Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԻՎ ՀԱՍՏԻՔ

Հունիս 30,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսունմեկերորդ

ԼՐԻՎ ՀԱՍՏԻՔ

Եվ հայրս ժպտալով ասաց՝ «բայց մի շատ կարեւոր հանգամանք հաշվի չես առնում, Ֆրունզ ջան», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ի՞նչ կարեւոր  հանգամանք», եւ հայրս ժպտալով ասաց՝ «էդ կնիկն իմացել ա, որ էդ Ստանիսլավսկին Ֆելոյին ես նվիրելու, դրա համար էլ նվիրել ա քեզ», եւ Ֆրունզիկը ժպտալով հորս ասաց՝  «բայց դու էլ մի շատ կարեւոր հանգամանք հաշվի չես առնում», եւ հայրս հարցրեց՝ «ի՞նչ կարեւոր հանգամանք», եւ Ֆրունզիկն ասաց՝ «Ռիփսիկը ոչ թե կնիկ ա, այլ՝ աղջիկ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ էդ թեման արդեն փակել ենք», եւ հայրս ժպտալով հարցրեց՝ «ո՞ր թեման», եւ Ֆրունզիկը  փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «սիրո», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սիրո թեման հնարավոր չի փակել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սիրո թեման հավերժական ա», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով  ասաց՝ «հավերժականը հավերժական ա, բայց պիտի ժամանակավորապես էդ թեման փակենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ որ՝ էս  պահին ավելի կարեւոր թեմա ունենք», եւ հայրս Ֆրունզիկին հարցրեց՝ «ավելի կարեւոր թեման ո՞րն ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «պիտի պարզենք՝ Ֆելոյի ծնունդին ի՞նչ նվեր ես անելու», եւ հայրս մի քիչ  մտածեց ու ասաց՝ «ես ուզում էի իրա ծնունդի օրը սյուրպրիզ անեմ, բայց որ շատ եք ուզում, կարամ հենց հիմա ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ասեմ, հետո նոր իրա կենացը խմենք», եւ Ֆելոն հորս ասաց՝ «պայմանավորվեցինք, որ անհատական կենացներ չենք խմում», եւ հայրս մի քիչ  մտածեց ու ժպտալով Ֆելոյին ասաց՝ «քոնը բացառություն ա», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա բացառություն», եւ հայրս ժպտալով Ֆելոյին ասաց՝ «հիմա կասեմ՝ կիմանաս», եւ Ֆրունզիկը փռթկացնելով հորս ասաց՝ «հազիվ էրեսիդ ժպիտ հայտնվեց, տնաշեն» եւ ժպտալով ավելացրեց՝ «դե ասա, սպանեցիր թողիր», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «իսկականից», եւ ես ասացի՝ «դե ասա, պապ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «թե չէ՝ ես կասեմ», եւ հայրս ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ կասես», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչ որ դու ես ասելու» եւ հայրս ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ես ի՞նչ եմ ասելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ես կարամ ասեմ, բայց ուզում եմ՝ դու սյուրպրիզն անես», եւ հայրս զարմացած  հարցրեց՝ «ի՞նչ սյուրպրիզ», եւ ես ժպտալով հորս հարցրի՝ «ասե՞մ», եւ հայրս ապշահար նայեց ինձ ու ասաց՝ «ասա», եւ ես ժպտալով ասացի՝ «մի ամսից Ֆելո ձյաձյան աշակերտ չի լինելու», եւ հայրս ապշահար ինձ հարցրեց՝ «բա ի՞նչ ա լինելու», եւ ես ինքնագոհ ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «քո ու Վոլոդյա ձյաձյայի պես իսկական հաստիքով աշխատող ա լինելու», եւ հայրս ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «բա դո՞ւ որտեղից գիտես», եւ ես ժպտալով ասացի՝ «էրեկ Վոլոդյա ձյաձյայի հետ որ խոսում էիք, լսեցի», եւ հայրս զարմացած ինձ հարցրեց՝ «ի՞նչ լսեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «Լուշային համոզել ես, որ Ֆելո ձյաձյայի համար լրիվ հաստիք տա» եւ ժպտալով ավելացրի՝ «Լուշային համոզել ես, որ հենց Ֆելո ձյաձյայի ծնունդի օրը՝ հուլիսի մեկին հրամանը տա», եւ մինչ Ֆելոն ապշահար մեկ ինձ կնայեր, մեկ՝ հորս ու Վոլոդյային, հայրս զարմացած ինձ հարցրեց՝ «բայց ես Վոլոդյայի հետ ռուսերեն էի խոսում, ո՞նց ես հասկացել», եւ Վոլոդյան ժպտալով  հորս ասաց՝ «Առմեն լուչշե նաս պա ռուսկի պանիմայետ», եւ ես ժպտալով ասացի՝ «Լուշան արդեն խոստացել ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930