Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն». ցուցարարը 3 տարով ազատազրկվեց (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 16:43

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՊՊԾ գնդի գրավմանը Խորենացի փողոցում հաջորդած հավաքների մասնակիցների գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը մեղադրվում են ոստիկանների հանդեպ բռնություն կիրառելու, մասնավորապես՝ նրանց վրա քարեր նետելու համար:

Նախ, նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ: Կանանցից մեկին չհաջողվեց դատական նիստերի դահլիճ մտնել, քանի որ նստելու տեղ չկար: Մեղադրյալների հարազատները դժգոհեցին, որ դահլիճը փոքր է, կարգադրիչներն էլ, թե՝ «այս են եղած պայմանները»: Նիստը նշանակված էր 12:00-ին, սակայն մեղադրյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բերեցին 50 րոպե ուշացումով:

Հերթը պաշտպանական ճառերինն էր: Մեղադրյալ Սոսո Մարգարյանի փաստաբան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի:

Ըստ փաստաբանի՝ քաղաքացիները մասնակցելով ցույցի՝ փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռչել է ու ընկել գետին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը:

Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: «Այսինքն՝ ես մեղավոր եմ, բայց մեղավոր չեմ»,-արձագանքեց դատավորը: Մեղադրյալն ասաց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»:

Ավելի ուշ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշեց Սոսո Մարգարյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ նույն դատավիճը կայացվեց նաեւ Գագիկ Միքայելյանի հանդեպ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728