Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակապտության տարբեր ձեւերը

Սեպտեմբեր 28,2017 10:00

Երեկ առավոտյան Շրջանայինի հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, բեռնատարի վարորդը մահացել էր: Բեռնատարը սննդամթերք էր տեղափոխում, որի պարկերը հայտնվել էին գետնին: Lragir.am-ը նկատել էր եւ տեսագրել, որ մի կին վերցրել ու տանում էր պարկերից մեկը, ասելով՝ «մեկ ա, սաղ տանում են»:

Մեկնաբանություններ՝ «էս ո՞ւր են հասցրել խեղճ ժողովրդին», «բա մարդիկ մի պարկ մակարոնի են կարոտ», «իշխանավորները վատ օրինակ են ծառայում՝ նրանք գողանում են, ժողովուրդն էլ է գողանում»:

Անդրադառնանք այդ «հոգոցներին» հերթականությամբ: 1988-ի երկրաշարժի ժամանակ, երբ վիշտն ու ողբերգությունը հազարապատիկ ավելի մեծ էին, մարդիկ` Խորհրդային Հայաստանի բնակիչները, դիակապտությամբ չէի՞ն զբաղվում, չէի՞ն մտնում ավերված տները եւ տանում այն, ինչ արժեքավոր էին համարում: Ի՞նչ է` այդ մարդիկ սովա՞ծ էին:

Կամ 2005 թվականին, երբ «Քեթրին» մրրիկը ավերել էր Նոր Օռլեանը, չկայի՞ն ավազակախմբեր, որոնք նույնն էին անում: Թե՞ ամերիկացիներն էլ են «մի կտոր հացի կարոտ» կամ, ավազակությամբ զբաղվելով, իրենց յուրահատուկ բողոքն էին արտահայտում Ջորջ Բուշ կրտսերի քաղաքականության դեմ: Գուցե ավազակները մտնում էին լքված բնակելի շենքերը, խանութներն ու հիվանդանոցներն այն պատճառով, որ Բուշի վարչակազմը նրանց վատ օրինա՞կ էր ծառայում:

Այնպես որ, հասարակության բարոյականության մակարդակը պայմանավորված չէ նյութական վիճակով, «ռեժիմով», իշխանություններով եւ մնացած բաներով: Հայաստանում կան հազարավոր, իսկ աշխարհում՝ միլիոնավոր մարդիկ, որոնք տասնյակ, հարյուրավոր անգամներ ավելի վատ են ապրում, քան մակարոնի պարկ տանող կինը, բայց իրենց արժանապատվությունից ցածր են համարում գետնից մի փշուր վերցնել եւ գրպանը դնել: Կարելի է ապրել խրճիթում ու լինել կայացած ու երջանիկ, կարելի է նաեւ ապրել երեքհարկանի առանձնատանը եւ նախանձել դիմացի չորսհարկանի առանձնատուն ունեցող հարեւանին՝ արդարացնելով սեփական հանցագործությունները դիմացինի ավելի մեծ հանցագործություններով:

Մարդիկ ամեն տեղ գրեթե նույնն են՝ ամեն տեղ կան արժանապատիվ, պարկեշտ մարդիկ, կան նաեւ դիակապտությամբ զբաղվողներ: Ասում եմ՝ «գրեթե», որովհետեւ ենթադրում եմ, որ Ճապոնիայում, օրինակ, աղետի ժամանակ մարդիկ իրենց այնպես չեն դրսեւորում, ինչպես Հայաստանում կամ ԱՄՆ-ում (գուցե սխալվում եմ): Բայց հասարակություններն ունեն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկությունները: Մեր հասարակությունը սիրում է, այսպես ասած, «գլխին մոխիր» լցնել եւ ամեն մի տգեղ արարք բացատրել «ռեժիմով», իշխանություններով, աշխարհագրական դիրքով եւ հայ ժողովրդի դժբախտ ճակատագրով: Ամերիկացիները դժվար թե այդքան «խորանան»:

…Երեկ Aravot.am-ի ամենակարդացված նյութն էր Կրասնոդարում կանիբալիզմի մասին տեղեկությունը, որը ոչ թարմ էր, ոչ էլ մեր բացառիկը: Այդ «նախապատվությունն» էլ է դիակապտության նման մի բան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Ստեփան Շահումյան says:

    Պարոն Աբրահամյան
    Հասկանալի է, որ թերթում կարող է ներկայացվել ցանկացած տեսակետ: Բայց ոչ սխալներ ու վիրավորանքներ այնպիսի մեծության հասցեին, ինչպիսին Ստեփան Շահումյանն է:

    https://www.aravot.am/2017/09/27/909765/

    Կարգի հրավիրեք ձեր աշխատող նելլի բաբայանին: Ստեփան Շահումյանը իսկական հայ է:

  2. joradzadza says:

    Խոսող կնոջ բառբառը հասկացա՞ք: Մի անգամ էլ լսեք:

  3. Լավատես says:

    երեխան անդաստիարակ է ծնվում, նրան դաստիարակված են դարձնում մեծերը, նմանապես, քաղաքացին նույնպես անդաստիարակ է ծնվում, նրան պետք է դաստիարակեն ազգի մեծերը՝ ազգային մտավորականությունը, այնպես որ անդաստիարակության պատճառը ոչ թե երեխան կամ քաղաքացին է, այլ մեծերը:

  4. gohar says:

    G

    50 տարի առաջ Երևանի Մխիթար Հերացու անվան Բժշկական ինստիտուտում ուսանել եմ “Հոգեբանություն, հիվանդի հոգեբանություն” խորացված դասընթացը։ Ելնելով տարիների ընթացքում չխամրող գիտելիքներիս պաշարից հարկ համարեցի “Ուրարտու” համալսարանի դասախոսին ասելու, որ պախարակելը, մերկացնելը իր գործը չէր։ Իհարկե , այդ նյութի տակ իմ այսօրվա մեկնաբանությունը չ՛տպագրվեց։
    Ուստի այն տեղադրեցի ՖԲ-ում և հիմա էլ ուղարկում եմ Ձեզ, Պ-ն Աբրահամյան։

    gohar says: Your comment is awaiting moderation.

    Սեպտեմբեր 28, 2017 at 18:12

    Նախ և առաջ ասեմ , որ հոգեբանը այստեղ բոլորովին չ՛պետք է կարծիք հայտներ։ Հոգեբանը իրավունք չունի՛ ներգործել կամ միջամտել հասարակության մեջ կատարվող իրադարձություններին ։ Հոգեբանը չպետք է ծաղրի, դատապարտի և ոտնահարի ցանկացած անվայել արարք կատարողին ։ Պրոֆեսիոնալ չէ, դրա համար ես հենց սկզբում գրել էի .
    “ Զգո՜ւյշ”:
    Սա հոգեբանի բարոյական կոդեքսի խախտում է, որը ցույց է տալիս նրա ոչ կոմպետենտ լինելը ։ Մարդիկ ,երբեմն ,նեղ սօցիալական վիճակից ելնելով դառնում են աչքածակ, մանրախնդիր, կորցնելով իրենց արժանապատվությունը ։ Չեմ ընդհանրացնում և արդարացնում ։
    Բայց ո՞վ է հոգեբանը , որ դատի այդ մարդկանց։
    Եթե չի կարող օգնել այդ մարդկանց կյանքի որակի բարձրացմանը ,
    ապա իրավունք չունի նրանց որակավորելու, անվանելով փողոցի մարդիկ ։
    Մի՞թե դա է հոգեբանի դրական ազդեցությունը հասարակության լավացման գործում ։
    Եվ ինչու այդքան արագ եզրակացության գալ ։ Գովազդի՛ համար։
    Նա պետք է գործեր շատ զգույշ, քանի որ հոգեբանի հիմնական գործն է՝ հարգանքը մարդու արժանապատվության և իրավունքների հանդեպ։
    Զազրելի արարք է կատարել այդ կինը , թող օրինապահները զբաղվեն ու դատեն ։ Հոգեբանը, սակայն, նույնիսկ այդ դեպքում պետք է փնտրի թեթևացնելու ձև, , օգնի տուժողին և ոչ թե իր անձը ցուցադրելու համար առաջինը ինքը քար շպրտի ։ Եվ այն էլ ինչպիսի ծանր քար ,որ արդեն 2-րդ օրն է հանգիստ չունեմ։ ինչ լավ է գրեցի, քարը սրտիցս ընկավ , առավոտս ափսոսելով գրեցի ու հիմա ստիպված պատկառելի տարիքիս պիտի վազեմ գործի։

  5. Armine G says:

    Այս կնոջ արածը աղքատության դրսեւորում է: Նա ոչ մեկին վնաս չի տալիս իշխանավորների նման, որոնք քաղաքավարի ձեւով ամբողջ ազգին են թալանում: Մնացած մակարոնի պարկերը աղբի վերերծվեցին:
    Ավելի լավ չէ՞ր լինի քաղաքապետը հավաքեր մակարոնի պարկերը եւ բաժաներ աղքատներին: Թե՞ միայն ընտրությունների ժամանակ է դա արվում:

  6. Անուշ Կարապետյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, 1988 թ-ի երկրաշարժից հետո ըստ բազմաթիվ ականատեսների վկայության, դիակապտություն չի նկատվել: Դա նշում էին նաև օտարերկրացիները: Ամուսինս երկրաշարժի հաջորդ օրը ֆիզիկայի ինստիտուտի փրկարարների խմբի հետ Գյումրիում էր: Նա էլ էր պատմում , թե բարոյական ինչ բարձր մթնոլորտ էր:

  7. Սիրարփի Առուստամյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,

    Սրտի ցավով կարդացի ձեր մեկնաբանությունը Երևանում ավտովթարից հետո տեղի ունեցած այդ խայտառակության մասին: Սակայն պետք է նշեմ, որ այդ դեպքը եզակի չէ, այն կարելի է որակել որպես մասսայական վարքի սովորական դրսևորում: Ես ապրում եմ աղետի գոտում և գիտեմ, թե ինչ էր կատարվում մեր ավերված գյուղերում և քաղաքներում, երբ մարդիկ, դեռ իրենց հարազատներին չհուղարկավորած, թալանում էին ինչ որ կարող էին և ինչպես կարող էին:
    Սա համազգային խայտառակություն է, դպրոցից սկսած՝ երեխայի մեջ ձևավորվում է այն հիմնարար գաղափարը, որ նա, ով չի գողանում, թալանում, չի խաբում, անարժանի և նվաստի մեկն է: Եվ կարծես թե մեծամասնությունը դա ընդունում է որպես կանոն և հետևում է դրան: Ազնիվ, պարկեշտ մարդիկ մեր երկրում կարծես դինոզավրեր են և միայն արհամարհարանքի են արժանանում: Ե՞րբ պիտի դրան վերջ տրվի, ի՞նչ անել, որպեսզի հնարավոր լինի գլխիվայր վիճակում գտնվող արժեհամակարգը բերել բնականոն վիճակի:
    Հարգելի պարոն Աբրահամյան, շնորհակալ եմ ձեզանից, որ դուք ձեր հոդվածներով աշխատում եք գնալ ” հայկական մեյնսթրիմին” հակառակ ուղղությամբ, դուք շատ կարևոր գործ եք անում:

  8. գուցե և Աստուծո ձայն էր says:

    ———–,,,,դպրոցից սկսած՝ երեխայի մեջ ձևավորվում է այն հիմնարար գաղափարը, որ նա, ով չի գողանում, թալանում, չի խաբում, անարժանի և նվաստի մեկն է,,,,,,: ————– Սիրելի Սիրարփի, դա խորհրդային միության վատագույն ավանդություններից մեկն էր, որը քաղցգեղի նման արմատացել ու տարածվել էր բոլոր տասնհինգ հանրապետություններում: Ես անձնապես այն ժամանակ այդպիսի մտածողության և վարվելակերպի հետ խնդիր ունեի: Ինչ որ ներքին անբացատրելի զգացողություն ( գուցե և Աստուծո ձայնը ) ինձ հուշում էր, որ դա ճիշտ մտածելաձև ու ապրելաձև չէ: Իսկ այն ժամանակվա գողացող, թալանող խաբեբաները հեգնանքով ինձ ասում էին, որ ես այդ մտածողությամբ սովից կմահանամ և երբեք ոչնչի չեմ հասնի: Գուցե և այդ է պատճառներից մեկը, որ ես այսօր բնակվում եմ արտերկրում, այնպիսի գերմանախոս երկրում, որտեղ բառի բուն իմաստով մարդն արժեք է: Բարեբախտաբար այն ժամանակվա գողացող, թալանող խաբեբաները չարաչար սխալվեցին, ես այսօր ամեն ինչ ունեմ և նույնիսկ ինձ երջանիկ մարդ եմ համարում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930