է հանրային սեկտորում կոռուպցիայի ընկալումը եւ չի տարանջատում՝ որ ոլորտը:

Սակայն կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալներով՝ Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները 2016-ին համարվել են պետական ծառայության ինստիտուտը, հարկային մարմինները եւ նախագահի ապարատը:
Հարցին, թե կառավարությունում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն ինչ օգուտ է տալիս, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ խորհուրդներով հարցերը չեն լուծվում. «Խորհուրդն այդպիսի խնդիրներ կարող է լուծել միայն, եթե կա քաղաքական կամք»:

 

Պարոն Հոկտանյանի տվյալներով՝ կոռուպցիայի հարցում ամենամեծ հետընթացն ունեցել ենք 2008-2011 թթ.-ին:

Մանրամասները` տեսանյութում

Անդրադառնալով ԵՏՄ անդամ երկրներում կոռուպցիայի իրավիճակին, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ ԵՏՄ-ում կոռուպցիայի առումով Հայաստանի վիճակը համեմատաբար լավ է, քանի որ դեռեւս ե’ւ Ռուսաստանը, ե’ւ Ղազախստանը, ե’ւ Ղրղըզստանը մեզնից հետ են: Փոխարենը՝ Բելառուսը էական արդյունքներ է գրանցել: Հարեւան երկրներից էլ չնայած Թուրքիայի նահանջն այս տարի ավելի մեծ է եղել, սակայն այդ ցուցանիշներով հանդերձ էլ կոռուպցիայի առումով մեզնից ավելի լավ վիճակում է. «Ադրբեջանը 29-ից դարձել է 30, իսկ Իրանը 27-ից բարձրացավ 29-ը: Մոլդովայի վիճակն է վատանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031