Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թռչնամթերքը Իրանից Հայաստան է մտել մինչեւ ՍԱՊԾ-ի արգելանք դնելը

Մարտ 31,2017 19:30

Թռչնագրիպի մուտքը մեր երկիր կանխելու նպատակով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն (ՍԱՊԾ) արգելել է Իրանի Իսլամական Հանրապետության 6 նահանգներից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը: Որոշումն ամրագրվել է ծառայության պետի 2017թ. հունվարի 20-ի N13-Ա հրամանով:

Aravot.am-ը տեղեկություն ստացավ, որ չնայած սույն արգելքին Իրանից Հայաստան է ներկրվել հավի մսոսկորային ալյուր: Ապրանքը ներմուծել է

«Շառափ» ՍՊԸ-ն, որը, որպես ընկերություն, համաձայն պետռեգիստրի տվյալների, գրանցվել է այս տարվա փետրվարի 1-ին:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայություն: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ռիսկային գոտուց ապրանքը մտել Հայաստան, արդյոք կա՞ համապատասխան թույլտվություն, ի՞նչ փաստաթղթի հիման վրա է այն մուտք գործել մեր երկիր:

Ինչպիսի՞ լաբորատոր փորձաքննություն է անցկացվել, ստուգվե՞լ է թե ինչ գործարանից է վերցվել հումքը, ինչ երթուղի է անցել եւ այլն:

ՍԱՊԾ-ից Aravot.am-ի հարցմանը պատասխանեցին, որ ծառայության պետի` թռչնամսի ներմուծման արգելանգի վերաբերյալ հրամանից հետո ոչ մի խմբաքանակ վերոնշյալ ապրանքատեսակների Հայաստան մուտք չի գործել:

«Շառափ» ընկերությունն, ըստ ծառայության մամուլի բաժնի, մինչեւ արգելանքն է ներմուծել 23 տոննա մսոսկորային ալյուր, սակայն ոչ թռչնամսի, ենթադրվում  է՝ խառը, որը ուղեկցող փաստաթղթերի հիման վրա ստացել է անասնաբուժական սերտիֆիկատ:

Մեր հարցին ի պատասխան ծառայությունից հայտնեցին, որ տվյալ ապրանքի արտադրողը Ռիզդանե Էսֆահան կազմակերպությունն է:

ՍԱՊԾ տվյալներով ծառայության պետի երկու հրաման է եղել, վերջինն արձակվել է մարտի 7-ին, համաձայն որի, Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. Մարտի 7-ից ժամանակավորապես արգելվել է Իրանի Իսլամական Հանրապետության Խորասան-Ռեզավի եւ Սպահան նահանգներց եւ Ուկրաինայի Չեռնովցիի, Տերնոպոլի, Օդեսայի եւ Խերսոնի մարզերից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը՝ մինչեւ այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

Այսինքն` արգելանքը չի տարածվում այդ երկրներից մինչեւ 2017 թվականի մարտի 7-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031