Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս չենք կարող վարչապետ լինել, բայց կարող ենք մեր արած գործում լինել լավագույնը»․ Պատրիկ Դերհամ

Ապրիլ 07,2018 23:22

Ապրիլի 6-ին «Այբ» կրթական հիմնադրամի «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական վարպետության դասը` Անգլիայում և անգամ աշխարհում առաջատար դպրոց համարվող Ուեստմինստերյան դպրոցի (Westminster School) տնօրեն Պատրիկ Դերհամի մասնակցությամբ:

««Հաջողության բանաձև» վարպետության դասերի նպատակն է մեր հասարակության համար փորձի փոխանակման հարթակ ստեղծել, որի շրջանակում ձեռք կբերվեն տարիների փորձ ու գիտելիք՝ հիմնված հետաքրքիր պատմությունների վրա: Առավել պարտավորեցնող է, երբ միջազգային հարթակում կրթության ոլորտի անվանի մարդիկ են իրենց փորձին ու գիտելիքին հաղորդակից դարձնում «Հաջողության բանաձև» վարպետության դասերի շրջանակում: Այդպիսին է Պատրիկ Դերհամը», – նշում է նախագծի ղեկավար Աննա Վելիցյանը:

Վարպետության դասի ընթացքում Պատրիկ Դերհամը խոսեց այն կարևոր պատճառների մասին, որոնք ստիպում են նրան ամեն առավոտ արթնանալ: Իռլանդիայի հանդեպ կիրքը, պատմություն դասավանդելու հանդեպ սերը, Անգլիայի վարչապետ Ուիլյամ Գլադստոնի մարդասիրությունն ու մարդու իրավունքների ջատագով լինելը այն մի քանի հիմնական պատճառներից են, որոնք ստիպում են նրան արթնանալ առավոտյան:

Խոսելով այժմյան կրթության մասին` պարոն Դերհամը նշեց, որ կրթության շնորհիվ մենք այսօր կարող ենք փոխել մեր հասարակությունը: «Հայաստանն այժմ դա անում է. ես հավատում եմ, որ Հայաստանն ապագայում կդառնա առաջատար ազգ», – խոստովանում է Անգլիայի ամենահարգված և պահանջված մանկավարժն ու կրթության ոլորտի մասնագետը: «21-րդ դարում կրթության կարևորագույն տարրերից է ուսուցիչների և աշակերտների միջև փոխհարաբերությունը: Ինչպես միշտ ասում եմ աշակերտներիս և ինչն ասացի «Այբ» դպրոցի աշակերտներին, ուշադիր լսեք միմյանց և մարտահրավեր նետեք ձեր ուսուցիչներին: Եվ, որ ամենակարևորն է, միշտ բարձրաձայնեք և խոսեք սխալների մասին»:

Եզրափակելով իր ելույթը` Պատրիկ Դերհամը նշեց իր համար կյանքի երեք կարևորագույն արժեք` ազնվությունը, համարձակությունն ու բարությունը:

Վարպետության դասից հետո հանդիպման ներկաներն իրենց հարցերն ուղղեցին անգլիական կրթական էլիտայի ներկայացուցչին և աշխարհում թիվ 1 դպրոցի տնօրենին: Ամենահետաքրքիր հարց տվողը Պատրիկ Դերհամից գիրք ստացավ:

Պարոն Դերհամը Երևան էր ժամանել «Այբ» դպրոցի հրավերով` ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ երկու դպրոցների միջև մեկ տարի առաջ սկսված համագործակցության շրջանակում։ Առաջատար Ուեստմինստերյան դպրոցի թիմը կատարում է «Այբ» դպրոցի բազմակողմանի արտաքին գնահատում, որի արդյունքում դպրոցին կտրվի ուղղորդում կրթական և կազմակերպչական գործընթացների բարելավման և հետագա զարգացման նպատակով։

Այս կրթական հիմնադրամի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30