Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ ցույց տալ-չտալը՝ կեղծ օրակարգ

Հուլիս 11,2017 10:09

Երբեք ժամանակ չեմ ունեցել հետեւելու «Ոսկե ծիրան» փառատոնի ցուցադրություններին, բայց վստահ եմ, որ դա կարեւոր մշակութային իրադարձություն է եւ ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար է, որովհետեւ մեր երկրի պատիվը բարձր է պահում: Սակայն եթե հիմա հետեւենք Ֆեյսբուքին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե «Ոսկե ծիրանում» եւ դրա շուրջ կատարվող միակ իրադարձությունը սեռական փոքրամասնությունների մասին ֆիլմ ցույց տալը կամ չտալն է: Այստեղ «հայու գենի» եւ ազգային-ազատագրական պայքարի կողմնակիցները պայքարի լուրջ ճակատ են տեսնում: Իսկ ԼԳԲՏ-ի չափից դուրս ակտիվ պաշտպանները առիթ են ման գալիս մեր հասարակությանն անհանդուրժողականության մեջ մեղադրելու եւ այդ հողի վրա որոշակի «հասարակական ակտիվիզմ» ծավալելու համար: Քանի որ` եթե ամեն ինչ լավ է, եւ սեռական փոքրամասնություններին Հայաստանում չեն ճնշում, ապա այդ անզիջում պայքարը ոչ մեկին, այդ թվում եւ եվրոպական կառույցներին պետք չի լինի: Այդ երկու ծայրահեղությունների արանքում կա մեր հասարակության մեծամասնությունը, որին այդ խնդիրն առանձնապես չի հետաքրքրում՝ դե, գուցե մի երկու ստատուս գրեն՝ «ազգային ոգով տոգորված», հետո կմոռանան: Դա էլ նյութ է՝ եվրոպական կառույցներին «տագնապալի զեկույցներ» գրելու համար:

Անձամբ ես կողմ եմ փառատոնի շրջանակներում նախատեսված բոլոր ֆիլմերը ցույց տալուն՝ մինչդեռ կինոթատրոնների եւ մանավանդ հեռուստատեսության համար գործում են որոշակի օրինական սահմանափակումներ: Բայց այդ երկրորդական, անկարեւոր, ոչ հրատապ խնդրի շուրջ բանավեճը խոսում է մեկ այլ՝ այս անգամ արդեն իսկապես մտահոգիչ միտումի մասին. Ֆեյսբուքը հասարակության վզին փորձում է փաթաթել այնպիսի օրակարգեր, որոնք հաճախ ստվերում են կարեւոր կենսական խնդիրները: Ցույց կտան ինչ-որ մի ֆիլմ փառատոնի շրջանակներում, թե ցույց չեն տա՝ դրանով հաստատ պայմանավորված չեն մեր տնտեսության, անվտանգության, կրթության, անգամ մշակույթի եւ նույնիսկ բուն կինոյի խնդիրները: Մի քանի տասնյակ մարդ կարող է ցանկացած մանր թեմա մի քանի օրով դարձնել ֆեյսբուքի «հիթը», որից հետո թեման վերանում է ասպարեզից՝ ոչ մի հետք չթողնելով մարդկանց հոգիներում եւ սրտերում՝ բացի տհաճ արտահայտություններից, որոնք երկու «ճամբարների» ներկայացուցիչները թույլ տվեցին իրար հասցեի: Այն հին անեկդետի նման՝ «ես իմ վերարկուն գտա, բայց քանի որ ես ձեզ էի կասկածում իմ վերարկուն գողանալու մեջ, իմ մեջ ձեր հանդեպ տհաճ նստվածք է մնացել»:

Այդ հոդվածը կարդալուց էլ, կարծում եմ, ծայրահեղ տեսակետներ ունեցողները կարձագանքեն, իսկ որեւէ շահագրգռվածություն չունեցողները կլռեն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31