Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ուրիշ երկրներում նստած ի՞նչ իրավունքով պետք է մասնակցենք ՀՀ ներքաղաքական կյանքին». Սերխիո Նահապետյան

Սեպտեմբեր 26,2017 17:23

ՀՌԱԿ վարչության կենտրոնական գրասենյակի անդամները վստահեցնում են, որ Սփյուռքում ապրող քաղաքացիները` անգամ քաղաքականությամբ զբաղվողները, իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքաղաքական կյանքին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՌԱԿ վարչության կենտրոնական գրասենյակի նախագահ, Արգենտինայում բնակվող Սերխիո Նահապետյանն այս առիթով մանրամասնեց. «Մենք 10.000 կիլոմետրից, ուրիշ երկրներում նստած ի՞նչ իրավունքով պետք է մասնակցենք այդ ամենօրյա քաղաքական կյանքին: Ընդամենը կարող ենք խորհուրդ տալ, դիտորդ լինել, պաշտպանել, բողոքել, երբ մարդկանց իրավունքներն ու ազատություններն են ոտնահարվում: Հայաստանի մեջ գործելու համար պետք է թողնենք Սփյուռքն ու գանք Հայաստան և գործենք իբրև կուսակցական մարմին»:

Հարցին` հիասթափություն կա՞ ՀՀ իշխանությունների նկատմամբ, քանի որ երբեմն Սփյուռքի գործարարների կողմից դժգոհություններ են հնչում, թե Հայաստան ուղարկվող գումարները նպատակային չեն ծախսվում, պարոն Նահապետյանն արձագանքեց. «Սփյուռքում, երբ անվստահության մասին է խոսվում, հարցնում ես` սա որտեղի՞ց ես լսել կամ որտե՞ղ ես կարդացել, պատասխանում են` մեկն ինձ ասաց: Այսինքն`մեկը մյուսին է փոխանցում այդ խոսակցությունները: Երբ ասում ենք Սփյուռք, դա ընդարձակ հասկացություն է: Գաղութներ կան, որ կազմակերպված են, այնպիսիք էլ կան, որ իրենց գործով են զբաղված, միայն մի բան են լսում ու տարածում»:

Անդրադառնալով Հայաստանում գոյություն ունեցող խնդիրներին` պարոն Նահապետյանը հավաստիացրեց, որ շատ հարցերում Հայաստանն առաջ է այլ երկրներից. «Հայաստանն առաջ է Հարավային Ամերիկայի շատ երկրներից, օրինակ`անվտանգության առումով: Արգենտինայում զարմանում են, որ ես գիշերային ժամերին Երևանում փողոցով զբոսնում եմ: Արգենտինայում 10-ից հետո վտանգավոր է դուրս գալը»:

Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությանը: Սերխիո Նահապետյանը մի շարք մտահոգություններ հայտնեց. «Ադրբեջանի քաղաքականությունը դրսում շատ զորեղ է: Սկսում են հայերի նկատմամբ կասկած հարուցել` ասելով, թե հայերն իրենց հողերն են գրավել: Դրա ետևում շատ գումարներ են ծախսվում: Մենք սա Արգենտինայում տեսել ենք»:

Ի պատասխան ՀՌԱԿ-ի շուրջ շահարկումներին` պարոն Նահապետյանը հավաստիացրեց, որ կա մեկ Ռամկավար ազատական կուսակցություն. «Այն բաժանումը, որի մասին հայտարարում են որոշ մարդիկ, չի կարող լինել: Նման մարդիկ առանց կուսակցության իմացության հետապնդում են իրենց շահերը: Այդ շփոթությունը տարածվել է մասնավոր խումբ մարդկանց կողմից: Երբ մեկն աշխատում է կուսակցության դեմ` անունը օգտագործելով, դա դատապարտելի է»:

ՀՌԱԿ վարչության կենտրոնական գրասենյակի փոխնախագահ Լևոն Բլխյանը ևս կրկնեց, թե անմիջական դիտողություն անել Հայաստանին չեն կարող, ու իր պատրաստակամությունը հայտնեց Հայաստանին օգնելու. «Մենք պատրաստ ենք օգտակար լինել հայրենիքի հզորացմանը: Առաջինը տնտեսական հարցն է, որտեղ Հայաստանն օգնության կարիք ունի: Տնտեսության զարգացում վաճառականությամբ և բիզնեսով չի լինում. տեղական արտադրություններ պետք է ստեղծվեն այստեղ, որ ժողովուրդը կարողանա գործ գտնել ու ապահով հայկական ապրանքներ ձեռք բերել: Մյուս հանգրվանը Արցախի ճանաչումն է միջազգային գետնի վրա: Պետք է փորձենք օգտակար լինել. այն երկրներում, որտեղ ապրում ենք, դրանց միջոցով հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930