Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. Ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Վարդան Օսկանյանը Մարտի 1-ին հրաման չէին կարող արձակել

Մարտ 01,2017 14:49

«Համաձայն չեմ, որ Մարտի 1-ին անդրադառնան միայն մարտի 1-ին»,- մարտի 1-ին Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ 2008 թվականի մարտի 1-ը շարունակում է ապրել մեզ հետ, մեր քաղաքական իրականության մեջ հասարակական եւ սոցիալական կյանքում. «Եթե չլիներ այդ օրը, մենք այսօր անկասկած ապրելու էինք բոլորովին այլ Հայաստանում, որտեղ չէին լինի «Սասնա ծռեր», որտեղ չէին լինի քաղբանտարկյալներ, որտեղ չէր լինի իշխանական տեռորը եւ որտեղ հնարավոր է լինեին ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երկու անդամները այդ ժամանակ պաշտոնյաներ են եղել, ասաց. «Սեյրան Օհանյանի դեպքը պետք է տարանջատել Օսկանյանի պարագայից, որովհետեւ իր կողմից հայտարարություն չի եղել: Ընդամենը արտակարգ իրավիճակների մասին Ազգային ժողովի որոշումը եւ նախագահի ստորագրած հայտարարությունն է կարդացել: Իսկ պարոն Օսկանյանը ինքն է մամուլի ասուլիսով հանդես եկել: Պարոն Օհանյանի մասին փաստահավաք խմբում հղում կա, որտեղ Միքայել Հարությունյանը ասում է՝ հրամայեցի գենշտաբի պետին՝ Օհանյանին, որպեսզի 4 մեքենա տրամադրի, ուրիշ որեւէ արտահայտություն չկա: Նույնիսկ այդ փաստահավաք խմբում գրված է, որ ինքը հրաման է կատարել այն էլ շատ տեխնիկական հարցերով»:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նա պատրաստ է դատարանում ասի այն ամենը, ինչ գիտի. «Դրանով կարծում եմ շատ բան է ասված: Այդ հայտարարությունը չեմ ընդունել այն ժամանակ եւ չեմ ընդունում, իրավիճակի փոփոխություն չկա: Ակնհայտ է, որ որպես թիմի ներկայացուցիչ արել է եւ ոչ միայն թիմի ներկայացուցիչ է եղել: Այդ ժամանակահատվածում շատ ակտիվ դիվանագիտական քննարկումներ էին կատարվում, այդ է պատճառը, թե ինչու պարոն Օսկանյանը ասուլիս արեց: Դիսոնանսի խնդիր գոյություն չունի, որովհետեւ «Ժառանգությունը» չէր կարող համագործակցության մաս կազմել մի տեղ, որտեղ ոչ միայն Մարտի 1-ը, այլ նաեւ մեր երկիրը պարբերաբար ցնցումների մեջ գցող խնդիրները վեր չհանվեն: Այսինքն՝ մենք ունենք տարբեր խնդիրներ տարբեր ժամանակահատվածում»:

Հարցին, այսինքն՝ ինքը կարծում է, որ Սեյրան Օհանյանին, Վարդան Օսկանյանին իշխանության գալու դեպքում որեւէ բան չի կաշկանդի գործն առաջ տանելու համար, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց՝ ոչ. «Ակնհայտ է, որ որեւէ մեկը չկա, որ կարող էր հրաման արձակել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031