Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ իսրայելական անօդաչուների

Փետրվար 08,2017 12:00

Ռուսական սպառազինությունը քիչ է. Երեւանի սենսացիոն արձանագրումը

Հայաստանն ու Իրանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Դեկտեմբերի 21-ին մեկօրյա պաշտոնական այցով Երեւան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցից մեկ ամիս անց` անցյալ շաբաթ, պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հունվարի 31-ին նա հանդիպեց Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպմանը, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանի «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաեւ գիտական հարթությունում։ Ապա հայկական պատվիրակությունն այցելել է «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ։

Կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ Նրանք համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։ Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրին, զրուցակիցներն ընդգծել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում, եւ կարգավորման կարելի է հասնել բացառապես քաղաքական ճանապարհով։

Փետրվարի 1-ին Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Զարիֆի հետ հանդիպմանը կարեւորվել է անվտանգության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնումը: Կողմերը շեշտել են նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման կարեւորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման, վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամությունը, Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

Ռուսական սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը

Վիգեն Սարգսյանի այս խիստ կարեւոր այցն Իրան տեղի է ունեցել նրա կողմից բավական ուշագրավ մի դիտարկմամբ: Նա այդ այցից մի քանի օր առաջ` հունվարի 27-ին, հանդիպել էր լրագրողներին՝ ամփոփելու իր պաշտոնավարման առաջին 100 օրը, որի ընթացքում նշել է, որ Ռուսաստանից ստացվող սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը, որն առկա է հայկական Զինված ուժերում: Ապա Վիգեն Սարգսյանը հավելել է, որ այդ պատճառով Հայաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ նույնպես, որտեղից արդեն իսկ կան մատակարարումներ. «Իրականում այն, ինչ մենք ստանում ենք ՌԴ-ից նաեւ մեր փոխգործակցության տարբեր ծրագրերով, ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա, չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր Զինված ուժերն ունեն, եւ, հետեւաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ՝ համալրելու մեր Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինություններով»։

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք Հայաստանը բանակցություններ է վարում նաեւ արեւմտյան երկրների հետ՝ գերժամանակակից սպառազինության ձեռք բերման նպատակով, եւ կա՞ն մատակարարումներ, նա դրական էր պատասխանել, սակայն չմանրամասնելով, թե որ երկրների եւ սպառազինության ինչ տեսակների մասին է խոսքը. «Ես շատ բան, իհարկե, չեմ կարող ասել, որովհետեւ ցանկացած նման բանակցություններ վարվում են գաղտնի, մի բան է պետք հաշվի առնել, որ նախ՝ երբ խոսում ենք գերժամանակակից զենքից, զինատեսակներից, մեր ռուսաստանյան գործընկերն այսօր համարվում է բոլոր միջազգային չափանիշներով մրցունակ եւ շատ ժամանակակից զինատեսակներ արտադրող, մենք շարունակում ենք իրենց հետ գտնել այն զինատեսակները իրենց արտադրության, որոնք մեզ պետք են, եւ ունենք մեծ առավելություն, որպես ՀԱՊԿ անդամ երկիր ունենք ներքին գներով ձեռք բերումներ կազմակերպելու հնարավորություն։ Իսկ ինչպես հասկանում եք, դա հսկայական տարբերություն կարող է տալ միջազգային շուկայի հետ։ Բայց մենք շարունակում ենք երկխոսությունը բոլոր հնարավոր գործընկերների հետ եւ ունենք արդյունքներ, եւ ունենք մատակարարումներ անգամ»։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը նաեւ հայտնել է, որ Հայաստանն արդեն ստացել է ռուսական 200 միլիոն դոլար վարկով նախատեսված սպառազինության մի մասը. «200 միլիոնի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետեւ այն հույժ գաղտնի է, եւ կարող է ուղղակիորեն օրենք խախտած լինեմ, բայց կարող եմ ասել, որ մի մասը, ինչ նախատեսված էր 200 միլիոնով, դրա մի մասն արդեն գտնվում է Հայաստանում, արդեն մատակարարված է Զինված ուժերին եւ դրված է ծառայության։ Մնացած պայմանագրերն ընթանում են ըստ մեր կնքած ժամանակացույցերի, եւ մենք շատ հետամուտ ենք լինելու՝ հնարավորինս արագ ստանալու այդ ամբողջ ծավալները»։

Նկատենք, որ ավելի վաղ՝ հունվարի կեսին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով: Այդ մասին հստակ հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Դավոսում մասնակցում էր Համաշխարհային տնտեսական համաժողովին:

Պաշտոնական Երեւանի կողմից արձանագրումը, որ Ռուսաստանից ստացվող սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը, եւ այդ պատճառով Հայաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ, ավելին` արդեն իսկ կան մատակարարումներ, բավական ուշագրավ է:

ԼՂ պատերազմի բռնկումը` անցանկալի սցենար Իրանի համար

Վիգեն Սարգսյանի այցն Իրան կարելի է հաջողված համարել` դատելով Իրանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում արված անգամ պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությունից: Դրանք վկայում են հայ-իրանական բավական հագեցած օրակարգի մասին:

Բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին առավել մանրամասներ, իհարկե, հայտնի չեն, սակայն պարզ է, որ բացի երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերի խորացման անհրաժեշտության մասին հայտարարություններից՝ խիստ կարեւորվել է տարածաշրջանային անվտանգությունը, պաշտպանական ոլորտում համագործակցությունը:

ԼՂ խնդրի բռնկումը խիստ անցանկալի սցենար է Իրանի համար, իրանցի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ շեշտում են, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Պաշտոնական Թեհրանի հայտարարությունները հստակ ուղերձ են պաշտոնական Բաքվին:

Ի դեպ, ադրբեջանական մամուլը Վիգեն Սարգսյանի Իրան կատարած այցին մեծ ուշադրությամբ հետեւեց, եւ դատելով որոշ հրապարակումների մեկնաբանություններից ու շեշտադրումներից` Ադրբեջանում բավական մտահոգ էին հայ-իրանական վերջին բանակցություններով: Բաքվում, թերեւս, անհանգիստ են, որ Հայաստանը եւ Իրանը պատրաստվում են գործակցել մի շարք կարեւորագույն ոլորտներում, այդ թվում եւ անվտանգության:

Բացի այդ, Իրանը բացասաբար է վերաբերվում ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման գաղափարին, իսկ դա կյանքի կոչելը Ռուսաստանի երազանքն է` հատկապես ապրիլյան քառօրյայից հետո, հետեւաբար Իրան-Հայաստան տարածաշրջանային կայունության պահպանման ջանքերն ինչ-որ առումով նաեւ նշանակում են այդ գաղափարին ընդդիմանալ:

ՀՀ-ն ու Իրանը հակակշռում են ադրբեջանաիսրայելական համագործակցությանը

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցելությունը կարելի է նշանակալի իրադարձություն համարել նաեւ այն առումով, որ Հայաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը կարեւոր է նաեւ Ադրբեջան-Իսրայել սերտացող համագործակցության հավասարակշռման տեսանկյունից: Պաշտոնական Թեհրանի համար, թերեւս, այնքան էլ դուրեկան չէ տեսնել Իսրայելի ակտիվացման փորձերը Հարավային Կովկասում, իսկ ավելի կոնկրետ` Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների ամրապնդումը: Ուստի հայ-իրանական համագործակցության խորացումն անվտանգության հարցերում կայունության պահպանման որոշակի գործոն է:
Իսրայելը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին: Ապրիլյան պատերազմում իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կիրառվեցին: Իսրայելի արտոնագրով Ադրբեջանը արտադրում է անօդաչու թռչող սարքեր: Ի դեպ, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Հայաստանն ու Իրանն իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ համատեղ պայքարի ծրագիր կարող են մշակել:

Նկատենք, որ վերջին մի քանի տարիներին բազմաթիվ անգամ տեղեկություններ են հրապարակվել, որ Իսրայելը անօդաչու ինքնաթիռներ է վաճառում Ադրբեջանին: 2012թ. փետրվարին Իսրայելի պաշտոնյաները հաստատեցին Ադրբեջանի հետ ռազմական բնագավառում խոշոր գործարք կնքելու տեղեկությունը։ Բացի այդ, դեռ այդ ժամանակ արդեն իսկ խոսվում էր, որ Իսրայելն Ադրբեջանին վաճառելու է հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր։

2014թ. սեպտեմբերին ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը» տեղեկություն հրապարակեց, համաձայն որի՝ 2009-ին պաշտոնական Բաքվի ու իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջեւ կնքվել է պայմանագիր՝ Ադրբեջանում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան հիմնելու վերաբերյալ։ Գործարանը շահագործման էր հանձնվել 2011թ. գարնանը։ Նշվել էր, որ այդ գործարանում արտադրվում են Orbiter-2M եւ Aerostar անօդաչուներ: «Ռազմական տեխնիկայի վաճառքի ոլորտում Իսրայելի եւ Ադրբեջանի առեւտուրը կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար»,- 2014թ. դեկտեմբերին հաղորդեց իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «The Jerusalem Post» պարբերականին:
Անցյալ տարի ապրիլյան քառօրյա պատերազմից մի քանի օր անց haaretz.com կայքը հայտնեց, որ Իսրայելը մտադիր է նոր անօդաչու թռչող սարքեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնի էր դարձել այդ երկրում գործունեություն ծավալող Մերեց կուսակցության նախագահ Զահավա Գալյոնի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնին ուղղված նամակից։ Մերեց կուսակցության նախագահը, մասնավորապես, կոչ էր արել երկրի իշխանություններին վերջ տալ Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառել, որոնք օգտագործվում են ԼՂ հակամարտության շփման գոտում՝ ընդդեմ հայկական զինված ուժերի։ Գալյոնն իր նամակում գրել էր. «Ինչպես գիտեք՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը բարեկամ են Իսրայելին, եւ անհասկանալի է, երբ իսրայելական արտադրության զենքերը օգտագործվում են այդ երկու պետությունների միջեւ պատերազմում՝ Լեռնային Ղարաբաղում»։

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի դեկտեմբերի կեսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատանքային այցով ժամանեց Բաքու: Իլհամ Ալիեւը այդ օրերին հայտնեց, որ մինչ օրս պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել: Նեթանյահուի այցից հետո էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունների միջեւ համաձայնություն է կայացվել Թել Ավիվի կողմից Բաքվին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքի շուրջ։ Տեղեկությունը հայտնել էր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ինչպես նաեւ հաստատել էին իսրայելական գործակալությունները՝ նշելով, որ համակարգը գնելու Ադրբեջանի շահագրգռվածությունը «ծագել է Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համակարգի ձեռք բերումից»։

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 07.02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728