Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Իրական տնտեսական աճը կարող է ավելի ցածր լինել». «Հայոց աշխարհ»

Մայիս 26,2017 12:24

Չնայած տնտեսական ակտիվությունը տարեսկզբին արձանագրված բարձր ցուցանիշների համեմատ (հունվարին՝ 6,8, փետրվարին՝ 6,4, մարտին՝ 6,7 տոկոս) փոքր-ինչ նվազել է՝ ապրիլին իջել է 3,4 տոկոսի, Հայաստանի գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ լավատես է՝ ակնկալում է, որ կառավարությունը կկարողանա լուծել բյուջեով ստանձնած իր պարտավորությունները, դեռ մի բան էլ՝ ավելին։

-Չմոռանանք, որ աննախադեպ երկարատեւ եւ ծանր ձմեռ ունեցանք՝ շատ հիմնարկներ չաշխատեցին, տարեսկզբին սկսեցին աշխատել՝ տնտեսական ակտիվության զգալի աճ արձանագրվեց, հետո այդ պիկը անցավ, եւ աճի ցուցանիշը մի քիչ իջավ։

Կառավարության իրականացրած բարեփոխումները՝ գործարար միջավայրի բարելավում, կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում եւ այլն, ենթադրում են, որ բացի զուտ տնտեսական աճից, որ անպայման կլինի, ՀՆԱ-ի աճը ստվերի դեմ պայքարի շնորհիվ ավելի մեծ կլինի։ Նրանք, ովքեր գործում էին ստվերում՝ շրջանառությունը ցույց չէին տալիս կամ զբաղվածությունը պաշտոնապես չէին գրանցում, կգան օրինական դաշտ, եւ դրա հաշվին թե՛ հարկերը կավելանան, թե՛ շրջանառությունը կավելանա, թե՛ գործազրկությունը արհեստականորեն կսկսի նվազել։

Այսինքն՝ իրական գործազրկությունը նույնը կմնա, բայց չձեւակերպվածները որ ձեւակերպվեն՝ կստացվի, որ գործազրկությունը դե յուրե պակասել է. ստվերի կրճատում՝ նշանակում է, որ ձեռնարկությունը դառնում է լեգալ՝ նրա ամբողջ շրջանառությունը երեւում է, ավելի շատ հարկեր է մուծում՝ ավելանում են բյուջեի հարկային մուտքերը, ինչը արտացոլվում է ՀՆԱ-ի ցուցանիշի վրա, երրորդ՝ չձեւակերպված աշխատողները գրանցվում են, արդյունքում խթանվում է զբաղվածությունը։

Ուզում եմ ասել՝ իրական տնտեսական աճը կարող է ավելի ցածր լինել ինչ-որ տեղ արհեստական, տնտեսության առողջացման առումով շատ ողջունելի այս միտումների արդյունքում, բայց սա ամենեւին չպետք է նսեմացնի կառավարության դերակատարությունը։

-Վստա՞հ եք, որ կհաջողվի շոշափելի հաջողություն արձանագրել այդ պայքարում՝ նշված ուղղությամբ իրականացված կոնկրետ քայլեր տեսնո՞ւմ եք։

-Իհա՛րկե։ Պետեկամուտների կոմիտեն շատ արդյունավետ աշխատում է այդ ուղղությամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ ուղղահայաց մակարդակով կոռուպցիա չկա, մաքսայինում ահագին բան է փոխվել՝ պարզեցվել են ընթացակարգերը։ Կոռուպցիոն ռիսկերը մնացել են հարկային մարմիններում՝ հորիզոնական մակարդակով, իհարկե, ոչ առաջվա բարձր ցուցանիշով. տեսուչները, բաժնի պետերը կարող է՝ փող վերցնեն, իրար մեջ կիսվեն, բայց դեպի վերեւ գնացող մոդելները այլեւս չեն աշխատում։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ ներդրումների խթանում կլինի, որովհետեւ ներդրումային միջավայրն է պարզեցվում, բարելավվել է պետական գնումների համակարգը՝ մրցույթները ավելի թափանցիկ կդառնան, այնպես չի լինի, որ նույն մարդիկ անընդհատ շահեն այդ մրցույթները, կվերանան «ատկատների մեխանիզմները»։ Գլոբալ առումով, երեք-չորս ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում՝ բավական լուրջ։ Պետք է ասել, որ վարչապետը շատ նախանձախնդիր է այդ հարցում, անձամբ է հետեւում այդ գործընթացներին, շատ ծանրաբեռնված աշխատում է նաեւ մարզերի հետ, ինչը նմանապես շատ կարեւոր է։

Մինչեւ հիմա ինչպե՞ս էր. համայնքները «պարազիտի» պես ապրում էին հանրապետական բյուջեի հաշվին, եւ եթե հիմա սկսեն բիզնես-մտածելակերպ զարգացնել, ապահովել լավ որակի սպասարկում, ներդրողների համար գրավիչ միջավայր ստեղծել, ինքնուրույն փող աշխատեն, ոչ թե նստեն բյուջեի վզին՝ մինչեւ 82 տոկոս դոտացիաների վրա, բյուջեի բեռը կթեթեւանա, խնայված միջոցներն էլ կուղղվեն այլ՝ ավելի կարեւոր նպատակների։

Ամենակարեւորը՝ վերանայվում է հարկային օրենսգիրքը։ Մեր բարձրագույն ղեկավարությունը դրսեւորել է այդ քաղաքական կամքը, եւ դա չափազանց լուրջ ազդակ կարող է դառնալ ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ-ների գործունեությունը խթանելու համար։

-Վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ իրավիճակը բավական խնդրահարույց է գյուղատնտեսության ոլորտում. եթե հունվարին եւ փետրվարին այստեղ զրոյական աճ էր արձանագրվել, մարտին՝ 3,7 տոկոս անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապա ապրիլին անկումը կազմել է 5 տոկոս անցած տարվա համեմատ: Պատճառը սեզոնայնության գործո՞նն է։

-Այդ գործոնը կա, բայց մենք այստեղ շատ ավելի խորքային խնդիրներ ունենք։ Մեր մշակող տեխնոլոգիաները բարոյապես մաշված են՝ հին, պրիմիտիվ գործիքներով՝ փոցխով, բահով, ձեռքի աշխատանքով հեռու չես գնա։

Երկրորդ՝ առողջացման ծրագրերը գյուղատնտեսության մեջ շատ թույլ են, գյուղացին չգիտի՝ ինչ քիմիկատներ կամ այլ պարարտանյութեր օգտագործելով կարելի է հողի որակը լավացնել։

Երրորդ՝ կրծողների, միջատների դեմ պայքարը նույնպես շատ վատ վիճակում է. դեղերի մի մասը հնացած է կամ ոչ ճիշտ հարաբերակցությամբ է օգտագործվում, կամ գյուղացին փող չունի, որ առնի այդ դեղամիջոցները։ Այստեղ լուրջ կոնսուլտացիաների կարիք կա, որ գյուղացիներն ավելի ակտիվ եւ արդյունավետ օգտվեն այդ մեթոդներից։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031