Մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ` այդպիսով բազմահազար հանրահավաքներով ստացած լեգիտիմությունը տարածելով Հայաստանի իշխանության վրա, մի բան, որ շատ էր պակասում Հայաստանում հենց ՀՀ հասարակ քաղաքացու տեսակետով` միայն նա գիտեր, թե ինչ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններին:
Ինչ է լինելու դրանից հետո:
Խոսքն, իհարկե, ինչ լինելու տեխնիկային չի վերաբերում, մեզ հետաքրքրում է բովանդակային հետագան:
Եթե Նիկոլին իսկապես ընտրեն վարչապետ, նրա ուսերին կընկնի ահռելի պատասխանատվություն` արդարացնելու այն տասնյակ հազարավոր մարդկանց վստահությունը, որոնք հավատացին նրան, եւ որոնց նա բազմապիսի խոստումներ էր տալիս արդար, օրինական, հավասար հնարավորությունների Հայաստան ստեղծելու մասին…Հնարավո՞ր է դա: Մեր կարծիքով` շատ, շատ դժվար է, բայց անհնարին չէ: Ընդհանրապես` այս տեսակ հեղափոխությունները միշտ չէ, որ արդյունքներ են գրանցում, բացի այդ` շատ երկար ժամանակ է պահանջվում արդյունքի համար: Լինում է նաեւ այնպես, որ հեղափոխություն անողները մնում են դրա անիվների տակ` պետության փլուզված ենթակառուցվածքները թույլ չեն տալիս ճիշտ օգտագործել հեղափոխական էներգիան, որն աստիճանաբար մարում է կամ նույնիսկ բումերանգի օրենքով վերածվում բացասական էներգիայի: Մեր դեպքում այն արագությունը, որով բազմահոծ հավաքները սրբեցին-տարան իշխանությանը, որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովի մեծամասնության ընտրած վարչապետին ստիպելով հրաժարական տալ, ու նոր վարչապետի թեկնածուի հարցը քննարկել (մեկ անգամ մերժվեց) խորհրդարանում, խոսում է այն մասին, որ հայերս կարողացանք փաստորեն խուսափել պետության փլուզումից, դեռ շանս ունենք խաղաղ փոխանցելու իշխանությունն ու հետագա ցնցումներ թույլ չտալու, իսկ միջազգային հանրությանն էլ կարճ ժամանակում անցնցում եւ ժողովրդավարական հեղափոխություն իրականացնելու վարպետության դաս ցուցադրեցինք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:


















































