Լրահոս
Օրվա լրահոսը

Մի օր էյֆորիան կավարտվի, և կսկսվի առօրյա կյանքը. «Իրատես»

Մայիս 05,2018 11:11 Share

Վերջին շրջանում հուզական ալիքը, որ բարձրացել է Հայաստանում, ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ, տարիների ընթացքում կուտակված դժգոհության պոռթկում էր։ «Ամեն ինչ ունի իր տրամաբանական ավարտը։ Այն վիրավորանքը, դժգոհությունը, ես չեմ վարանի ասել՝ ատելությունը, որ տարիների ընթացքում կուտակվել էին, միանգամից պոռթկացին։ Ես չեմ ցանկանում լրիվ սևացնել այն, ինչ արվել է վերջին 10 և ավելի տարիների ընթացքում, ինչ-որ դրական բաներ արվել են, բայց իշխանություններն այնքան ապաշնորհ են եղել կառավարման հարցերում, որ խզվել էր կապը ժողովրդի հետ, որ անդունդ էր գոյացել իշխանության ու ժողովրդի միջև։ Այդ անդունդի մեջ հավաքվել էր բացասական մի այնպիսի լիցք, որը եթե այսօր չպոռթկար, ապա ամեն պատեհ առիթով դուրս էր գալու»։

Ի՞նչը կարող է հայ մարդուն այսպես միահամուռ ոտքի հանել։ Կարինե Նալչաջյանը նշում է երկու կարևոր գործոն. նախ և առաջ՝ հայրենիքին սպառնացող վտանգը. «Որքան էլ մարդիկ իրենց առօրյա կյանքով, դժգոհություններով ապրում են, բայց հենց հայրենիքին վտանգ է սպառնում, հայությունը միանգամից ոտքի է կանգնում։ Վկա՝ 2016 թ. ապրիլը։ Եվ երկրորդը, որ կարող է հայ մարդուն հրապարակ դուրս բերել, արժանապատվությանը հասցված հարվածն է։ Այսօր մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, որովհետև իր խմբային արժանապատվությանը, հավաքական ես-ին հարված է հասցվել։ Ընդ որում, հայրենասիրությունը և արժանապատվությունը միմյանց հետ խորապես փոխկապակցված են։ Որպես մասնագետ կարող եմ ասել, որ հայրենասիրությունը արժանապատվության դրսևորումներից մեկն է։ Այնպես որ, մարդկանց այսօրվա հուզական վիճակը շատ հասկանալի է»։

Ըստ հոգեբանի՝ նախ մարդկանց ոտքի հանեց ատելությունը ժողովրդին անհաղորդ իշխանության հանդեպ. «Ատելությունը՝ որպես հույզ, ներքին բաղադրիչներ ունի, այն կոմպլեքսային է, ունի երեք տարր՝ զայրույթ, զզվանք, արհամարհանք։ Այս «խառնուրդը» մոտիվացիոն հզոր ներուժ ունի և չի կարող շատ երկար անթեղված մնալ մարդկանց ներաշխարհում։ Վերջին փոթորկահույզ օրերին մենք վկան էինք ատելության բռնկման՝ իր բոլոր բաղադրիչներով։ Բայց, բարեբախտաբար, ատելության պայթյունից ծնված հզոր էներգիան դրվեց խելամիտ ու կառուցողական հունի մեջ ու վերածվեց քաղաքացիական արթնացման։ Ատելության փոխարեն մարդկանց սկսեց առաջնորդել սեփական հայրենիքի տերը լինելու կառուցողական զգացումը։ Ես շատ բարձր եմ գնահատում այս արթնացումը։ Ինքս էլ հույսեր եմ կապում մարդկանց զարթոնքի, սեփական ուժերի վրա վստահ լինելու զգացողության հետ։ Ինչ վերաբերում է հասարակության ներկա հուզական վիճակին, հարկ է նշել, որ, որպես օրենք, նման հուզականությամբ հագեցած հոգեվիճակները, նույնիսկ եթե մենք դրանցով հիանում ենք, պարունակում են թաքնված վտանգներ։ Էյֆորիկ վիճակները կարճատև են։ Մի օր էյֆորիան կավարտվի, և կսկսվի առօրյա կյանքը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031