Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես բանկի շարքային աշխատակիցն ահաբեկչական խումբ բացահայտեց

Փետրվար 04,2017 13:00

(Իրական հորինվածք, որի դեպքերը կատարվել են անձամբ հեղինակի հետ 2017թ. հունվարի 27-ին, Երեւանի Կենտրոն համայնքում)

Մեկ տարվա չարչարանքից հետո ավարտել եւ հրատարակչին էի ներկայացրել Սալման Ռուշդիի «Կեսգիշերի զավակները» ծավալուն վեպի թարգմանությունը: Հրատարակիչն էլ վերջնահաշվարկ էր կատարել եւ բանկային հաշվիս էր փոխանցել հոնորարի մնացորդը: Ինձ համար բավական մեծ գումար էր՝ ամբողջ տարվա թոշակս, կամ Ազգային ժողովի պատգամավորի մեկ ամսվա աշխատավարձի կեսը, կամ էլ բանկերի աշխատակիցների մեկ ամսվա միջին աշխատավարձի մեկ քառորդը կամ հինգերորդը, այլ համեմատություններ անելու կարիք չկա:

Սրտանց ուրախացել էի եւ աճապարեցի բանկ, որը վաղուց բնավորվել է մեր բնակելի շենքի առաջին հարկում: Անձնագիրս թեթեւորեն, գրեթե քնքշությամբ մեկնեցի նրբագեղ, նրբամաշկ ու նրբաքիթ, նրբաժպիտ ու նրբաձայն աշխատակցուհուն, որ սիրով վերցրեց եւ բարեհամբույր ձայներանգով հարցրեց.

– Ի՞նչ գործարք եք ցանկանում կատարել:

– Հաշվիցս գումար եմ հանելու, – պատասխանեցի:

Համակարգչի ստեղնաշարը չրխկչրխկաց, աղջնակի նրբիկ մատները դաշնակահարի վարժ ու անսխալ շարժումներով սահեցին աջ եւ ահյակ, ապա գեղուհին կկոցեց նշաձեւ աչքերը, նետի պես ուղիղ հոնքերը կնճռոտեց, եւ կայծակնային միտքը շանթահարեց նրա ուղեղը՝ «Ահաբեկիչնե՜ր են: Ռուշդի՜: Էն էլ՝ Սալմա՜ն: Սրա տակ հաստատ մի բան կա»:

– Իսկ հոնորարն ի՞նչ է:

– Վարձ է, որ վճարում են կատարած աշխատանքի դիմաց, – ասացի՝ ապշելով առնվազն ֆինանսիստի դիպլոմակիր աշխատակցուհու անտեղյակությունից:

«Ուրեմն փողը փոխանցել են, որպեսզի ինչ-որ բան անի, – փայլատակեց աղջկա մտքում, – հենց այս դեպքերի մասին էին մեզ նախազգուշացնում»: Աղջկա համոզմունքն ահաբեկչական գործողության վերաբերյալ կրկնապատկվեց: Հաջորդ պահին նա ձախ ձեռքը շտապով տարավ դեպի սեղանի ձախ վերին անկյունում օտար աչքից հեռու դրված սեւաթույր հեռախոսը, ընդամենը չորս թիվ հավաքեց, աջ ձեռքով ինձնից թաքցրեց լսափողին սեղմված բերանն ու խոսեց անչա՜փ ցածր ձայնով: Խեղճն ի՞նչ իմանար, որ աջ ականջս բացառիկ լսողությամբ է օժտված:

– Պարոն … (մինչ կլարեի լսողությունս, չհասցրեցի ազգանունը լսել), շատ մեծ գումար չէ, բայց գրված է «հոնորար, կեսգիշերի զավակներ եւ սալման ռուշդի»: Ի՞նչ անեմ:
Հեռախոսալարի մյուս ծայրում գլխամասայինի անչափ պատասխանատու աշխատակիցն էր, որ ամենայն հավանականությամբ սերտ կապերի մեջ էր հատուկ ծառայությունների հետ եւ անմիջապես գլխի ընկավ, որ «հոնորարը» բառ-բանալի է, «Կեսգիշերի զավակները»՝ գործողության ծածկագիր-անվանումը, իսկ «Սալման Ռուշդին» այդ գործողությունը ֆինանսավորող ահաբեկիչ, որ հանդես է գալիս ծածկանունով: Ընդամենը մեկ ակնթարթ հապաղելուց հետո հնչեց նրա խիստ տիրական, ամբարտավան ու անտարբեր պատասխանը.

– Գումարը չտաս, մինչեւ չճշտես՝ փոխանցողին ճանաչո՞ւմ է: Համ էլ ի՞նչ նպատակով է գումարը փոխանցվել:

Ժպիտն անհետացավ գեղուհու դեմքից, ուրեմն ինքը ճիշտ էր՝ ահաբեկչական խումբ է բացահայտել: Եվ աղջիկն ակնթարթորեն «երկաթե լեդիի» դիմակը հագավ, թեթեւակի հազաց, կարծես ձայներանգն էր փոխում՝ միացնելով խիստ ու հատու հնչյունների կարգավորիչները:

– Սալման Ռուշդիին անձամբ ճանաչո՞ւմ եք:

Հիմա էլ ես շանթահար եղա: Ձեր ի՞նչ գործն է՝ ո՞ւմ եմ անձամբ ճանաչում կամ չեմ ճանաչում: Եվ դա իմ հոնորարի հետ ի՞նչ կապ ունի:

– Անձամբ ծանոթ չեմ: Բայց ի՞նչ խնդիր կա, – պատասխանեցի:

– Դե՜, անվտանգության խնդիր է, – կմկմաց աղջիկը:

– Ի՞նչ անվտանգություն, փող լվացո՞ղ եք փնտրում, թե՞ ահաբեկիչ, – զայրացա:
Աղջիկը դարձյալ ձախ ձեռքը սեւաթույր հեռախոսին մեկնեց:

– Ասում է, որ անձամբ չի ճանաչում:

– Թող հայտարարություն գրի, որ անձամբ չի ճանաչում: Թող գումարի փոխանցման նպատակն էլ նշի, – բամբ բռբռոցը հստակ լսելի էր նույնիսկ ինձնից ոչ հեռու կանգնածներին:

Աղջիկն անտարբեր հայացքով ինձ նայեց եւ նույն բառերը սառնասառն անտարբերությամբ շաղեց դեմքիս:

– Նման բան չեմ գրի: Ինձ տվեք իմ հաշվին փոխանցված գումարը, – պնդեցի:

– Իրավունք չունենք, կարգն է այդպիսին, – նույն սառնությամբ արտասանեց աղջիկը:

– Ի՞նչ կարգ: Ցույց տվե՛ք, խնդրում եմ:

Աղջիկը փոքր-ինչ շփոթվեց, ապա ձեռքը կրկին փրկօղակ-հեռախոսին մեկնեց:

– Հարցնում է՝ ի՞նչ կարգ է: Ուզում է, որ ցույց տամ, – փսփսաց քթի տակ: Ապա դեպի ինձ շրջվեց եւ կրկնեց հենց նոր իր ձախ ականջը մտած բառերը, – ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարի որոշման համաձայն:

Հրաշալի՜ է: Սրամտելու առիթը բաց թողնել չէի կարող:

– Հա՛, եթե այդ որոշման համաձայն է, ուրեմն ասեմ, որ Սալման Ռուշդին եւ Ալեքսանդր Պուշկինն, իրոք, համաշխարհային ահաբեկիչներ են: Բայց նրանց անձամբ չեմ ճանաչում, եւ այս գումարի հետ նրանք կապ չունեն: Այնպես որ՝ գումարս տվե՛ք:
Աղջկա աչքերի ապակեփայլը խամրեց, ինձ թվաց, որ նրա ականջները թեթեւակի դեպի վեր ձգվեցին, ճակատն ավելի դուրս ցցվեց, ռունգերը պրկվեցին, իսկ ձախ ձեռքն ինքնաբերաբար երկարեց ու որսաց սեւաթույր ընկալուչը: Ապա նրա փսփսոցը թնդաց գարնան որոտի պես.

– Ընդունում է, որ Սալման Ռուշդին ու ինչ-որ Ալեքսանդր Պուշկին իսկապես ահաբեկիչներ են, բայց ինքը նրանց անձամբ չի ճանաչում: Եղավ, լսո՛ւմ եմ: – Հաջորդ պահին աղջիկը վայր դրեց ընկալուչն ու ինձ դիմեց, – գիտե՞ք ինչ, կամ հայտարարություն կգրեք, կամ էլ չենք կարող Ձեր գումարը վճարել:

Նյարդերս տեղի տվեցին: Այդ ամենն այլեւս անտանելի էր:

– Իսկ կարելի՞ է ինքս խոսեմ այդ ղեկավարի հետ:
– Ո՛չ, չի՛ կարելի: Համ էլ նա գլխամասայինում է նստում:
Վերցրեցի անձնագիրս եւ մասնաճյուղի վարիչի մոտ բարձրացա: Այստեղ աշխատելու առաջին օրվանից ճանաչում էի նրան, պարկեշտ եւ ազնիվ մարդու տպավորություն էր թողել: Սիրալիր ներս հրավիրեց:

– Ի՞նչ խնդիր կա, – հարցրեց պատրաստակամ:

– Միջազգային ահաբեկիչ եմ, հաշվիս վրա եղած գումարը չեն տալիս:
Անկեղծորեն զարմացած հայացքով ինձ նայեց, ապա ներքին հեռախոսով կապվեց աչալուրջ աշխատակցուհու հետ:

– Ի՞նչ խնդիր կա, հրատարակչությունը հոնորար է ուղարկել, վճարե՛ք, – կարգադրեց:

Աղջիկը, հավանաբար, բացատրեց, որ գլխամասայինից են արգելել, եւ վարիչը հարկադրված գլխամասային զանգահարեց: Դարձյալ լարեցի աջ ականջիս լսողությունը: «Շա՜տ կասկածելի է, – ասում էր գլխամասայինի պատասխանատուն: – Որ խորանանք, հաստատ ահաբեկչություն է: Պատկերացրու՝ հրատարակիչ-հոնորար-կեսգիշերի զավակներ-սալման ռուշդի, լսում ես, չէ՞, թե ինչ անուն է, եւ Հայաստանի քաղաքացի, որ ընդունում է՝ Սալման Ռուշդին ու Ալեքսանդր Պուշկինը միջազգային ահաբեկիչներ են, չնայած ասում է, որ իբր անձամբ չի ճանաչում նրանց: Հա, էդ հոնորա՞րն ինչ է: Դե լավ, կարեւոր չէ: Ախր մեկ կամ երկու հոգի չեն, է՜, մի ամբողջ հանցավոր խումբ է»:

– Մարդուն վաղուց եմ ճանաչում, գրող է, թարգմանիչ, գիրք է թարգմանել, հիմա էլ հոնորար է ստանում, – հակաճառում էր մասնաճյուղի վարիչը:

– Չէ՛, էդտեղ ուրիշ բան կա, դու պարզապես տեղյակ չես ու գլխի էլ չես ընկնում, – հակադարձեց գլխամասայինը:

– Փոխանցումը որտեղի՞ց են արել, – ինձ դիմեց վարիչը:

– Կոմիտասից, – կարճ կապեցի:

Մասնաճյուղի վարիչը հեգնախառն մեղավոր ժպիտով ինձ նայեց, աննկատ աչքով արեց, ապա շարունակեց խոսափողի մեջ.

– Իմ պատասխանատվությամբ վճարում եմ:

– Ուրեմն քո ստորագրությամբ, ու թե հետո ինչ կլինի՝ ինքդ էլ պատասխան կտաս, – ասաց գլխամասայինն ու անջատեց հեռախոսը:

Վարիչի հետ մոտեցանք զգոն աշխատակցուհուն, ուղեկիցս ստորագրեց գումարի դուրսգրման երեք փաստաթղթերը եւ հեռացավ գլուխը տմբտմբացնելով:
Փայլազուրկ գեղուհին վախվորած հայացքով ինձ մեկնեց գումարը: Կյանքում գուցե երբեք իրական ահաբեկիչ չէր տեսել:

 

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728