Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա-ոստիկաններն Անդրիաս Ղուկասյանին մեղսագրվող արարքի մասին ոչինչ չեն կարողացել հայտնել դատարանին

Դեկտեմբեր 05,2017 17:35

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվել են երկու ոստիկաններ, որոնք ամբաստանյալին մեղսագրվող արարքի առնչությամբ ոչինչ չեն կարողացել հայտնել դատարանին: «Նրանցից մեկը միայն տեսել է, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիների առաջին շարքերում է՝ դեպի Սարի թաղ գնալիս, մյուսն էլ ընդհանրապես կապ չուներ Անդրիաս Ղուկասյանի հետ, պարզապես քաղաքացիներին բերման ենթարկող ոստիկաններից է եղել»,-Aravot.am-ին փոխանցեց Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այս նիստում, մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանից բացի, մեկ այլ՝ նոր մեղադրող-դատախազ էր ներկայացել, բայց օրենքի համաձայն՝ նա կարող է ներգրավվել միայն բացառիկ դեպքերում: Սա հաշվի առնելով՝ փաստաբանը դատախազի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատավոր Վարդան Գրիգորյանը մերժել է: Կարեն Մեժլումյանը ներկայացրել է նաեւ Ղուկասյանի հեռախոսային խոսակցությունների եւ մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելանքը վերացելու միջնորդություն, որի առնչությամբ որոշումը դատարանը կհրապարակի հաջորդ նիստում:

Մեժլումյանը նշեց, որ մինչ օրս միայն ընտանիքի անդամներին է թույլատրվել տեսակցել Ղուկասյանին: Պետրոս Պետրոսյանը նշյալ միջնորդության դեմ առարկել է: Կարեն Մեժլումյանի համոզմամբ՝ մեղադրողն այդ կերպ ցույց է տալիս, որ հատուկ վերաբերմունք ունի Անդրիաս Ղուկասյանի հանդեպ՝ միտված նրա իրավունքները սահմանափակելուն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Յստակ չէ, յօդուածագիր լրագրողը, ինք ներկայ գտնուե՞լ է դատական ատեանին, եւ ուղղակի իր լսածի ու տեսածի մասի՞ն է հաղորդում, թէ պարզապէս փոխանցում է մեղադրեալի պաշտպան փաստաբան Կարեն Մեժլումյանի կարծիքը, ներկայացնում է անոր – ի պաշտօնէ, կողմնակալ – մեկնաբանութիւնը, տպաւորութիւններն ու արժեւորումը տեղի ունեցած ատեանի մասին:

    Եթէ երկրորդն է պարագան, եւ այստեղ լսում ենք միայն Պարոն Մեժլումեանի զեկոյցը ատեանի մասին – որու ներկայ չէ գտնուած լրագրողը -, ապա յօդուածի վերնագիրը շփոթալի է, հնչում է որպէս լրագրողին/թերթին հաստատումը փոխանցուած ենթակայական կարծիքին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031