Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Օհանյանի «փոխհատուցումը» Տարոն Մարգարյանին

Փետրվար 17,2018 13:30

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստին, այսպես ասած՝ կեղտաջրերի դեմ մղված պայքարում ու «հակառակորդին» «վնասազերծելու» հարցում աչքի ընկնողներից մեկը փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն էր. նա փորձեց քաղաքապետին կոյուղաջրերից պաշտպանել: Երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղագծերից վերցրած պարունակությունը տարաներով փորձում էր հավանաբար դնել Տարոն Մարգարյանի սեղանին, վերջինիս հրահանգով Օհանյանն առաջինը լծվեց ղեկավարի պաշտպանությանը. բռնեց Մարինա Խաչատրյանի թեւերից, ապա ուժ ու ջանք չխնայելով՝ փորձեց դահլիճից դուրս հանել: Դե, չհասցրեց, արդեն ճանապարհի կեսին այլ ՀՀԿ-ականներ էլ միացան, ու «հակառակորդին» ով հասնում՝ մի բան ասում կամ անում էր, մեկը մազերն էր քաշում, մյուսը՝ հարվածում, ապտակում, մինչեւ անվտանգության մասնագետ Գոռ Վարդանյանը հասավ ու «փախցրեց» «զոհին»:

Հանրապետական Դավիթ Օհանյանի՝ իր ղեկավարին պաշտպանելու այդ մղումը միանգամայն հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ նախ՝ կուսակցական, հետո՝ բիզնես շահեր կան:

Ուրեմն Դավիթ Օհանյանը մինչ փոխքաղաքապետ նշանակվելը՝ 2008-ից մինչեւ 2013 թվականը, ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա համայնքը: Հենց 2009-ին էլ հիմնադրել է «Կանաչապատ Մալաթիա» ընկերությունը, որը ղեկավարում է նրա որդին՝ Էդմոնդ Օհանյանը:


Օհանյանի ընտանիքին պատկանող այս ընկերությունը մշտապես կլորիկ գումարներ է ստանում Երեւանի քաղաքապետարանից՝ կանաչ տարածքների հիմնման եւ պահպանման աշխատանքների համար:

Երեւանի քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեի «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնից տեղեկանում ենք, որ «Կանաչապատ Մալաթիա» ընկերությունը տարիներ շարունակ անփոփոխ 202 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ: Օրինակ՝ 2015-ին, 2016-ին, 2018-ին «Կանաչապատ Մալաթիան» քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար 202 միլիոն 500 հազար դրամ է ստացել: 2014-ին այս նույն ընկերությունը 185 միլիոն դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ: Իսկ 2017 թվականին Երեւանի քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեում կանաչ տարածքների հիմնում եւ պահպանում դասակարգչի հաշվետվությունում որեւէ ընկերության անուն նշված չէ, սակայն այս աշխատանքների համար քաղաքապետարանը 1,6 միլիարդ դրամ է ծախսել: Ընդ որում, «Կանաչապատ Մալաթիան», ըստ պայմանագրերի, «Կենտրոն կանաչապատումից» հետո 2-րդ խոշոր գումար ստացողն է քաղաքապետարանից: Եվ այսպես՝ 4 տարիների համար, 2017-ինը չհաշված, Դավիթ Օհանյանի որդու «Կանաչապատ Մալաթիան» 792 միլիոն 500 հազար դրամ է ստացել քաղաքապետարանից: Եվ ուրեմն, Դավիթ Օհանյանի՝ Տարոն Մարգարյանին կոյուղաջրերից պաշտպանելու նախաձեռնությունը միանգամայն «արդարացված» կարելի է համարել:

Նշենք, որ «Կանաչապատ Մալաթիա» ընկերության հիմնադրի անուն-ազգանունն էլեկտրոնային ռեգիստրում այս տարի բացակայում է: Սակայն դեռեւս 2016-ին «Հետք» էլեկտրոնային թերթը e-register.am-ից պատճենել է այս ընկերության հիմնադրի տվյալները, ըստ որի՝ Էդմոնդ Օհանյանը «Կանաչապատ Մալաթիայի» հիմնադիրն է:
Դավիթ Օհանյան փոխքաղաքապետը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրի, միլիոնատեր է: Օհանյանի եւ իր ընտանիքի անդամների ներկայացրած կարողությունն էլ, ինչպես «Կանաչապատ Մալաթիայի» բյուջեն, կայուն եւ անփոփոխ է կամ՝ թեթեւ փոփոխություններով:

2013 թվականին, երբ Օհանյանը ստանձնել է փոխքաղաքապետի պաշտոնը, հայտարարագրել է տարվա սկզբին՝ 31 միլիոն 500 հազար դրամ, տարվա վերջում՝ 30 միլիոն 250 հազար դրամ: Նույն տարվա սկզբում՝ 25 հազար դոլար, տարվա վերջում՝ 23 հազար 500 դոլար, իսկ եվրոյով Օհանյանի կարողությունը նշված տարվա սկզբում կազմել է 14 հազար 400, տարվա վերջում՝ 15 հազար եվրո: Այդ տարի Օհանյանի աշխատանքի վարձատրության եւ կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3 միլիոն 211 հազար դրամ: Օհանյանը պաշտոնավարման բոլոր տարիներին որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա հայտարարագրել է ընդամենը «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 L» մեքենա:
Մինչեւ 2017 թվականն այս պաշտոնյայի հայտարարագրած կարողությունը գրեթե անփոփոխ է, տարբեր տարիներին, չնչին փոփոխություններով, Օհանյանի միլիոնները կամ պակասում, կամ ավելանում էին:

Իսկ ահա 2017-ին այս փոխքաղաքապետի դրամական միջոցները կազմել են 18 միլիոն 730 հազար դրամ, 18 հազար 250 դոլար եւ 10 հազար եվրո, աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 4 միլիոն 307 հազար դրամ:

Իսկ Օհանյանի որդու՝ «Կանաչապատ Մալաթիայի» ղեկավար Էդմոնդ Օհանյանի կարողությունն ավելի համեստ է: 2013-ին Էդմոնդ Օհանյանի եկամտի չափը 2 միլիոն դրամ է կազմել՝ ըստ հայտարարագրի: 2014-ին նրա եկամտի տեսակը, որպես շահաբաժին, կազմել է 2 միլիոն 500 հազար դրամ: Էդմոնդ Օհանյանին վերաբերող հայտարարագրում նշված է՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները 12 միլիոն դրամ է: 2015-ին Էդմոնդ Օհանյանի շահաբաժինը կազմել է 1.5 միլիոն դրամ: Իսկ 2016-ին նրա շահաբաժինը կազմել է 5 միլիոն 100 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը 4 միլիոն 620 հազար դրամ է կազմել: Փոխքաղաքապետի գործարար որդուն տրված նվիրատվությունը 2016-ին կազմել է 6 միլիոն դրամ, 4,6 միլիոն դրամ էլ ստացել է որպես վարձակալության դիմաց ստացված վճար, եւ այդ ամբողջ եկամուտները միասին կազմել են 15,7 միլիոն դրամ: Էդմոնդ Օհանյանը, ըստ հայտարարագրի, 2016-ին դրամական եկամուտ է ստացել նաեւ բնամթերքով, ինչ բնամթերք է՝ նշված չէ, սակայն դրա չափը կազմել է 8,6 միլիոն դրամ:

Դավիթ Օհանյանի մյուս որդուն՝ Ռոլանդ Օհանյանին վերաբերող հայտարարագրում էլ նշված է, որ որպես ժառանգության կարգով ստացված գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, 2016-ին կազմել են 2,6 միլիոն դրամ:

Փոխքաղաքապետի ծնողներին վերաբերող հայտարարագրում նշված է միայն նրանց կենսաթոշակի տարեկան չափը, դա այնքան էլ մեծ գումար չէ:

 

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

16.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Նոր Նորքի կանաչապատման արդյունքներին կարելի է ծանոթանալ այցելելով Նոր Նորքի 7-րդ զանգվածի Հայ-Կանադական այգին: Այն չորրորդ տարին է, որ չորանում է: Ծառերի 90%-չորացել են, իսկ Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում ու համարժեք չի արձագանքում բնակիչների դիմումներին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728