Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է դաժանությունն ու տառապանքն ավելանում աշխարհում

Հունիս 12,2017 14:00

Գրեթե ամեն օր լսում ենք վատ լուրեր: Այսինչ քաղաքում ահաբեկչության հետեւանքով այսքան մարդ զոհվեց: Կամ՝ ավելի վատ բան: Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցներից մեկում ահաբեկիչները 130 երեխա էին սպանել: Ինչո՞ւ է այսպես: Ինչո՞ւ ենք մենք շրջապատված այսպիսի դաժանությամբ: Երբ մարդը իր կյանքը կառավարում է այնպես, իբրեւ թե ինքն է իր կյանքի աստվածը, ապա չարությունն ավելանում է եւ իր մեջ, եւ իր շրջապատում: Որովհետեւ նա մերժում է Աստուծո սերն ու բարությունը, եւ քանի որ իր ներաշխարհը չի հանդուրժում դատարկություն, նա դառնում է չարի ստրուկը՝ իր հիշողությունը լցնելով չար մտքերով, որոնք էլ, եթե արմատավորվում են, կիրք են դառնում, եթե դու դրանց դեմ ոչինչ չես անում:
Ինչո՞ւ է այսպես: Մարդն ասում է, որ ես եմ Աստվածը, իմ կամքն եմ ուզում կատարել, ինչ որ ուզում եմ, իմ համար եմ ուզում, իմ ցանկություններն եմ ուզում կատարել, իմ կրքերին եմ ուզում հագուրդ տալ: Դրա համար նա հեռացավ Աստծուց՝ մի այլ դրախտ փնտրելով ու այս աշխարհ գալով: Ինչ ուզեմ կանեմ, կսպանեմ, կթալանեմ, կխաբեմ, կգողանամ, կվերցնեմ, իմ շահի համար, իմ փառքի համար, դուք ո՞վ եք: Ախ ինչ լավ է սա պատկերված «Ելք – աստվածներ եւ արքաներ» ֆիլմում, ուր Փարավոնը, տեսնելով, որ կորցնում է հրեա ազգի վրա իշխանությունը, հուսահատությամ մեջ կրքոտ գոռում է՝ «ե՛ս եմ աստված, ես եմ աստվածը…»:

Մարդն Աստծուց հեռու մնալով իր կամքը տվել է այս աշխարհի կառավարչին, որը միայն ցանկանում է ապստամբել ամեն մի բարության վրա, հպարտանալ, խաբել մարդուն ու ասել դու ես աստված, ինչ ուզում ես արա: Ես կօգնեմ քեզ բավարարելու քո ցանկություններն ու կրքերը: Հետո քեզ կկործանեմ դրանց ստրուկը դարձնելով: Ու մարդն իր կրքերն ու ցանկությունները բավարարելու համար սահման չի ճանաչում, նա սպանում է, թալանում, ստում ու գողանում: Բայց իմացեք, որ այս աշխարհի իշխանը մարդու բարեկամը չէ: Նա չի կարողանում պայքարել Աստծու դեմ, ու պայքարում է Աստծու ստեղծածների դեմ՝ մարդուն խաբելով, թե իմ մոտ արի, ես քո ցանկությունները կկատարեմ: Այ սրա համար էլ դաժանությունն ու չարությունն ավելանում են աշխարհում: Որովհետեւ մարդը թողեց իր Աստծուն ու դարձավ չարի գերին:

Բայց պետք չէ, որ այսպես լինի: Աստված էլ գիտի, որ պետք չէ, որ այսպես լինի, ու նա եկավ մարդուն օգնելու՝ ուղարկելով իր Միածին Որդուն:

Այս աշխարհի կառավարիչը ոչ մի ընդհանրություն չունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ ու ոչ մի իշխանություն չունի մեր Տիրոջ վրա, ասաց մեր Տերը Հովհաննեսի Ավետարանի 14:30-ում: Դուք մի վախեցեք չար ու գաղտնի կազմակերպություններից, որոնք իբր թե կառավարում են այս աշխարհը, եթե ձեր ներսը մաքրում եք չար կրքերից: Տեր Հիսուսն ասում է՝ «գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի» (Հովհ. 14:29): Հունարեն բնագրում եւ գրաբարում այսպես է՝ «գալիս է աշխարհի իշխանը եւ ԻՄ ՄԵՋ ՈՉԻՆՉ ՉԻ ԳՏՆՈՒՄ»: Եթե չարը՝ այսինքն այս աշխարհի իշխանը գա ու ձեր մեջ չգտնի ոչ հպարտություն, ոչ ինքնահավանություն, ոչ նախանձ, ոչ ստախոսություն, ոչ բղջախոհություն ու նման բաներ, այլ ձեր մտքում, սրտում, հոգում ու հիշողության մեջ գտնի միայն Տեր Հիսուս Քրիստոսին՝ ապա նա ձեր վրա ոչ մի իշխանություն չի ունենա: Դուք չարություն չեք անի, այլ կապրեք միայն Աստուծո պատվիրաններով, որ բարի է, սեր է, լույս է ու կյանք: Դաժանությունն ու չարությունը կնվազի աշխարհում, եթե դուք ինքներդ այս լույսի կրողը դառնաք ամեն մեկդ ձեր տեղում:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/hareyanarm/

 

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930