Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազատությունը միմիայն նվազում է

Մայիս 03,2017 18:34

Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է, սակայն Հայաստանը կարծես թե չի նվաճել այն տոնողների շարքում լինելու իր իրավունքը: Վերջին մի քանի օրերին հրապարակված միանգամից երկու միջազգային հետազոտական կազմակերպությունների տարեկան զեկույցներում Հայաստանի մամուլի ազատությունը հետընթաց է գրանցել:

Հետընթաց՝ ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության

Լրատվամիջոցների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Լրագրողներ առանց սահմանների» միազգային կազմակերպության Խոսքի ազատության ինդեքսի համաձայն Հայաստանն այս տարի 5 կետով ավելի ցածր է, քան նախորդ տարի: 2016-ին Հայաստանը ուսումնասիրված 180 երկրներից 74-րդն էր, իսկ այս տարի արդեն 79-րդը, ընդ որում, Հայաստանին ցուցակում նախորդում է Բենինը, իսկ հաջորդում Մոլդովան:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Խոսքի ազատության ինդեքսը բաժանում է երկրներին հետևյալ խմբերի՝ լավ, բավականին լավ, խնդրահարույց, վատ և շատ վատ: Հայաստանը խնդրահարույց երկրների շարքում է: Ըստ Ինդեքսի՝ թեև Հայաստանում գոյություն ունի բազմակողմանի տպագրվող լրատվություն, իսկ հետազոտող լրագրությունը ինտերնետում զարգանում է, սակայն կան խնդիրներ եթեր հեռարձակվող լրատվության ոլորտում: Մասնավորապես, հեռուստատեսությունների թվայնացումից հետո քննադատական մոտեցում ունեցող լրատվամիջոցների հեռարձակումը կախված կլինի հեռուստահաղորդակցման մրցույթային գործընթացների անաչառությունից:

Եվս մի կարևոր խնդիր, որը ազդել է Հայաստանի ցուցանիշի անկմանը, կազմակերպությունը համարում է 2016 թ. հուլիսին լրագրողների հանդեպ բռնության դեպքերի անպատիժ մնալը:

Անազատ՝ ըստ «Ֆրիդոմ Հաուսի»

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային հեղինակավոր հետազոտական կազմակերպության «Մամուլի ազատություն 2017» (թեև վերնագրված է 2017, սակայն ամփոփում է 2016-ի իրադարձությունները) տարեկան հաշվետվության համաձայն՝ Հայաստանը 100 բալանոց համակարգով, որտեղ 0-ն ամենաազատն է, իսկ 100-ը ամենաբացասականը, ստացել է 63 միավոր՝ դասակարգվելով անազատ երկրների շարքին: Ընդ որում, անցած 14 տարիներին Հայաստանը միշտ դասակարգվում է անազատ մամուլ ունեցող երկրների շարքին: Վերջին անգամ Հայաստանը ըստ «Ֆրիդոմ Հաուսի» մասնակի ազատ մամուլ է ունեցել 2002 թվականին՝ Ա1+ հեռուստաընկերության փակումից առաջ:

Թեև «Ֆրիդոմ Հաուսը» անցած շաբաթ հրապարակել է միայն երկրների ընդհանուր ցուցանիշը և չի ներկայացրել մանրամասն զեկույց անցած տարվա ընթացքում ՀՀ մամուլի ազատության վերաբերյալ, սակայն կարելի է կանխատեսել, որ դրանում նախկինում արձանագրված մի շարք տնտեսական և քաղաքական խոչընդոտների կողքին տեղ կգտնեն նաև անցած հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում լրագրողների հանդեպ բռնություններն ու թվայնացումից հետո հեռուստատեսությունների առջև ծառացած խնդիրները:

Տեղական հետազոտողների կարծիքը ևս համընկնում է միջազգայինների հետ

Հայկական Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2016 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝  լրագրողների նկատմամբ «բռնությունների, ճնշումների ու խոչընդոտումների փաստերը վկայում են, որ հայաստանյան ԶԼՄ-ներն ու դրանց աշխատակիցները գործել են ծայրահեղ անբարենպաստ պայմաններում»։ Ըստ ԽԱՊԿ-ի՝ 2016թ․ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում լրագրողների հանդեպ բռնությունները դրա հստակ ապացույցն էին:

Փաստորեն, թե տեղական և թե միջազգային հետազոտողները կարծում են, որ Հայաստանում լրատվամիջոցները գործում են խիստ անբարենպաստ պայմաններում: Մնում է հույս ունենալ, որ մի օր մամուլի ազատության տոնը Հայաստանին էլ կվերաբերի:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031